Բուքմեյքերական ընկերության հարյուրավոր աշխատակիցներ այս պահին Բաղրամյան պողոտայում են: Նրանք փակել են պողոտան. երթեւեկությունը պողոտայում դադարեցվել է, ինչը վարորդների եւ ցույցի մասնակիցների միջեւ պարբերաբար բախումների առիթ է դառնում:
Տեղում ներկա չեն հասարակական կարգը պահպանող ոստիկաններ եւ միայն ավտոտեսուչներն են փորձում վարորդների հետ բախումները հարթել: Պողոտայի անանցելիությունը հարուցել է վարորդների դժգոհությունը: Նրանցից մեկն ասաց, որ հիվանդանոց է շտապում եւ արագ պետք է դեղ հասցնի հիվանդին՝ ցույց տալով ձեռքի դեղամիջոցները:
Կարդացեք նաև
Մի վարորդ էլ բացեց բեռնախցիկը եւ ասաց, որ առաքիչ է եւ 100 հազարների տորթ է տեղափոխում, որը արագ փչացող մթերք է եւ նույնիսկ 10 րոպեն կարող է ֆինանսական մեծ խնդիրներ առաջացնել, եթե դրանք արագ չհասցնի խանութ:
Նախքան պողոտան փակելը, բուքմեյքերների աշխատակիցները Դեմիրճյան պողոտայում էին՝ Ազգային ժողովի հետնամուտքի մոտ: Նրանք Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովից պահանջում են հետ կանչել իրենց որոշումները, վերանայել եւ իրենց հետ քննարկելուց հետո միայն շրջանառության մեջ դնել: Նրանք նաեւ նամակ են հղել վարչապետին, ինչպես որ Նիկոլ Փաշինյանն էր կառավարության առաջ ցույց անելու ժամանակ հանդիպել նրանց եւ առաջարկել:
Մոտ կես ժամ է, ինչ պողոտան փակ է, մեքենաները երկու կողմերից էլ հետ են դառնում, քանի որ ցուցարարները արգելում են երթեւեկությունը:
Կես ժամ անց դեպքի վայր ժամանեցին հասարակական կարգ պահպանող ոստիկանները:
Այս պահին բուքմեյքերների աշխատակիցները դիմում են Ազգային ժողովին եւ վարչապետին, հիշեցնելով, որ իրենք հարկեր են վճարում, ընտանիքներին կերակրում, եւ նախագիծն այդ տեսքով ներկայացնելու դեպքում 400-ից ավելի ընտանիքներ կհայտնվեն աղքատության շեմին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ