Միայն այս ամիս Հայաստանում երկու կին է բռնության զոհ դարձել: Մայիսի 8-ին զուգընկերոջ դաժան ծեծից մահացավ 30 ամյա հղի կին, իսկ մայիսի 17-ին նախկին ամուսնու կողմից դանակահարվեց 37 ամյա ու չորս երեխաների մայրը:
Հղի կնոջ՝ Մարիամի, սպանությունից իրավապաշտպանը Aravot.am-ին որոշ տեղեկություններ հայտնեց: Մասնավորապես, որ Մարիամը եղել է «Կանանց աջակցման կենտրոնի» շահառու:
«Սպանության մեջ մեղադրվողը զուգընկերն է, որը նրան նաեւ սեռական շահագործման էր դրդում ու նաեւ «Կանանց աջակցման կենտրոնից» կանանց էր հավաքագրում, նաեւ այդ կանայք էին հայտնվել այդ նույն տղամարդու թիրախում: Կենտրոնը դիմել էր ոստիկանություն այդ հարցով: Մարիամը երկու անգամ հայտնվել է կենտրոնում ծեծված, թեւերը կոտրված, բայց գործին որպես այդպիսին ընթացք չի տրվել»,- ասաց իրավապաշտպանը:
Թե ինչու էր Մարիամը կենտրոնից նորից այդ տղամարդու մոտ հայտնվում, իրավապաշտպանն ասաց, որովհետեւ Մարիամի նկատմամբ սպառնալիքներ կային, իսկ նա մշտական բնակության վայր չուներ ու ոչ մեկ չուներ, մի խոսքով, գնալու այլ տեղ չուներ: Զարուհի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ Մարիամը երկու երեխա ունի ոչ իր սպանության մեջ մեղադրվող տղամարդուց, երրորդին էլ սպասում էր ու դեռ հայտնի չէ՝ արդյոք սպանության մեջ մեղադրվող տղամարդուց էր, թե՝ ոչ. «Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ, որովհետեւ այդ տղամարդը, փաստորեն, նրա կավատն էր, պարբերաբար սեռական շահագործման է ենթարկել նրան, նրա միջոցով գումար է վաստակել»: Մարիամը, ըստ իրավապաշտպանի, եղել է իրենց կենտրոնի մասնագետների հսկողության տակ, իսկ նրա երկու երեխաները մանկատուն էին հանձնվել դեռ մինչեւ նրա մահը. «Մայրը այնպիսի խոցելի վիճակում էր, որ երեխաները համարյա սովամահության շեմին էին»:
Կարդացեք նաև
37 ամյա կնոջ սպանությունից մանրամասներ Զարուհի Հովհաննիսյանին հայտնի չէ. «Որեւէ հարազատ մեզ չի դիմել ՝ այդ կնոջ պաշտպանության կամ հետագայում տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանություն իրականացնելու համար: Շատ հետաքրքրված ենք՝ արդյոք կինը նախկինում ոստիկանությանը դիմել է, թե չի դիմել, փորձում ենք հասկանալ այդ ամենը: Այլ մանրամասներ մեզ հայտնի չեն»:
37 ամյա կնոջ 4 երեխաների ճակատագրից նույնպես իրավապաշտպանը տեղեկություններ չունի:
Այս տարի արդեն կանանց բռնության վեց դեպք է գրանցվել՝ Ընտանեկան բռնության օրենսգրքի առկայության դեպքում: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, օրենքը բավարար մեխանիզմներ չի տալիս ճիշտ աջակցության ու ճիշտ պաշտպանության համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ