«Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի եւ անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը:
Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլեւ ամրագրեց իր՝ իբրեւ ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու եւ պետականություն ունենալու իրավունքը:
Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրեւ ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը եւ պատրաստ է մինչեւ վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար:
100-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության եւ պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում:
Կարդացեք նաև
Շնորհավոր տոնդ, Հայաստան: Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ