ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսեց զրահաբաճկոնների մեջ օգտագործվող զրահաթիթեղների մասին, որոնք իրենք արտադրում են նոր տեխնոլոգիայով, տեղական հումքով: Գիտնականն այն անվանում է հայկական Know-how, որը չի զիջում դրսից բերվածներին ինչպես որակով, այնպես էլ գնային առումով, ասում է Չինաստանից բերվածներից 30%-ով էժան է:
«Պետական հանձնաժողով է ստեղծվել Պաշտպանության նախարարի հրամանով, բոլոր փորձարկումներն անցել է, նախարարության հավանությանն է արժանացել, անցյալ տարի մեզ պատվիրել էին առաջին խմբաքանակը, որը տվել ենք իրենց: Հիմա խնդիրներ կան, ահավոր բյուրոկրատիա է պաշտպանության նախարարությունում: Այս տարի ոչ մի շարժ չկա, չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Ոչ մի պատվեր ու պայմանագիր չկա, մինչդեռ մենք պետք է մեր արտադրության ծավալները մեծացնենք, ներդրումներ ներգրավենք, իսկ այդ բոլորն իրականացնելու համար Պաշտպանության նախարարությունը պետք է մեր գործընկերը դառնա»,-ասում է Ստեփան Պետրոսյանը:
Գիտնականը տարակուսած է. «Պարզվում է, որ դա Պաշտպանության նախարարությանը բնավ պետք չէ: Իմ տպավորությամբ, ոչ պաշտպանության նախարարի, ոչ գլխավոր շտաբի պետին պետք չէ Հայաստանում ռազմական արդյունաբերության զարգացումը:
Իսկ այն, ինչ ասվում է, տեսլականներով, բանով, որ նախարարն է ասում, գլխավոր շտաբի պետը, վարչապետը, սուտ է, դատարկություն է, լոկ գեղեցիկ խոսքեր… Իրենք ուզում են, որ դրսից ներկրեն: Հիմնականում գլխավոր շտաբն է պատվերներով զբաղվում, իրենց մարդիկ ունեն…
Կարդացեք նաև
Մեր տեղական արտադրանքը, որը լրիվ օրինական դաշտում է, սակայն իրենց չի հետաքրքրում, քանի որ մտածում են, ավելի լավ է միջնորդ ունենան, դրսից բերեն: Թե ինչ որակի ու քաշի կլինի, կարեւոր չէ: Իրենք չեն խթանում մեր տեղական արտադրությունը, եւ դա միայն ինձ չի վերաբերում, բոլորի դեպքում է այդպես: Ով որ ռազմական արտադրանք է ստեղծում, որեւէ հարկային արտոնություն ու օգնություն չունի, դրա համար էլ ռազմական արտադրությունը մեզ մոտ չի զարգանա»:
Մեր զրուցակիցը հավելում է. «Որպես քաղաքացի, գիտնական, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, թող ինձ պատասխանեն, թե ինչ է լինելու այս տարի: Ես չեմ հասկանում Պաշտպանության նախարարությունում օրենք չկա՞, եթե քաղաքացին դիմում է, ինչո՞ւ մեկ ամսվա մեջ չեք պատասխանում: Մի քանի անգամ արդեն պաշտոնական նամակ եմ ուղարկել, գրել եմ` պարոն նախարար, ես այսինչ մարդն եմ, այսպիսի բան եմ արել, մենք պետք է պլանավորենք, ախր տարին ավարտվում է, մի ուշացրեք:
Եթե պայմանագիրն ուշանում է, լրացուցիչ խնդիրներ են ստեղծվում: Իրենք նոյեմբերին պայմանագիրը կնքում են, ասում են` դե դեկտեմբերի 1-ին բեր հանձնիր: Իրենք ուշացնում են, մարդկանց դնում են խայտառակ վիճակի մեջ: Ախր նյութերը, բաղադրամասերը պետք է դրսից բերվեն: Մենք` Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոնը , միակն ենք Հայաստանում, որն ունի պատենտ, հեղինակային բացառիկ իրավունք: 20 տարի կյանք ենք դրել, մեր ժամանակը, նյութական միջոցները, էներգիան ծախսել ու ստեղծել ենք»:
Նա նաեւ մանրամասնում է, թե ինչեր կարող են ստեղծել` սկսած սովորական ինքնաձիգից, վերջացրած վերջին դասի զենքերով:
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ, իրենք կարծում են, որ եթե փողն իրենց մոտ է, ինչ ուզեն, կանեն, կուզենան կգնեն, չեն ուզենա, չեն ընդունի… Երկու պաշտոնական նամակ եմ գրել Պաշտպանության նախարարին, ոչ մի պատասխան չկա: Հիմա ի՞նչ` երրորդն էլ գրե՞մ,. Ասեմ պարոն Տոնոյան ձեր անգործությունը վիճարկե՞մ դատարանում:
Թող պատասխանեն, ասեն ձեր նամակը ստացել են, քննարկում ենք, կամ գրեն` պարոն Պետրոսյան, մեր բանակին դա չի հետաքրքրում: Որպեսզի որոշենք, թե ինչ ենք անում` մեր գործունեությունը Հայաստանում իմաստ ունի՞ շարունակել… Դրսում էլ հնարավորություններ կան, կգնանք դրսում կանենք: Չկա ռազմարդյունաբերության ոլորտի մի կազմակերպություն Հայաստանում, որ Պաշտպանության նախարարության հետ աշխատի ու գոհ լինի: Ես բոլորին գիտեմ` մի 50 կազմակերպություն, բոլորին խայտառակ վիճակի մեջ են պահում»,-ասում, է Ստեփան Պետրոսյանը:
Նա հավաստիացնում է, որ տեղական արտադրողը ծանր վիճակում է ու չփակվելու համար, իր ձեւակերպմամբ, ստիպված համաձայնում է Պաշտպանության նախարարության ստրկական պայմաններին. «Մեր օրենքներով, եթե Պաշտպանության նախարարության համար պատվեր ես անում, պետք է 15 տոկոսից ավել շահույթ չունենաս, մինչդեռ տարբեր պատճառներով այդ շահույթը մի տոկոս էլ չի կազմում…Ենթադրենք ինձ կավիճ է պետք, որը Հայաստանում չի արտադրվում, իսկ եթե Իրանից է ներկրվում, երկու ամիս կտեւի բերելը…Կամ եթե ջրակայուն կտոր է բերվում Չինաստանից, նավով բերելու համար 2,5 ամիս ժամանակ է պետք: Պետք է մարդուն ժամանակ տան, որ աշխատի: Հունիս ամիսն է արդեն գալիս, ինչո՞ւ հունվարի 1-ից մարդկանց չեք կանչում, մրցույթ չեք անում, պայմանագիր չեք կապում, որ աշխատեն: Բոլորին այդ վիճակի մեջ են դնում, հետո ասում են` ժամանակին չես արել, ուրեմն տուգանքներ վճարիր…Ես չգիտեմ էլ, վարչապետը տեղյա՞կ է այս ամենից…Ահավոր բյուրոկրատիա է համակարգում, մարդիկ գերադասում են այս պայմաններում չաշխատել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Քանի որ օրը ոչ աշխատանքային է, Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն կխնդրենք աշխատանքային օրվա ընթացքում:
Այս գործելավոճը ՊՆ մոտ արդեն կարծրացած է: Ուղիղ քսան տարի առաջ նման իրավիճակ էին ստեղծել Երևանի հաստոցաշինական գործարանում, որտեղ կատարվել էր համապատասխան գիտահետազոտական աշխատանք ու յուրացվել նոր զինատեսակ: Բայց ՊՆ ներկայացուցիչները արհեստական ձգձգում և խանգարում էին այդ գործընթացներին, քանի որ նրանցից մեկը շահագրգռված էր այդ զինատեսակի ներկրմամբ: Ինչու? Նա ուներ անձնական շահագրգռվածություն և գումարներ էին աշխատում յուրաքանչյուր մերկրված ապրանքիդիմաց: Նրանք նույնիսկ արհեստական խոչընդոտներ էին ստեղծում նոր զինատեսակի փորձարկումների իրականացմանը Բաղրամյանի պոլիգոնում:Այդպես էլ պատասխան չտվեցին , իսկ գործարանն էլ փոշիացրին…