Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ին դիմելուց առաջ նախ պարզեք՝ եղե՞լ է օրենքի կամ էթիկայի որեւէ խախտում

Մայիս 28,2019 17:15
lurer

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները»: Եվ մասնավորապես. «Արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել»:

Հիմա «Իմ քայլը» խմբակցությունն ակնհայտ անբավարար միջոցներ էր ձեռնարկել մայիսի 21-ի իր նիստում, եւ բարձրախոսով ունեցած նրանց ելույթները լրագրողների համար լսելի էին եղել սենյակից դուրս:

«Առավոտը» չէր հրապարակի այդ ձայնագրությունը, եթե խմբակցության ղեկավարը հայտարարություն չտարածեր. «Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»: Ի դեպ, նման պնդումը ստիպում է այսուհետ վերապահումով վերաբերվել, երբ որեւէ հրապարակում նրանց կողմից կհռչակվի հերյուրանք կամ ապատեղեկատվություն:

Թվում է՝ կատարվածից հետո «Իմ քայլի» անդամները կազմակերպական հետեւություններ պետք է անեին, եւ ասենք, այլեւս բարձախոսով ելույթներ չէին ունենանա դռնփակ նիստում կամ խորհրդարանում չէին գումարի դրանք:

Բայց փոխարենը հրապարակումներ կան, որ էլ ԱԱԾ-ին են փորձում խառնել այս պատմությանը՝ արտահոսքերը բացահայտելու համար, էլ լրագրողների տեղաշարժն են ուզում սահմանափակել ԱԺ տարածքում, էլ իրենց օգնականներին վերահսկող կարգել…

Մանավանդ ցավալի է, որ նախկինում լրագրող աշխատած մեր գործընկերներն են խոսում այս պարագայում էթիկայի խախտման մասին:

Մի կողմ թողնենք, որ սա ոչ գաղտնալսված խոսակցություն է, ոչ անձնական բնույթի՝ մասնավոր կյանքին առնչվող զրույց, այլ վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի՝ Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի լուծարմանը:

Հիշեցնենք՝ «Առավոտը» ոչ միայն էթիկայի սեփական վարքականոնն ունի, այլ նաեւ միացել է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին: Եվ բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե այստեղ էթիկայի նորմերի խախտում կա՝ կոչ ենք անում, ԱԱԾ-ին դիմելուց կամ մամուլի գործունեությունը սահմանափակելու փորձերից առաջ գոնե նախ դիմեք ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին ու եզրակացություն ստացեք՝ արդյոք եղե՞լ է խախտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031