Լեհ-ռուսական ոչ լավ հարաբերությունները, ուզենք թե`ոչ, խանգարում են Հայաստանի եւ Լեհաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս կարծիքին է Ներդրումների եւ առեւտրի լեհական գործակալության հայ-լեհական հարաբերությունների գծով խորհրդատու Պետրոս Թովմասյանը: Սակայն, նրա կարծիքով, Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած փոփոխությունները հույսեր ներշնչում են: Բանախոսը համաձայն է լրագրողների այն դիտարկումների հետ, որ խնդիրը բացառապես քաղաքական հարթությունում է:
Հայաստանցի լրագրողները Վարշավայում են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով:
Նախկինում Լեհաստանի դեսպանատներում կային բաժիններ, որոնք զբաղվում էին տվյալ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ: Այժմ այդ բաժինները կրճատվել են եւ տարբեր երկրներում գործում են ներդրումների եւ առեւտրի գործակալություններ: Նման գործակալություններ Լեհաստանն ունի 70 երկրներում, այդ թվում նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանում գործակալություն չկա, թբիլիսյան գրասենյակը սպասարկում է նաեւ Հայաստանին: Թե ինչո՞ւ, Պետրոս Թովմասյանն ասում է`շուկան փոքր է եւ փոքր շուկայում երրորդ գրասենյակն, իրենց պնդելով, կարեւոր չէ. «Ադրբեջանի շուկան Լեհաստանում կարեւոր է էներգետիկ ռեսուրսների առումով, Թբիլիսին էլ զուտ աշխարհագրական առումով է մոտ եւ վրացական շուկան ավելի զարգացած է`տնտեսական առումով»:
Պետրոս Թովմասյանի դիտարկմամբ, Հայաստանը Լեհաստանին հետաքրքիր է նաեւ իբրեւ ԵԱՏՄ անդամ պետություն եւ այժմ քննարկվում են այն ուղղությունները, որոնք հնարավոր է զարգացնել այդ ուղղությամբ: Բանախոսը հավաստիացնում է`Լեհաստանում այդ գիտակցումը կա, բայց դեռ ժամանակ է պետք: Բանախոսի կարծիքով, լեհական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի շինարարական ոլորտով, բժշկական սարքերի եւ սարքավորումների արտահանմամբ Հայաստան: Իսկ Լեհաստանում բավական հետաքրքրված են հայկական պատրաստի գյուղատնտեսական արտադրանքներով`հյութեր, պահածոներ, գինիներ: Ներդրումների եւ առեւտրի լեհական գործակալությունում փորձում են համագործակցություն սկսել նաեւ Հայաստանի գործատուների միության հետ: Բայց գործընթացները դեռ շատ դանդաղ են առաջ շարժվում:
Կարդացեք նաև
Ինչեւէ, Պետրոս Թովմասյանը գտնում է, որ հեղափոխությունից հետո, Հայաստանին ավելի լավ են վերաբերվում Եվրոպայում. Հայաստանի կողմից էլ ձգտում կա, իր համար, համենայնդեպս, տեսանելի է: Միայն նկատում է, որ հայկական ընկերությունները գոնե Լեհաստանում շատ քիչ են ներկայացված, օրինակ, Ադրբեջանն ու Վրաստանը շատ ակտիվ են այդ ուղղությամբ աշխատում եւ Հայաստանի համեմատությամբ 8-10 անգամ ավելի ներկայացվածություն ունեն Լեհաստանում: Մինչդեռ մեր զրուցակիցը համոզված է, որ Լեհաստանը հայերի համար շատ ավելի լավ շուկա կարող է լինել, քան Գերմանիան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ