Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացեք, որ պետք լիներ, այն դատավորները, որոնք նախկին իշխանության համար խամաճիկ են եղել, մեծ հաճույքով մեր համար խամաճիկ կլինեին». Ալեն Սիմոնյան

Մայիս 28,2019 14:32

Նիկոլ Փաշինյանը դատավորների հետ կապված իր ելույթում ասել էր, որ տեսնում է դավադիր պատերազմ հրահրելու, պատասխանատվությունը կառավարության վրա գցելու նպատակ ինչ-որ ուժերի կողմից: Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հարցին՝ դուք գիտե՞ք, թե որ ուժերի մասին է խոսքը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում, ինչպիսի մեխանիզմներ են օգտագործվում, որ վարկաբեկեն այս կամ այն պաշտոնյային: Դա չի նշանակում, որ դանակներն ու տանկերը վերցրել են… Ո՞վ է խոսում տարածքների մասին: Խոսքը եթե գնում է դավադիր պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ այսօր քաղաքական դաշտում գործում են երկու խումբ մարդիկ: Կան մարդիկ, որ քաղաքական գործունեությամբ են զբաղվում, իրենց քաղաքական ուժն են ներկայացնում եւ կան մարդիկ, որոնք վճարվում են, որ ընդդիմության տեսիլք ստեղծեն: Վճարվում են այն մարդկանց կողմից, ովքեր այսօր անցնում են տարբեր քրեական գործերով ամենայն հավանականությամբ, կանցնեն ապագայում, որոնց անունները մենք շուտով կիմանանք: Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն, խոսքը նրա մասին է, որ այն մարդիկ, ովքեր չգիտես ինչու հողեր հանձնելու մասին խոսքը շրջանառության մեջ են գցում, այդ մարդիկ են հենց բանակցել եւ այդ մարդկանց օրակարգում են եղել նման տարբերակները»:

Նա ասաց, որ ՀՀ իշխանության ներսում նման հարց չի քննարկել:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ փողով իրենց դեմ հոդված գրել են տալիս, թե ով է տալիս, ով է գրում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անուններ չեմ տալիս, որպեսզի իրենց չգովազդեմ, իրենց դերը չմեծանա: Հանրությունը մեզնից լավ գիտի: Այդ մարդկանց անունները տալու պարագայում իրենց աշխատավարձը կբարձրանա: Աշխատավարձ տվողներն այն մարդիկ են, ովքեր փորձում են իրենց ժամանակին գողացածը պահպանեն, իրենց անվտանգությունը նախկին արածների համար պահպանեն ու դրա հաշվին ուզում են մեզ վարկաբեկել»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիները իրենց մեղադրում են, ասում են՝ թավիշը քչացրեք, չափազանց մեղմ եք: Սակայն իրենք մնում են օրենքի շրջանակների մեջ. «Որպեսզի մեկին քաղաքական հետապնդման ենթարկեն, դրա համար հանձնաժողով պետք չէր, ուղղակի կբռնեին ու կենթարկեին»: Մեր հարցին՝ որ ասում եք՝ ժողովուրդը պահանջում է թավիշը հանել, այսինքն, ասֆալտին փռելը, պատերին ծեփելը քի՞չ է՝ նա պատասխանեց. «Չի պահանջում, մեղադրում է մեզ ժողովրդի մի մասը, բայց մենք մնալու ենք մեր հռչակած սկզբունքների եւ օրենսդրական այն սահմանների մեջ, որ այսօր գործում է»:

Խոսելով վեթթինգի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Շատ լավ գիտեք, որ ՀՀ-ում ամենահարուստ մարդիկ եղել են պետական պաշտոնյաներ: Բոլոր ամառանոցները, թանկ մեքենաները շքեղ ու անհասկանալի է՝ որտեղի՞ց այդ գումարները»: Սիմոնյանն ասաց, որ ՀՀ-ում լինելու է անկախ դատարան, որը ենթարկվելու է ժողովրդին: Հարցին՝ ինչո՞ւ դատական համակարգը բարեփոխելու փաթեթ չէիք բերում, հենց Քոչարյանի կալանքի որոշումը եղավ, նոր որոշեցիք, մինչ այդ անեիք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Խի՞ մենակ Քոչարյանի, քանի՞ դատական գործ կա, որը մեր ժողովրդի զայրույթն է առաջացնում: Մարդը կարար իր գյուղից մի կտոր ցախ գողանար՝ տանեին բանտ նետեին: Շատ ու շատ մարդիկ ասվում է՝ ինչի մեջ է մեղադրվում եւ այդ մարդկանց ստորագրության դիմաց բաց են թողնում, մարդկանց զայրույթն է դա առաջացնում: Պետք չէ նշել միայն Քոչարյանի գործը, ուղղակի Քոչարյանի գործը աղմակահարույց էր»:

Լրագրողները փոխանցեցին իշխանություններին հասցեագրվող քննադատությունը՝ նախկին իշխանության խամաճիկ դատավորներին փորձում եք փոխարինել ձեր իշխանության խամաճիկ դատավորներով: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հավատացեք, որ պետք լիներ, այն դատավորները, որոնք նախկին իշխանության համար խամաճիկ են եղել, մեծ հաճույքով մեր համար խամաճիկ կլինեին, մե՜ծ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031