Լրահոս
Օրվա լրահոսը

Զրպարտության համար իրավաբանը 20 դրամ է պահանջում

Մայիս 29,2019 13:30

Վիրավորանքի, պատվի, արժանապատվության, գործարար, մասնագիտական համբավի պաշտպանության հայցերի աճ կա

Վիրավորվում են լրատվամիջոցներից, բլոգերներից, քաղտեխնոլոգներից, պատգամավորներից, սոցցանցերի օգտատերերից, գյուղապետերից, տնօրեններից, գրագողերից, ակադեմիկոսներից, երաժիշտներից, ամենքից, ումից հնարավոր է վիրավորվել:

Մի քաղգործով հայցվորը վիրավորվել էր իր վստահորդից: Հայցվորը պատասխանողին մատուցել էր իրավաբանական ծառայություններ կորպորատիվ իրավունքի շրջանակներում: Հայցվորը պատշաճ եւ ժամանակին տրամադրել էր իր ծառայությունները, որի արդյունքում պատասխանողը ստացել է ակնկալվող արդյունքը: Սակայն պատասխանողը Հայաստանում, իքս-դեսպանատան աշխատակիցների ներկայությամբ զրպարտել եւ վիրավորել է հայցվորին՝ պնդելով, որ «հայցվորի մատուցած իրավաբանական ծառայությունների արդյունքում ինքն իր ակնկալածից քիչ շահաբաժին է ստացել», վիրավորել է հայցվորին, ասելով, որ նա «ոչ պրոֆեսիոնալ է եւ անաչառ չէ»: Իրավաբանը դատարանին խնդրել է պատասխանողից բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի եւ զրպարտության փոխհատուցման վճար, ինչպես նաեւ պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից վիրավորանքի համար: Հրապարակայնորեն, ասել է թե՝ դեսպանատան աշխատակիցների ներկայությա՞մբ: Մինչդեռ, գործում մեկի մասին է հիշատակվել՝ թարգմանչի: Հայցի նախապատրաստման ժամանակ հայցվորը հրաժարվել է նշյալ երկու արտահայտություններից, փոխհատուցում ստանալու պահանջից եւ խնդրել է զրպարտություն համարել միայն հետեւյալ արտահայտությունը. «բաժնեմասի առքուվաճառքի պայմանագիրը այլ փաստաթղթի անվան տակ, նախապես հակառակ կողմի հետ հանցավոր համաձայնության մեջ մտնելով, իրեն ստորագրել է տվել տվյալ ժամանակահատվածում՝ օգտվելով իր հայերեն լեզվին չտիրապետելու հանգամանքից» եւ դրա դիմաց փոխհատուցում վճարելուն պարտավորեցրել: Հայցվորի գնահատմամբ, տվյալ արտահատությունը զրպարտություն է՝ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի:

Պարզվել է՝ մեկ այլ հաղորդում էլ առկա է եղել իրավապահ մարմիններում այն մասին, որ հայցվորը եւ հակառակ կողմը հանցավոր համաձայնության են եկել վստահորդի դեմ:

Ըստ հայցվորի, իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորվել է, քանի որ զրպարտելով իրեն, վերջինիս դիտարկել է որպես հանցագործ, ոչ ազնիվ, անվստահելի իրավաբան:

Հայցի քննության ժամանակ հստակեցվել է, որ պատասխանողն այդ արտահայտությունը կատարել է իրավապահներին ուղղված հաղորդման մեջ, այսինքն, դրանք նախորդել են մինչդատական վարույթին: Հետեւաբար, սույն գործով կիրառելի չէ Քաղօրի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետը:

Այդ պատճառով հայցվորի ներկայացուցիչը խնդրել է պատասխանողից բռնագանձել 20 ՀՀ դրամ գումար՝ որպես զրպարտության փոխհատուցման վճար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից եւ դատական ծախսերը բաշխել ըստ բավարարված հայցապահանջի:

Օտարերկրացու առարկությամբ, որը պատասխանողն էր, բացակայում է զրպարտության առկայության համար պարտադիր 2-րդ պայմանը, այն է՝ «անձի վերաբերյալ փաստացի տվյալներ ներկայացնելու հրապարակայնության չափորոշիչը, քանի որ հանցագործության մասին հաղորդումը ինքը ներկայացրել է կոնկրետ իրավասու մարմնին, այսինքն, դրանք հասանելի են դարձվել եւ ուղղված են եղել միայն մեկ անձի՝ վարույթն իրականացնող մարմնին եւ իր հաղորդումն, անկախ այնտեղ առկա փաստական տվյալներով հայցվորի պատիվն ու արժանապատվությունը զրպարտության եւ վիրավորանքի միջոցով արատավորելու փաստից, ներկայացվել են ոչ հրապարակային՝ առանց երրորդ անձանց ներկայության»: Այսինքն՝ հանցագործության մասին հաղորդման հեղինակը տեղեկություններ հրապարակել ու ներկայացրել է բացառապես մեկ անձի կամ մարմնի, ինքը ցանկացել է ոչ թե հայցվորին հրապարակային զրպարտել ու վիրավորել, այդ մասին նաեւ երրորդ անձանց իրազեկ դարձնել, այլ «իր հաղորդումն իրավասու մարմիններին հասցնելու միջոցով նրանց կողմից լսվել, համապատասխան քննության եւ քրեաիրավական գնահատականի արժանանալ»:

Ասել է, թե իրացրել է գործող Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքները եւ իրավասու մարմինների մոտ հայցել է իրավունքի պաշտպանություն՝ հաղորդում է ներկայացրել իրավասու մարմիններին՝ ակնկալելով տվյալ հարցին լուծում տալու իրավասությամբ օժտված այդ մարմնից իր պահանջի քննություն, սակայն հընթացս իր հաղորդման մեջ տեղ են գտել այնպիսի փաստացի տվյալներ, որոնք այդ մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կատարված քննության եւ ստուգման արդյունքում իրենց հաստատումը չեն ստացել:

Ըստ իրավաբանի դեմ առարկող քաղաքացու. «Նման դեպքերում անձի խոսքի ազատության եւ իրավունքի պաշտպանության իրավունքի իրացումը սահմանափակելը որեւէ կերպ չի բխում միջազգային դատական պրակտիկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմիցս արձանագրած «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» եզրույթի պահանջներից, ինչը նշանակում է, որ նման դեպքերում անձի այդ բարձրագույն սահմանադրական իրավունքների իրացման նկատմամբ միջամտություն կիրառելը բնավ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չէ եւ դա կարող է այդ իրավունքների ազատ իրականացմանը լուրջ խոչընդոտ հանդիսանալ, ինչի հետեւանքով կարող է առաջանալ այդ իրավունքների ազատության սահմանափակման վտանգ, այդ իրավունքները կարող են ավելի քիչ իրացվել եւ կորցնել իրենց հանրային նշանակությունը եւ կարեւորությունը»:

Պատասխանող օտարերկրացին էլ խնդրել էր հայցապահանջը մերժել, քանի որ գործի շրջանակներում առկա չէ զրպարտություն:

Մայիսի 31-ին կհրապարակվի դատարանի որոշումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031