Այսօր՝ Առաջին հանրապետության հիմնադրման օրը Սարդարապատում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, կաթողիկոսի գլխավորությամբ:
Ներկաներին հայրենասիրական երգով ողջունեց Արամ MP3-ն: Սարդարապատում բացվեց նաեւ Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթողը:
https://www.youtube.com/watch?v=qAtvNX9PhLY&feature=youtu.be
Կարդացեք նաև
Վարչապետն իր ելույթում նշեց. «Հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում էր կորցրել է անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, պետական դրոշ, պետական զինանշան, պետական օրհներգ, որն արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միեւնույն ժամանակ հրաշափառ պատմությունը» եւ սկսեց արտասանել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը»՝ մեր ազգային օրհներգի բառերը:
Վարչապետն իր ելույթում ասաց, որ հայ ժողովուրդը կենսունակ, ապրելու ժողովուրդ է եւ նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման եւ դա ապացուցվել է հենց այստեղ:
Փաշինյանն ասաց. «Մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ: Մենք գալիս ենք բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտերի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել… Ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր, ձեր սխրանքներով են ոգեշնչվել արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչեւ Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչեւ Լեոնիդ Ազգալդյան:
Ձեր սխրանքներով են ոգեշնչվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչեւ Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչեւ Ադամ Սահակյան:
Ձեր սխրանքներով են ոգեշնչվել հայոց բանակի այն շարքայիններն ու սպաները, սերժանտները, ենթասպաներն ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գյուղացիները, ովքեր ամուր կանգնած են ձեր կողմից իրենց ժառանգած հողին ու բուրաստան են դարձնում տափաստաններն ու ճահճուտները:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գործարարները, ովքեր իրենց ստեղծագործ աշխատանքով ամեն օր նոր կերպար են հաղորդում մեր հայրենիքին, նրա ամեն քաղաքին, ամեն գյուղին, ամեն փողոցին եւ պարտաճանաչ հարկ են վճարում՝ հանուն հայրենիքի բարօրության:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն դասախոսն ու ուսուցիչը, ովքեր իրենց գործը համարում են երիտասարդ սերնդին թռչելու թեւերով օժտելը:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն մարզիկներն ու մարզիչները, ովքեր ամեն օր բարձրացնում են հայոց երկրի եւ պետականության եւ հայ ժողովրդի պատիվը՝ Լեւոն Արոնյանից մինչեւ Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյանից մինչեւ Սիմոն Մարտիրոսյան:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գիտնականն ու ինժեները, ում առաքելությունը անհնարը հնարավոր եւ առօրեական դարձնելն է այնպես, ինչպես դուք հնարավոր դարձրիք անհնարը:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված ՀՀ ազատ եւ հպարտ քաղաքացին, ով սեփական իշխանությունն է հաստատել ՀՀ-ում, ով տեր է դարձել ՀՀ-ին՝ ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքին:
Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի ՀՀ յուրաքանչուր պաշտոնյա՝ կառավարության անդամ, թե ԱԺ պատգամավոր, համայնքի ղեկավար թե դատավոր»:
Վարչապետը եզրափակեց իր ելույթը՝ ասելով, որ «Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան: Յուրաքանչյուր այդպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ