Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել. Տադեուշ Վոժնիակի

Մայիս 29,2019 10:28

Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել`ՌԴ, թե՞ Եվրոպա: Այս համոզմանն է Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար պատգամավոր Տադեուշ Վոժնիակին: Պատգամավորի հետ հայաստանցի լրագրողները հանդիպեցին Լեհաստանի Սեյմում (խորհրդարանի ստորին պալատ): Զրույցն ընթանում է Հայաստանի եվրոպական ապագայի հեռանկարների շուրջ:

Հիշեցնենք, հայաստանցի լրագրողները Վարշավայում են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով:

«Հասկանում ենք, որ Հայաստանը երկընտրանքի առաջ է կանգնած, բայց ընտրությունը մի օր անխուսափելի է լինելու»,- ասաց պատգամավորը: Նա, ամեն դեպքում, համոզված է, որ ցանկացած ընտրության դեպքում էլ իր երկրի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվի:

Հետաքրքրվեցինք`պատգամավորը հետեւե՞լ է հետհեղափոխական հայաստանյան զարգացումներին, ինքը տեսնո՞ւմ է Հայաստանի ռուսական արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության նախադրյալներ: Հիշեցնենք, որ Հայաստանի հետհեղափոխական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները քանիցս են հայտարարել, որ արտաքին քաղաքականության ուղղությունների փոփոխություններ չեն լինելու:

Տադեուշ Վոժնիակին ասաց, որ ինքը մեկնաբանություններ չի անի, քանի որ դրանք Հայաստանի ներքին խնդիրներն են եւ Հայաստանում պետք է որոշումները կայացվեն. «Հայաստանն ունի տարածքային ամբողջականության եւ խաղաղության ապահովման կարեւորագույն խնդիրներ եւ եթե գործընկերոջ հետ հաջողվի համաձայնության գալ եւ այդ խնդիրների ապահովման մասով երաշխիքներ ստանալ, որոշում կայացնելն այդքան էլ բարդ չի լինի: Ընտրության հնարավորություն միշտ կա. հարց է միայն`ո՞րն է լավ ընտրությունը: Նաեւ ցանկացած ընտրություն ունի իր հետեւանքները, որոնց համար պարտավոր ես պատասխանատվություն կրել»: Պատգամավորի կարծիքով, Քրիստոնեությունն առաջինն ընդունած պետությունը պետք է շարունակի նախընտրություն տալ ժողովրդավարական արժեքներին:

Ի դեպ, հունիսի 4-ին Լեհաստանում սպասում են Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամների այցին`ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Կարծում են, Հայաստանի երիտասարդ խորհրդարանականների հետ արդյունավետ աշխատանք կստացվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Լեհաստանի Սեյմն ունի 460 պատգամավոր, Սենատը`խորհրդարանի վերին պալատը, 100 սենատոր: Այս վարչական շենքները զբաղեցնում են 6 հա տարածք`ներառյալ նաեւ հյուրանոցը, որը նախատեսված է Վարշավայից դուրս գտնվող վարչական միավորների պատգամավորների եւ սենատորների ու նրանց ընտանիքների համար: Հյուրանոցը տրվում է անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Լեհերը սկսեցին իրենց դեմքը ցույց տալ,խառնել,քանդել,բնաջնջել եվ այլն:
    Մի ազգի «ԼԵՀ» որ ամբողջ Եվրոպան գիտի որպես սուտասան,խոսքի տերը չլինող, շողոքորտ եվ ալն:Ով ես դու, որ հայ ազգին ուղղություն ցույց տաս, այն էլ «Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել`ՌԴ, թե՞ Եվրոպա»
    -Իհարկե ՀՀ միշտ է լինելու ՌԴ հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031