Մինչ ակտիվորեն քննարկվում է դատավորներին վեթինգի ենթարկելու, որոշ դատավորների անհապաղ հրաժարական ներկայացնելու թեման, Շիրակի մարզի իրավապահ համակարգից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հեղափոխությունից հետո հրաժարական ներկայացրած առաջին դատավորը Հայկանուշ Միքայելյանն է։
Նա երկար տարիներ աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ քննելով քաղաքացիական գործեր։ Ըստ մեր զրուցակիցների, Հայկանուշ Միքայելյանը դեռ 2018 թվականի դեկտեմբերին է դիմում ներկայացրել ու հեռացել՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, սակայն իրականում հասկացել է, որ չի կարող հարմարվել նոր պայմաններին։
Թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունը, փորձեցինք ճշտել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Այստեղից մեզ տեղեկացրեցին, որ դատավորն առողջական խնդիրներ է ունեցել, վիրահատություն է տարել, այդ պատճառով էլ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, թեև դեռ մեկ տարի ժամանակ ուներ թոշակի անցնելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ