Ըստ ԵՄ-ի՝ ՀՀ-ում հասարակության մեծ մասը դատարաններին չի վստահում
Արեւմտյան կառույցների, դիվանագետների կողմից ներհայաստանյան քաղաքական, իրավական դաշտի առնչությամբ արձագանքների առումով վերջին շաբաթները կարելի է խիստ ակտիվ համարել:
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին եւ ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այս հարցում, անցյալ շաբաթ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ըստ նրա՝ այդ բարեփոխումները Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են, քանի որ Հայաստանի քաղաքացիները չեն վստահում դատարաններին։ «Կարծում եմ, որ արդարադատության համակարգի խորը եւ համապարփակ բարեփոխումը կենսական նշանակություն ունի ձեր ապագայի համար: Անցած տարիներին ԵՄ-ն ֆինանսավորել է անկախ հետազոտություններ, որոնք ցույց են տվել՝ մեծ թվով հայաստանցիներ չեն վստահում իրենց դատարաններին: Այսօր հրապարակել ենք ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին զեկույցը, որտեղ, հղում կատարելով այլ ինստիտուտների, նշվում է՝ Հայաստանը այս առումով խնդիրներ ունի: Դուք բարեփոխումների կարիք ունեք հանրային վստահությունը վերականգնելու համար,-նշել էր դեսպանը՝ հավելելով,-այս բարեփոխումները պետք է կատարվեն սահմանադրությունը, Հայաստանի միջազգային՝ այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ մեր փոխադարձ հանձնառությունները հարգելով»:
Հիշեցնենք, որ Փաշինյանն անցյալ շաբաթ դատական համակարգի բարեփոխումներին նվիրված խորհրդակցությանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Նա այդ նպատակին հասնելու 5 քայլ ներկայացրեց, որոնց թվում՝ դատավորների վեթթինգը:
Կարդացեք նաև
Հաստատելով ԵՄ պաշտոնական տեսակետը՝ Սվիտալսկին ասել էր, որ պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել այդ բարեփոխումների իրականացման համար. «Այսօր կարող եմ հաստատել, որ ԵՄ-ն պաշտոնապես պատրաստ է աջակցել դատական համակարգի խորը եւ համապարփակ բարեփոխումներին՝ տրամադրելով տեխնիկական, ֆինանսական աջակցություն: Ես փակագծեր բացեմ՝ խոսքը առարկայական ֆինանսական աջակցության մասին է։ Վարչապետի երեկվա հայտարարությունը մենք ընկալում ենք որպես շատ ուժեղ հանձնառություն, մենք ոչինչ չենք պարտադրում, բայց Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ նրանք կարող են մեր օգնության վրա հույս դնել»: Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները չեն վստահում դատարաններին, նա, հղում անելով նույն զեկույցին, պատասխանեց. «Դատարաններին չվստահելու երկու հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան էր նախկինում եւ մյուսը` քաղաքական կախվածությունը»: ԵՄ դեսպանի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ արդարադատության բարեփոխումների քաղաքականության մշակման երկխոսություն են սկսել, եւ խրախուսում են կառավարությանը բարեփոխումների մշակումն իրականացնել՝ հիմնվելով քաղհասարակության, արդարադատության ինստիտուտների, իրավագետների, բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության վրա: ԵՄ դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի քաղաքացիներին իրենց կյանքն ավելի լավը դարձնելու գործում։
Այսպես, Սվիտալսկու մակարդակով ներկայացվեց ԵՄ դիրքորոշումը՝ այն է Հայաստանում արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: ԵՄ պաշտոնյան բաց ու հստակ արձանագրեց, որ Հայաստանում հասարակության մեծ մասը դատարաններին չի վստահում եւ այդ վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ, թեեւ շեշտեցին, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության եւ միջազգային պարտավորություններին համապատասխան:
ԵԽԽՎ կոչը՝ զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես նշում դատական համակարգի վրա
Քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա, անցյալ շաբաթ հայտարարեցին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան եւ Անդրեյ Շիրցելին՝ ի պատասխան Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի:
ԵԽԽՎ հաղորդագրության մեջ նշվում էր, որ այդ կոչը հաջորդել է Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը: «Չվիճարկելով այդ որոշման արժանիքները՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը օրենքի գերակայության անհրաժեշտ նախապայման է, եւ որ օրենքի գերակայությունը, հետեւաբար, ավելի լավ է ծառայում քաղաքական դերակատարների միջամտության բացակայության պայմաններում: Գոյություն ունեն հստակ իրավական գործընթացներ, ինչպիսիք են բողոքները բարձրագույն ատյաններ՝ վիճարկելու համար դատարանի այն որոշումները, որոնք հարցեր են առաջացնում: Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն գործընթացների հանդեպ, որոնք գոյություն ունեն պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նրանք: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ հանրության արձագանքը այս դատական որոշման նկատմամբ եւս մեկ անգամ ընդգծում է դատական համակարգի հանդեպ դեռեւս ցածր հանրային վստահությունը: Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, եւ մենք ողջունում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դատական համակարգում հեռուն գնացող բարեփոխումներ անելու մեծ ցանկությունը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասով»,- նշել էին համազեկուցողները:
Մայիսի 21-ին հրապարակվեց Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած դատարանների արգելափակման վերաբերյալ, որը կարելի է բավական կոշտ որակել:
«Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի, մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։ Մեր մտահոգությունն ենք հայտնում նաեւ պարտադիր եւ ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին։ Մենք հասկանում ենք, որ դատավորների քաղաքականացումը էական կարեւորություն ունեցող հարց է Հայաստանում, եւ մենք ապավինում ենք իշխանությունների կոմպետենտությանը, միջազգային գործընկերների աջակցությամբ ընդունելու եւ իրականացնելու կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներ, ինչի արդյունքում կերաշխավորվի դատական իշխանության թափանցիկությունն ու արդյունավետությունը՝ զերծ կողմնակի միջամտություններից եւ վերագտած հավաքը քաղաքացիների շրջանում, ինչը նախապայման է օրենքի իշխանության համար»,- արձանագրել էր Սաջադ Քարիմը: Ամփոփելով՝ նա հորդորել էր պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն եւ զսպվածություն՝ «ինչպես դա եղել է անցյալ տարի տեղի ունեցած «թավշյա հեղափոխության ողջ ընթացքում», եւ գործել բացառապես Սահմանադրության շրջանակում, հավատարիմ մնալ իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման պարզ եւ անվիճարկելի սկզբունքին։
ԵՄ-ն Հայաստանի բարեփոխման օրակարգի հիմնական գործընկերն է
Հայաստանում տեղի ունեցող զարգացումների եւ 2018թ. հունիսից 2019թ. մայիս ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ անցյալ շաբաթ ԵՄ-ն զեկույց հրապարակեց, որում շեշտվում էր, որ Հայաստանն ավելացրել է ԵՄ-ի հետ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, հետեւողականորեն ճանաչել է, որ ԵՄ-ն կարեւոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում: Զեկույցը հրապարակվեց ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի հունիսի 13-ի նիստին ընդառաջ:
Այդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում, ասվում էր ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին ԵՄ-ի հրապարակած զեկույցում: Արձանագրվեց նաեւ, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարեւոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար: «ԵՄ-ն եղել եւ կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած՝ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը միտված հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը: Հայաստանը կարեւոր գործընկեր է ԵՄ-ի համար, եւ մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին», – նշել էր ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը շեշտել էր. «ԵՄ-ն ու Հայաստանը ամուր գործընկերներ են, եւ մենք պատրաստ ենք աջակցել կոնկրետ բարեփոխումների իրականացմանը՝ մարդկանց համար էական, այդ թվում՝ արդարադատության եւ կրթության ոլորտներում: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ իրականացումն առաջարկում է նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար»:
ԵՄ զեկույցում հիշեցնում էին, որ ՀՀ կառավարությունը կարեւորել է դատական համակարգի անկախության, հաշվետվողականության եւ արդյունավետության անհրաժեշտությունը, եւ որ անցյալ տարվա սեպտեմբերին ԵՄ-ն ու Հայաստանը մեկնարկել են արդարադատության ոլորտի ԵՄ-Հայաստան ռազմավարական երկխոսություն: Զեկույցում նաեւ հիշեցնում էին, որ նախորդ տարվա ընթացքում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով՝ հասնելով ընդհանուր 1.1 միլիարդ եվրոյի. «Հայաստանն օգտվում է Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի հնարավորություններից, որը կայուն զարգացման եւ լավ կառավարման ապահովման համար նախատեսված հատուկ նախաձեռնություն է: 2017թ. ընթացքում Հայաստանից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի պահանջներին համապատասխանող ապրանքների ավելի քան 96 տոկոսի մուտքը Եվրամիություն կատարվել է զրո տոկոս տուրքով: Տրանս-եվրոպական տրանսպորտի (TEN-T) հիմնական ցանցի դեպի Հայաստան ընդլայնումն ավարտին է հասցվել 2018թ. նոյեմբերին: 2019թ. հունվարին հրապարակվել է Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագիրը՝ ընդգրկելով որպես գերակայություն նաեւ ավտոճանապարհային անվտանգությունը»:
Փաստաթղթում ամփոփում էին, որ ԵՄ-ն Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու բարեփոխման առանցքային գործընկերն է, եւ որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել ներգրավվածությունը Հայաստանում եւ ցուցաբերել աջակցություն քաղաքական երկխոսության, ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության միջոցով եւ աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացիների եւ ի նպաստ ԵՄ-Հայաստան համագործակցությանը:
Մայիսի 20-ին հայաստանյան դատական թեմայով քննարկումներին արձագանքեց նաեւ Վաշինգտոնը. ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր եւ իրավունքի գերակայության հաստատությունների ձեւավորում: Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից նշել էին. «Սա պահանջում է վճռականություն, զգոնություն եւ կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների՝ երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով»։
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
28.05.2019