Այն պահից, երբ 1993 թվականին դաշնակցական պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ կոչ արեց կախել այն ժամանակվա իշխանություններին, այն պահից, երբ 1994 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանին, Սիրադեղյանին եւ Արարքցյանին անվանեց «պոռնիկ», ես փորձում եմ բոլորին զգուշացնել՝ ատելության խոսքը պարզապես հնչյունների համակցություն չէ՝ դա օդում սավառնող կացին է, հեռանկարում երեւացող արյուն:
«Դրո» կառույցի իրականացրած հանցագործությունները, 1996-ին Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի վրա հարձակումը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումն ու ոստիկանների սպանությունը, բազմաթիվ այլ դեպքեր, անկախ նրանից, թե ով ում է դրանց համար մեղավոր համարում՝ այդ ամենը ծնվել են բառերից, անզգուշորեն արտասանած, թե միտումնավոր սադրող, «հանուն ազգի», թե էմոցիաների ազդեցության տակ արտասանած:
Մարդիկ դա չեն հասկանում, մարդկանց թվում է՝ «դե, լավ, ֆեյսբուքում մի երկու թունդ բառ գրեցի, հոգիս թեթեւացրի, դրանից միայն արդարությունը շահեց, ժողովրդի ձայնը տեղ հասավ»: Բայց իրականում դա այնքան էլ անմեղ զբաղմունք չի՝ այդ «մի երկու թունդ բառը» մթնոլորտային որոշակի շերտերում միանում է բազմաթիվ այլ «թունդ բառերի», որոնք որոշակի կրիտիկական զանգված հավաքելով, դառնում են կայծակ կամ (կամ, եթե դա ավելի հարմար համեմատություն է) կռան, որը խփում է մեր բոլորիս գլխին, պետության գլխին: Այնպես որ՝ երբ ես կոչ եմ անում զուսպ եւ չափավոր լինել, դա «լղոզված» կամ անսկզբունքային դիրքորոշման արտահայտություն չէ. դա ինքնապահպանման բնազդ դրսեւորելու կոչ է:
Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր լրագրող էր, իսկ այնուհետեւ քաղաքական գործիչ, առանձին զսպվածությամբ աչքի չէր ընկնում (ճիշտ է, բռնության կոչեր առանձնապես չէր հնչեցնում): Բայց մի բան է, երբ իրավիճակը սրող խոսքեր է արտասանում ընդդիմությունը, մեկ այլ բան, երբ դա անում են բարձրագույն իշխանության ներկայացուցիչները: «Դավաճանության» եւ «դավադրության» մեղադրանքներն այնքան լուրջ են, որ, կարծում եմ, սկզբից իրավապահ մարմինները պետք է այդ գործը բացահայտեն ու ուղարկեն դատարան, եւ հետո միայն պետության ղեկավարը դրան քաղաքական գնահատական տա: Մանավանդ, որ «կասկածյալների» շարքում են, կարծես թե, Արցախի ներկայիս իշխանությունները: Նման կասկածներ հայտնելուց հետո պետք չէ զարմանալ, որ ի հայտ կգան մարգինալ խմբեր, որոնք այդ ակնարկները կընկալեն որպես carte blanche` Արցախի ղեկավարներին վիրավորելու եւ սպառնալու:
Կարդացեք նաև
…«Ես գիտեմ բառերի ուժը, գիտեմ ահազանգը բառերի», – ավելի քան 100 տարի առաջ գրում էր ռուս բանաստեղծը: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան է այսօր բառերի ազդեցությունն ուժգնացել:
Արամ Աբրահամյան