ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու հարցը: ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն միտված է ապահովելու կենսաթոշակ ստանալու իրավունքն այն դեպքերում, երբ թոշակառուն մեկնում է արտասահման կամ անկողնային հիվանդությամբ պայմանավորված՝ չի կարողանում տանից դուրս գալ եւ ներկայանալ համապատասխան մարմնին՝ կենսաթոշակ ստանալու համար:
«Տարիներ շարունակ աշխատած մարդիկ, որոնք հարկեր են վճարել, արտերկիր մեկնելով՝ զրկվում են կենսաթոշակից: Սա չի կարող արդարացի լինել: Իսկ երբ կենսաթոշակ ստանալու բանկային քարտի սպասարկման 12-ամսյա ժամկետը լրանում է, բանկից հրաժարվում են գալ եւ պառկած թոշակառուից ստորագրություն վերցնել՝ քարտի ժամկետը երկարացնելու համար: Կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմինն ինքը պետք է ժամանակ առ ժամանակ աշխատակցի ուղարկի՝ թոշակառուին տեսակցելու»,-փաստեց Սրբուհի Գրիգորյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Կարծես թե խմբակցությունների միջեւ այս հարցում համաձայնություն կա, բայց տեխնիկական հարցերի առնչությամբ խնդիր կա: Քանի որ բովանդակային խնդիր չենք տեսնում, հարցի քննարկումը կարելի է տեղափոխել հանձնաժողով: Այս նստաշրջանի օրակարգն առանց այդ էլ հագեցած է»: «Դեմ» քվեարկած պատգամավորների թիվն ավելի մեծ էր, իսկ դա նշանակում է, որ հարցի քննարկումը չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ