Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեթինգ չի նշանակում միայն փողերը հաշվել, ասել՝ շատ փող ունի, պիտի հանենք գործից»․ փաստաբան

Մայիս 28,2019 20:45

Aravot.am-ը գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե վեթինգի ենթարկելով դատավորներին՝ հնարավոր կլինի՞ լիարժեք բացահայտել նրանց կապերը, ունեցվածքի մասին տեղեկատվությունը, թե այս դեպքում ևս կփնտրեն տարբեր միջոցներ՝ իրականությունը թաքցնելու, ասենք ունեցվածքը, սովորույթի համաձայն, կհայտարարագրեն հարազատների կամ ծանոթների անուններով։

Մեր զրուցակիցն ասաց․ «Թաքցնելու վտանգը ցանկացած պարագայում միշտ կա, բայց եթե Սովետական Միության ժամանակաշրջանի նման մարդիկ պիտի ունենան ու չկարողանան վայելել, վախենան շատ շքեղ մեքենա վարելուց կամ շատ շքեղ տուն ունենալուց, եթե պիտի ունենան ուրիշի անունով ու չապրեն, չունենալու հաշիվ է։

Ճիշտ է՝ հարյուր տոկոսանոց մեխանիզմ այս դեպքում հնարավոր չէ գտնել , բայց պիտի վեթինգի հստակ մեխանիզմներ մշակվեն։ Այստեղ խոսքը, բնականաբար, ոչ միայն գույքի մասին է, այլ կոռուպցիոն սխեմաների․ ինչ կապերի է շնորհիվ է դարձել դատավոր, ինչ վճիռներ ունի կայացրած։ Վեթինգ չի նշանակում միայն փողերը հաշվել, ասել մարդը շատ փող ունի, ուրեմն դատավորին պիտի հանենք գործից, առաջինը մասնագիտական կոմպետենտությունն է։ Դատավորներ կան, որոնք մինչև օրս համակարգչից օգտվել չգիտեն, էդ դատավորը ինչպես կարող է կոմպետենտ լինել այս ժամանակաշրջանում, երբ օրական մի օրենք փոխվում է։ Ուղղակի հին սովորությամբ աշխատում է մինչև օրս, դատավորներ կան, որոնք նույն փաստական հանգամանքներում երկու տարբեր վճիռ են կայացրել՝ ելնելով տիրող իրավիճակից։ Նրանց հանգիստ կարող են հարց տալ՝ նույն փաստական հանգամանքներում ինչպե՞ս կարող ես տարբեր վճիռներ կայացնել, այստեղ կարո՞ղ է լինել կոռուպցիոն ռիսկ, միանշանակ կարող է լինել։

Այսինքն վեթինգի ենթարկելու միակ իմաստ գույքային դրությունը պարզելը չէ, կարող է շատ հարուստ մարդ է, ուզում է դատավոր դառնալ, հո չե՞ս կարող սահմանափակել հարուստ մարդկանց դատավոր դառնալու։ Բայց կարևոր է , որ այդ մարդը լինի արդար, նվիրված լինի աշխատանքին, մասնագիտական բարձր որակ ունենա»,- ասում է փաստաբանը։

Ըստ մեր զրուցակցի, վեթինգն այս պայմաններում պարտադիր է և ոչ միայն դատական համակարգում, այլ բոլոր պետական համակարգերում՝ ոստիկանությունում, դատախազությունում, քննչականում, հարկայինում․․․

«Վեթինգի պետք է ենթարկվեն բոլորը, օրինակ՝ կան դատավորներ, որոնք անչառ աշխատում են, բայց թող վեթինգի ենթարկվեն, հատկապես նրանք ի՞նչ ունեն վախենալու։ Այս դեպքում ինչպես մեր մոտ, այնպես էլ բոլորի մոտ համոզվածություն կլինի, որ այդ մարդն իրոք անաչառ է, խնդիր չունի», -ասում է Հայկ Հարությունյանը։

Մենք նաև հարցրեցինք, թե հեղափոխությունից հետո կոնկրետ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում անաչառ վճիռներ կայացնելու առումով փոփոխություն կա՞, փաստաբանն ասաց․ «Կոնկրետ մեր դատարանում տեսնում ենք դրական դինամիկա կալանքի հետ կապված հարցում, կալանավորելու միջնորդությունը դատարանը համեմատաբար քիչ է բավարարում, բայց ո՛չ դատավորի ծանրաբեռնվածության հարցն է լուծվել, ո՛չ նիստերի շուտ կամ ուշ նշանակելու, մյուս բոլոր խնդիրները, ինչ եղել են, կան»,-ասաց Հայկ Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031