Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոլոգիապես մաքուր և գրեթե անվճար. ԵՄ-ի շնորհիվ հայկական համայնքները անցնում են կենսագազի

Մայիս 28,2019 20:25

Բնական գազը ոչ միշտ է հասանելի Հայաստանի որոշ հատվածներում՝ երկրի լեռնային դիրքի և նավթի ու գազի պաշարների բացակայության պատճառով: Ինչևէ, երբեմն երբ նույնիսկ գազը հասանելի է, մարդիկ չեն ցանկանում իրենց տները գազիֆիկացնել, պարզապես այն պատճառով, որ իրենք չեն կարող վճարել ծառայությունների դիմաց: Փոխարենը՝ նրանք փորձում են գտնել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, որոնք ավելի հասանելի և մատչելի են:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում այլընտրանքային էներգիայի օգտագործմանը: Եվ նա օգնել է Գեղարքունիքի մարզում երկու համայնքների՝ Գեղամասարին և Արեգունիին՝ ստեղծել ջերմոցներ և տեղադրել ջեռուցման համակարգեր, որոնք օգտագործում են գոմաղբից ստացված կենսագազ: Սա օգնում է համայնքներին շահույթ ստանալ և իրենց համայնքներում աշխատատեղեր ստեղծել:

«Գեղարքունիք և Սյունիք մարզերի գյուղական տնտեսությունների հաջող փոխակերպումը հնարավոր է դարձել նոր տեխնոլոգիաների և հմտությունների կիրառման և վերականգնվող էներգիայի (կենսագազ և արևային էներգիա) օգտագործման շնորհիվ: Նոր աշխատատեղեր և ավելի բարձր եկամուտներ տրամադրվում են «Շեն» հ/կ-ի կողմից իրականացվող ԵՄ նախագծի կողմից»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության Էներգետիկ ոլորտի համակարգող Անդրեա Բագիոլին:

 

Էկոլոգիապես մաքուր ջեռուցման ձնագնդի էֆեկտը

Գեղամասարը գտնվում է մայրաքաղաք Երևանից 150 կմ հեռավորության վրա: Չնայած այն հանգամանքին, որ բնական գազը հասանելի է հարևան համայնքներում, Գեղամասարի բնակիչները իրենց չեն կարող թույլ տալ միանալ գազի ցանցին: Գեղամասարի բնակիչները հիմնականում իրենց օրվա հացն են վաստակում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Եվ վերջերս ԵՄ-ի աջակցությամբ Գեղամասարի բնակիչները ստեղծել են Գեղարքունիքի մարզի ամենամեծ ջերմոցներից մեկը: Այն կազմում է 1,200 քմ և ջեռուցվում է կենսագազով, որը ստացվում է կայուն աղբյուրից՝ գոմաղբից, որին մինչև այժմ այդքան մեծ նշանակություն չէին տալիս:

Ամեն ինչ սկսվեց 2017 թվականից, երբ հիմնադրվեց «Գեղամասար» կոոպերատիվը: «Շեն» հ/կ-ի օգնությամբ նրանք աջակցություն ստացան Եվրամիությունից՝ ստեղծելու համար ջերմոց և արտադրելու բիոգազ, որը նրանք կօգտագործեն ցուրտ ամիսներին՝ ջերմոցը տաքացնելու նպատակով: Հիմնական նպատակն է աճեցնել օրգանիկ բանջարեղեն՝ հայ սպառողի համար:

Ինչևէ, դա հեշտ չէր: Փորձնական շրջանում նրանք տեխնիկական խնդիրներ են ունեցել, ինչը իրենց խոսքերով՝ կոոպերատիվի անդամների միասնության պատճառ դարձավ: Նրանք ջերմոցում աշխատում էին իրենց աշխատանքային ժամերից հետո: Երբեմն էլ նրանք գիշերում էին այնտեղ՝ վստահ լինելու համար, որ տեխնիկական խնդիրը լուծվել է: Ըստ կոոպերատիվի անդամների, նախագիծը միավորել է նրանց և դարձրել է մեկ ընտանիք:

«Կենսագազի արտադրությունը և օգտագործումը նորարարություն էր մեզ համար, մի բան, որի մասին մենք չէինք լսել: Հիմա մարդիկ աստիճանաբար սովորում են դրան, նրանք հասկանում են, որ կարող են էներգիա ստանալ կենդանական թափոններից և գիտակցում են էկոլոգիապես մաքուր ջեռուցման կարևորությունը»,- ասում է «Գեղամասար» կոոպերատիվի նախագահ Գագիկ Աբրահամյանը:

Նա հավելում է, որ Գեղամասարի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, և գոմաղբից ստացվող կենսագազը բնական և էժան լուծում էր համայնքի համար. «Կենսագազը օգնում է մեզ գումար խնայել և ներդնել հետագա զարգացման մեջ: Կոոպերատիվը նպատակ ունի ապահովել համայնքի 23 բնակիչներին կայուն աշխատանքով»:

Կենսագազը, երբ ջեռուցման համար չի օգտագործվում, կարող է նաև օգտագործվել էլեկտրաէներգիայի արտադրության համար, և «Գեղամասար» կոոպերատիվը ծրագրում է վաճառել էլեկտրաէներգիան էլեկտրացանցերին և հավելյալ եկամուտ ստանալ՝ կոոպերատիվը զարգացնելու համար:

«Գեղամասար» կոոպերատիվի անդամ Կարեն Աբրահամյանը հավատացած է, որ կենսագազը ունի միայն առավելություններ և իրենց առաջ բազում հնարավորություններ է բացում. «Այս նախագծի օգնությամբ մենք մի կրակոցով երկու նապաստակ ենք սպանում. մենք արտադրում ենք օրգանիկ բանջարեղեն, և շրջակա միջավայրը չենք վնասում: Հավելյալ ծախսեր չկան և այն էկոլոգիապես մաքուր է. սա Գեղամասարի նման համայնքների համար լավագույն տարբերակն է»:

Կոոպերատիվը հիմնականում մշակում է լոլիկ, վարունգ և բողկ: Բույսերը ոռոգում են կաթիլային եղանակով, որը ամենաէֆեկտիվ և էկոլոգիապես մաքուր տարբերակներից մեկն է, քանի որ այն քիչ ժամանակ է խլում, տալիս է ավելի լավ արդյունք և ստեղծում է ավելի լավ պայմաններ բույսերի համար: Կոոպերատիվը ծրագրում է տարեկան մինչև 1 տոննա բանջարեղեն արտադրել և մոտ ապագայում մեծացնել այդ թիվը:

Բանջարեղենը պատրաստվում են վաճառել Հայաստանում, և ստացված եկամուտով վճարել աշխատողների աշխատավարձերը: Շահույթը կներդրվի կոոպերատիվի հետագա զարգացման մեջ: Գագիկ Աբրահամյանն ասում է, որ իրենց նպատակներից մեկն է ապագայում բեռնատար մեքենա գնել՝ բանջարեղենը տեղափոխելու համար:

Գեղամասարի բնակիչ Արմինե Բոյախչյանը հենց առաջին օրից աշխատում է ջերմոցում: Նրա խոսքերով՝ ջերմոցի հիմնադրումով Գեղամասարի կյանքն ավելի ակտիվ է դարձել. համայնքի բնակիչները հետաքրքրված են նորարարությամբ և ցանկանում են օգնել: «Մարդիկ շատ ոգևորված են, որ համայնքում նոր աշխատատեղեր են ստեղծվելու: Կոոպերատիվը հույսեր է արթնացնում: Նրանք հույս ունեն, եթե ամեն ինչ լավ լինի, իրենք կարող են մնալ և աշխատել այստեղ՝ իրենց տանը և ստիպված չեն լինի լքել երկիրը: Մենք, մեր հերթին, անում ենք ամենը՝ որակյալ օրգանական արտադրանք ստանալու համար: Ստացված արդյունքն արդեն ոգեշնչում է մեզ ավելի լավ աշխատել և ոգեշնչել մյուսներին անել նույնը»:

Բացի ջերմոցից, ԵՄ-ն աջակցել է նաև համայնքին ստեղծել խորքային հոր. «Այս մասով կոոպերատիվը և Գեղամասարի բնակիչները շահավետ համագործակցում են, քանի որ դա նրանց հնարավորություն է տալիս օգտագործել հորը՝ անջրդի հողերից անցնել ջրվող հողերի և մշակել այլ մշակաբույսեր, քան գարին և ցորենը, որոնք իրենց ավելի շատ եկամուտ կբերեն»,- ասում է Գագիկ Աբրահամյանը:

«Գեղամասար» կոոպերատիվի օրինակը ոչ միայն ոգեշնչում է Գեղամասարի բնակիչներին, այլ նաև հարևան համայնքներին: Գագիկ Աբրահամյանը բացատրում է, որ հարևան համայնքների բնակիչները լսել են նախագծի մասին և այցելել են Գեղամասար՝ ծանոթանալու ջերմոցին և կենսագազի արտադրությանը: Հիմա նրանք ցանկանում են նմանատիպ տեխնոլոգիաներ ներդնել իրենց համայնքներում ևս: «Սա ձնագնդի էֆեկտ ունեցավ: Ամեն ինչ սկսվեց գաղափարից: ԵՄ-ն գնահատեց մեր նախագիծը և հիմա ավելի ու ավելի մարդիկ են հետաքրքրված համակարգով: Մեր փորձով մենք ցույց տվեցինք, որ անհնարին ոչինչ չկա. լավ աշխատելը, լավ թիմը և աջակցող գործընկերը կարող են օգնել հասնել անհնարինին»:

 

Իրականություն դարձած երազանքը

Գեղամասարից 10 րոպե հեռավորության վրա գտնվում է Արեգունին՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզի երկրորդ համայնքը, որը սկսել է օգտագործել էկոլոգիապես մաքուր կենսագազ: Համայնքի երիտասարդները հիմնել են «Արեգունի» կոոպերատիվը՝ արտագաղթը կանխելու և բնակիչներին օգնելու նպատակով, որ վերջիններս հասկանան, որ միասին կարող են հասնել ավելիին: ԵՄ-ն օգնեց Արեգունիին ստեղծել ջերմոց և կենսագազի արտադրություն՝ այն ջեռուցելու համար: Այժմ կոոպերատիվն ունի յոթ աշխատակից և ցանկանում է այդ թիվը հասցնել 26-ի:

«Եթե համայնքում լինեն աշխատատեղեր, արտագաղթը կնվազի: Մեր աշխատանքով մենք նպատակ ունենք հնարավորինս շատ մարդկանց օգնել մնալ գյուղում»,- ասում է Հայկ Վարդանյանը՝ «Արեգունի» կոոպերատիվի նախագահը:

Ըստ Հայկի, ջերմոցը երկու շաբաթ ջեռուցելու համար, իրենց անհրաժեշտ էր 25 000 դրամի փայտ: Անցնելով կենսագազի՝ ջեռուցումը գրեթե անվճար է, քանի որ նրանք օգտագործում են գոմաղբ՝ կենսագազի արտադրության համար: Ինչը անհամեմատելիորեն թեթևացնում է ֆինանսական բեռը և հնարավորություն է ընձեռում ստեղծել ավելի շատ աշխատատեղեր. «Կենսագազը ավելի մատչելի է, քանի որ գոմաղբը գյուղում շատ է, իսկ մենք գոմաղբից կարող ենք ստանալ գազ: Կոպիտ ասած, գրեթե անվճար է մեզ համար: Շատ կարևոր է, որ սովորական ֆերմերը իրեն կարող է թույլ տալ օգտագործել կենսագազ»:

Արեգունին ունի վայրի բույսերի հարուստ տեսականի, և կոոպերատիվը որոշել է տեղադրել նաև չորանոց՝ մրգերի և բույսերի համար: Սա համայնքի բնակիչներին հնարավորություն կտա վաճառել իրենց հավաքած վայրի հատապտուղները և բույսերը: Կոոպերատիվը այն դեռ չի օգտագործել, բայց նրանք նախատեսում են չորացնել բերքը և ստանալ հավելյալ եկամուտ:

Գոհար Մովսիսյանը Արեգունիի բնակիչ է: Նա նպաստել է ջերմոցի զարգացմանը: Նա արդեն մշակել է 300 կգ լոբի, ինչը իր խոսքերով՝ լավ որակի է: Նրանք ծրագրում են հասցնել այդ թիվը 1 տոննայի: «Արեգունիի բնակիչները ջեռուցման շատ տարբերակներ չունեն. երբեմն նրանց համար դժվար է ջեռուցել իրենց տները: Սովորաբար նրանք չորացնում են գոմաղբը և վառում՝ որպեսզի կարողանան ջեռուցել իրենց տները և ձմեռը մի կերպ անցկացնեն: Կենսագազը շատ ավելի հեշտ է օգտագործման համար, ավելի մատչելի է և շատ ավելի արդյունավետ է».- ասում է Գոհարը, հավելելով, որ համայնքի համար այսպիսի ջերմոց ունենալը երազանքի իրականացում էր, քանի որ բնական գազի և ֆինանսական միջոցների բացակայությունը անհնարին էր դարձրել դրա մասին նույնիսկ մտածելը: Որոշ բնակիչներ նույնիսկ լքել են համայնքը և նույնիսկ երկիրը, քանի որ նրանք չէին պատկերացնում, որ կարող են Արեգունիում աշխատաք գտնել: «Եթե մենք համեմատում ենք իրավիճակը նախկինում և հիմա, այժմ շատ ավելի լավ է: Մենք ունենք աշխատանք, և նրանք, ովքեր չունեն, կարող են իրենց արտադրանքը վաճառել կոոպերատիվին և եկամուտ ստանալ: Մեր երազանքը իրականություն դարձավ, մարդիկ հույս ունեն, որ կարող են աշխատել իրենց հարազատ գյուղում»:

ԵՄ-ի աջակցությամբ Գեղամասար և Արեգունի համայնքները դարձել են Գեղարքունիք մարզի պիոներները: Կոոպերատիվները փորձում են բարելավել համայնքի բնակիչների ամենօրյա կյանքը, կանխել արտագաղթը և ստեղծել իրենց համայնքների լավ կերպար, և միևնույն ժամանակ չեն վնասում շրջակա միջավայրին և ոգեշնչում են մարդկանց անցնել էկոլոգիապես մաքուր ապրելակերպին: Ամեն դեպքում, կոոպերատիվները իրենց չեն սահմանափակել այսքանով. նրանք նաև «տարածում են խոսքը» և օգնում են այլ համայնքներին միանալ էկոլոգիապես մաքուր և հասանելի նորարարությանը:

Հեղինակ՝ Ամի Չիչակյան

Այս հոդվածը մշակվել է Եվրամիության աջակցությամբ EU4Energy նախաձեռնության շրջանակներում։ Բովանդակության պատասխանատվությունը միայն հեղինակն է կրում, և այն ոչ մի դեպքում չի կարող արտացոլել Եվրամիության տեսակետները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031