Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Զոյա Թադեւոսյանը գովում նախկին եւ ներկա ռեկտորներին

Մայիս 28,2019 16:33

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Զոյա Թադեւոսյանը 2018-ի մայիսին ֆեյսբուքում կատարած գրառման մեջ, ի թիվս այլ դրվատական խոսքերի, նշել էր, որ ՀՊՏՀ արդեն նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը իր ճանաչած լավագույն ռեկտորներից է, կոռումպացված չէ, թայֆաբազ չէ, հարգանքով է վերաբերվում մարդկանց` անկախ նրանց քաղաքական հայացքներից, նրա օրոք բազմաթիվ արմատական բարեփոխումներ են եղել եւ ինքն էլ այդ ամենի կենդանի ապացույցն է:

Aravot.am-ը տիկին Թադեւոսյանից հետաքրքրվեց` շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, երբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, եւ նա մեղադրվում է 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնն օգտագործելով՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գումար՝ 350-400 մլն դրամ վատնելու մեջ:

«Ես այդ առումով տեսակետ հայտնել չեմ կարող, այն ինչ գրել եմ, գրել եմ` տեսնելով նրա գործելաոճը, պահվածքը, իսկ այն ինչ հայտնաբերել է ԱԱԾ-ն, դեռեւս դատական քննության առարկա է: Ես այլ պատկերացում ու տվյալներ ունեմ, թե դա ինչ գործարք է: Եթե քննությունը կպարզի, որ իրականում տեղի ունեցել յուրացում, երեւի կասեմ, որ սխալվել եմ, ի վերջո անմեղության կանխավարկած գոյություն ունի»,-ասաց նա:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է մտածում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մասին, որի օրոք իր դուստրը` Դիանա Գալոյանը, նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

«Նա իմ ուսանողն է եղել, ես շատ լավ կարծիքի եմ, խելացի է, կրթված, լավ հարաբերություններ ունի կոլեկտիվի հետ, աշխատասեր է, մնացածը կպարզվի ընթացքում: Ամեն դեպքում լավ տպավորությունը դեռ չի նշանակում, որ վերջնական տպավորություն է: Առայժմ ունեմ դրական կարծիք, առայժմ ինչ, որ արվում է, արվում է ի նպաստ համալսարանի եւ կրթական արժեքների, կրթության որակի բարձրացման»,-ասաց Զոյա Թադեւոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031