Այսօր Սարդարապատ էին այցելել նաեւ ՀՅԴ-ականները: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՅԴ-ի հետ կապված ասել էր. «Մեզ կարելի՞ է դեղին քարտ ցույց տալ, այն էլ մի կառույցի կողմից, որին ժողովուրդը արդեն կարմիր քարտ է ցույց տվել»:
Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանի կարծիքն իր համար կարեւոր չէ: Հարցին՝ չե՞ք համարում, որ ձեզ կարմիր քարտ են ցույց տվել, գուցե նկատի ունի հենց այն, որ ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարեց ձեր ուժը՝ նա պատասխանեց. «Ես Ալեն Սիմոնյանի որեւէ կարծիք մեկնաբանելու որեւէ ցանկություն չունեմ: Իր կարծիքն ինձ համար որեւէ նշանակություն չունի»: Հետո նա ասաց, որ ՀՅԴ-ն մի ուժ է, որը կերտել է ՀՀ-ն, որը գոյություն ունի 130 տարի. «Հետաքրքիր կլինի՝ երեք տարի հետո, 13 տարի հետո իր քաղաքական ուժը որտեղ կլինի»:
Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենք խիստ մտահոգված են երկրում իրականացվող քաղաքականությամբ՝ տնտեսական, ինստիտուցիոնալ, նաեւ Արցախի հարցով վարվող քաղաքականությամբ: Հարցին՝ դուք կոչ արեցիք իշխանությանը լրջանալ, ի՞նչն է անլուրջ, որ նման կոչ եք անում՝ նա պատասխանեց, որ երբ նայում են կառավարության նվաճումներին՝ 100 փաստին, իրոք, տեսնում են, որ լրջանալու տեղ կա. «Նայեք ինչեր են նշել՝ որպես հաջողություն: Ամուսնությունններն ու ամուսնալուծությունները կառավարության հետ ընդհանրապես կապ չունեն, անլուրջ էր թատրոն գնացած մարդկանց քանակը, գրքերը: Անլուրջ էր, որ մարդկանց հագուկապը դիտում են որպես նվաճում»:
Մեր հարցին՝ այս իշխանությունները ոչ մի լավ բան չե՞ն արել՝ նա պատասխանեց. «Արել են, ո՞վ ասաց չեն արել, ես նշել եմ բազմաթիվ փոփոխություններ, իրոք, կան նվաճումներ, բայց որոշ բաներ, որ ներկայացնում են որպես նվաճում չէր: Օրինակ, լավ էր այն, որ ընտրատեղամասերում սեւ հագնված թզբեհավոր տղաներ չկային: Դա լավ էր: Օրինակ, նախարարությունների միավորումը քայլ է եղել, որը պետք է ազդեցություն թողնի, քանի որ ազդեցությունը չենք տեսել, չեն կարող դա ներկայացնել որպես նվաճում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ որ ասում եք նախարարությունները միավորել են, արդյունքը չենք տեսել, հիմա դա՞ է լավ, որ միավորվել են ու արդյունքը մի քիչ ուշ տեսնեք, թե՞ այն, որ քաղաքական ամուսնությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ քաղաքական ամուսնության պատճառով նախարարություններ էին ստեղծվում ու նոր պաշտոններ էին հնարում: Ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանը հորդորեց օրինակներ նշել: Լրագրողներն էլ թվարկեցին՝ օրինակ, Տարածքային կառավարման եւ զարգացման ու Արտակարգ իրավիճակների նախարարությունները, որ բաժանեցին ու ՀՅԴ-ականին պաշտոն տվեցին: Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Տարածքային կառավարումը եւ ԱԻՆ-ը ի՞նչ կապ ունեն: ԱԻՆ-ը եղել է ծառայություն, որը ստեղծվել է այլ կուսակցության համար: Եվ հետո տարածքային կառավարումը եւ ԱԻՆ-ը տարանջատելը տրամաբանական էր»:
Նա հորդորեց, որ եթե ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին ենք խոսում, ողջ սպեկտորը վերցնենք. «91-ի մասին ինչի՞ չեք ասում: Թե՞ որ կոռուպցիան 90-ականներից սկսեց, դրա մասին ոչ մի խոսք չկա: Այսօրվա իշխանություններից ՀԱԿ-ի հետ ո՞վ համագործակցեց, դե եթե համագործակցության մասին ենք խոսում, ամբողջ սպեկտորի մասին եկեք խոսենք, այս ամեն ինչը վերցրեք:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ