Խափանման միջոցը փոխելուց հետո Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ երեւացել է հանրությանը: Նա այսօր «Կոնգրես» հյուրանոցում հանդիպել է իր համակիրների, քաղակտիվիստների հետ:
«Հարգելի, սիրելի աջակիցներ, հայրենակիցներ: Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են եւ սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը: Սխալվել եմ: Նաեւ ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձությունները՝ հնարավոր եւ անհնարին, եւս անցյալում են: Եվս սխալվել եմ: Գիտե՞ք, բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից: Եվ ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել: Ճիշտ հակառակը՝ մի շատ լուրջ ու նոր շարժառիթ է ձեւավորում՝ առաջ շարժվելու, պայքարելու: Եւ ես ուրախ եմ, տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու: Կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որոնց հետ առաջ շարժվելու եւ նոր հաղթանակներ ունենալու պարտադիր մի ճանապարհ է լինելու: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլորիդ աջակցության համար:
Անկեղծ ասեմ՝ մեկ տարի առաջ չէի մտածում, թե այսքան անելիքներ առջեւում կան: Ձեզ՝ բոլորիդ, ցանկանում եմ առողջություն, կամք: Եվ պայքարելու ենք միասին: Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ սա ասել այս հիանալի տոնական օրը՝ Առաջին Հանրապետության օրը: Ի դեպ, գրեթե պատահական ստացվեց, որ այս հանդիպումը կայանում է այս օրը, բայց սա եւս ունի իր մեջ շատ լավ, հետաքրքիր խորհուրդ: Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ