Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայտնաբերել էի գրագետ ու խորամանկ գործող հանցախումբ»

Մայիս 29,2019 13:00

Նախկինում դատապարտվածը դիմել է ԱԱԾ պետին

2010թ. ապրիլի 10-ից մինչեւ 2019թ. փետրվարի 27-ը, դատապարտվելով շինծու մեղադրանքներով, եղել եմ կալանավայրերում:

Անցյալ տարվա փետրվարի կեսերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դուք հայտնել էիք, որ աշխատանքի ընդունման ժամանակ Ֆելիքս Ցոլակյանը Ձեզ խորհուրդ է տվել, ասելով. «Թուղթը, որի տակ ստորագրում ես, ուղղակի թուղթ չէ, այլ մարդու ճակատագիր»: Դուք նաեւ ասել էիք, որ «գլխին գործ սարքելը սրիկայություն է»: Կաշառքը պատվից վեր դասելով, հանցավոր համաձայնության գալով ու իրական կատարողներին հովանավորելով ու առ այսօր սատարելով, իմ գլխին գործ են սարքել՝ իրավահամակարգի մի խումբ պատասխանատու պաշտոնատար սրիկա անձինք: 2007թ. աշնանը հայտնաբերել էի գրագետ ու խորամանկ գործող հանցախումբ, ովքեր խաբեությամբ ու տարբեր կազմակերպություններից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ էին գայթակղությամբ վերցրել ու պարտավորվել էին ամեն ամիս բարձր տոկոսագումարներ վճարելով եկամուտ ապահովել, բայց…

Կուտակված պարտքագումարները մարելու համար դիմում են ամենաստոր ու անմարդկային քայլերի, փաստաթղթային կեղծիքների:

2008թ. ապրիլից հարուցված քրեական գործի շրջանակներում հանդես եմ եկել որպես վկա, նաեւ տուժող էի, քանի որ հանցախմբի ղեկավար Վոլոդյա Վարդանյանն անձամբ ինձնից ու իմ տնօրինած «Խաչվառ» ու «Եվրոսըփորթ» ՍՊԸ-ների հաշվեհամարներից իր որդիների ու բաժնետեր ընկերների հետ փաստաթղթային բազմաթիվ կեղծիքներով առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ էր հափշտակել, որոնց վերաբերյալ հաղորդում էի ներկայացրել իրավապահ մարմիններին, որոնք էլ միտումնավոր քննության առարկա չդարձան, իսկ դատարաններում հանցախմբի կողմից կեղծված փաստաթղթերով ուրիշների գումարներին տիրանալու նպատակով երեք քաղհայցերի համար պայքարում էի հանուն արդարության, չգիտակցելով, որ գերհզոր միակ ուժը կաշառքն է, այլ ոչ թե օրենքն ու օրինականությունը: Ի դեպ, «Խաչվառ» ՍՊԸ-ն, որի տնօրենն եմ ես, արտադրել է բազմահարկ շենքերի անվտանգությունն ապահովող սեյսմակայուն բարձիկներ:

2009-ին մի քանի անգամ հանդիպեցի Արաբկիր համայնքի նորանշանակ դատախազ Գրիշա Միքայելյանի հետ: Նրան էի ներկայացրել կատարողների ով լինելը, կատարելու դրդապատճառները եւ շտապ կանխելու անհրաժեշտությունը:

Դրանից հետո դիմում-հաղորդում ներկայացրեցի Գրիշա Միքայելյանին, կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: 2010թ. ապրիլի 5-ին վերջին անգամ հանդիպեցի դատախազին, հրաժարվելով նրա հետ հանցավոր համաձայնության գալ, 60 միլիոն դրամ կաշառք տալ, եւ լուրջ վիճաբանելով՝ դուրս եկեա նրա մոտից:

Չանցած հինգ օր, խաբեությամբ կանչվեցի Արաբկիր ոստիկանության քննչական բաժին, ձերբակալվեցի, եւ ներհամակարգային մանիպուլյացիաների շնորհիվ վկա-տուժողի կարգավիճակից վերածվեցի մեղադրյալի, առաջադրվեց շինծու մեղադրանք: Տասնմեկ տարի դեռ չի բացահայտված գործը:

Բազմիցս «Առավոտում», այլ լրատվամիջոցներով հանդես եմ եկել «բաց նամակներով», նամակներ ուղարկել ուժային կառույցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսքանով հանդերձ, հզոր հովանավորչության շնորհիվ դատական վեճերը լուծվել են հօգուտ հանցագործների:

2019թ. փետրվարի 27-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, նախագահող դատավոր Տիգրան Սահակյան, որոշեց պայմանական վաղաժամկետ ազատել պատժի հետագա կրումից՝ բավարարելով իմ շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի բերած բողոքը:

Դիմելով անձամբ ձեզ, պարոն Վանեցյան, խնդրում եմ ընդունել ինձ, որպեսզի ներկայացնեմ անհերքելի ապացույցներ, փաստաթղթեր, որոնք միտումնավոր անտեսվել են, եւ հստակ ապացուցելու են հարուցված քրեական գործի շինծու լինելը, իմ անմեղությունը: Ցավալի կլինի, որ նոր Հայաստանում շարունակվի հնի արատավոր սովորույթները:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

նախկինում դատապարտված

-Վերջերս սահմանադրագետ Վարդան Այվազյանը հիմնադրել է «Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպությունը, որին նույնպես Ա.Հակոբյանը դիմել է, ակնկալելով, որպեսզի կազմակերպությունն աջակցի իրեն վերաբացելու իր վերաբերալ քրեական գործը:

«Առավոտ» օրաթերթ,

28.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031