Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Արեւշատյան. «Բարին գործելու» և դրա համար «շնորհակալություն» հայտնելու մշակույթը սկսվել է Ձեր ի հայտ գալուց շատ ավելի վաղ, տիկին Հակոբյան

Մայիս 28,2019 21:52

Ես ոչ կողմ եմ «կարմիրներին», ոչ էլ՝ «սպիտակներին», ես կողմ եմ ճշմարտությանը՝ սոցիալական և բարոյական։ Հաճախ եմ ուզում լռել ու չասել ոչինչ, բայց լինում են իրավիճակներ, որոնք խախտում են իմ ներքին հանգստությունն ու սկսում են կրծել։

Այսպես՝ երեկ Aravot.am կայքում կարդացի մի հոդված, որը վերաբերում էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված ասուլիսում Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, ըստ որի ասվում էր, թե նախկինում Ռիտա Սարգսյանի բարեգործական հիմնադրամին (խոսքը «Նվիրիր կյանք» հիմնադրամի և «Արագիլ» ծրագրի մասին է) նվիրատվություն անելը եղել է մենաշնորհ, ոչ բոլորն են իրավունք ունեցել նման նվիրատվություններ անել:

«Մենք առաջին իսկ օրվանից ասել ենք՝ չունենք նման բարդույթ, ոչ նախկին, ներկա, ոչ ապագա մարդկանց հետ կապված: Մենք մեր հիմնադրամով նոր մշակույթ ենք ուզում բերել, որ ՀՀ-ում դեռ չի եղել: Մենք չենք քաղաքականացնում բարեգործությունը, դա մեզ հետ կապ չունի»,-ընդգծել էր Աննա Հակոբյանը։

Ինձ՝ որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի, այդ «բացահայտումը» վրդովվեցրել է։ Նախ՝ չափազանց անարդար է հրապարակայնորեն խոսել կեղծ բաների մասին։ Տիկին Հակոբյանը ընդամենը կարող էր մուտք գործել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կայք և հաշվետվությունների բաժնում տեսնել այն մարդկանց անունները, ովքեր տարիներ շարունակ 500-ական, 1000-ական, 2000 –ական դրամների համեստ ներդրումն են ունեցել․ նրանք եղել են և՛ քաղաքային դպրոցներում սովորող երեխաներ և՛ թոշակառուներ և՛ շարքային քաղաքացիներ, ովքեր հիմնադրամի վերաբերյալ յուրաքանչյուր հեռուստահաղորդման, կամ որևէ բարեգործական համերգից հետո՝ հաճույքով, առանց բարու մենաշնորհի, հանգիստ և խոնարհաբար իրենց գործն էին անում։

Մենք մի քանի անգամ բարեգործական աճուրդ ենք անցկացրել, որոնցում անվարձահատույց իրենց աշխատանքներն են ներկայացրել երևանցի նկարիչները։ Յուրաքանչյուրին, ով իր լուման էր ներդնում այդ գործին, հիմնադրամը հայտնում էր «շնորհակալություն»՝ «Հիմնադրամի ընկեր» հատուկ կրծքանշանի, կամ՝ շնորհակալական նամակների տեսքով։

Այնպես որ, «բարին գործելու» և դրա համար «շնորհակալություն» հայտնելու մշակույթը սկսվել է Ձեր ի հայտ գալուց շատ ավելի վաղ, տիկին Հակոբյան։ Ձեզանով բարեգործություն ա՛յլ մշակույթ է ներմուծվում․ Ձեզ հիմա չի «հետաքրքրում այդ գումարների ծագումը, կամ ինչպես են բարերարները դրանք ձեռք բերել, կամ ինչ բնույթ ունեն դրանք»: Այլ կերպ ասած՝ վերադարձրեք թալանվածը աշխատավոր ձեռքեր (ոչ թե բյուջե), և դրանք կծառայեն բարի նպատակների։ Ես չեմ ուզում քննադատել Ձեր որոշումը, սակայն, որպես մարդ, որն ի շահ Հիմնադրամի աշխատում է արդար, խստիվ պահանջում եմ առավելագույնս զուսպ լինել հարցազրույցներում և չնետել արտահայտություններ, որոնք ոչնչացնում և վիրավորում են այն մարդկանց աշխատանքը, ովքեր փրկել են շուրջ 450 երեխայի կյանք:

Ստորև ներկայացված են հաշվետվությունները և ոչ մենաշնորհային դրամական նվիրատվությունները։

Շուշան ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Լուսանկարը՝ Օլգա ՏՐԵՏՅԱԿՈՎԱՅԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031