Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը «դավադրությունների, հակահեղափոխության օջախ» ներկայացնելը վտանգավոր է»

Մայիս 28,2019 13:00

«Առավոտի» հարցազրույցը Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

– Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը կարծես թե ակտիվացրել է Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքները: Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարն առիթը բաց չեն թողնում «հիշեցնելու», որ փորձում են հասնել արագ լուծման: Ինչո՞վ է պայմանավորված այս հայտարարությունները:

– Վիեննայում՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո թեեւ խոսվում է առաջիկայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման մասին, սակայն գործընթացում էական տեղաշարժեր նկատելի չեն: Ադրբեջանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո չէր թաքցնում, որ հույս ունի հասնելու արագ լուծման, ընդ որում՝ խտրականություն չդնելով, թե դա տեղի կունենա բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսման ձեւով, սակայն բանակցությունները դեռեւս չեն վերսկսվել, իսկ կողմերի միջեւ վստահության ստեղծումը դեռեւս տեսանելի չէ: Որոշակի շտապողականություն դրսեւորելով, Ադրբեջանը աստիճանաբար բացում է խաղաքարտերը՝ ի ցույց դնելով իր իրական նպատակը՝ ամեն գնով հասնելու իր համար ցանկալի արդյունքի, սակայն Ադրբեջանում կարծում են, որ այդ արդյունքը կարելի է արձանագրել միայն պատերազմի վերսկսման ձեւով:

Սա է հիմնական պատճառը, որ Ադրբեջանն ակտիվ է ոչ միայն սպառազինության գնումների, տարբեր մասշտաբի զորավարժությունների, առաջնագծում հսկայական աշխատանքների առումով, այլ նաեւ քաղաքական եւ քարոզչական բնույթի հայտարարություններով:

– Ադրբեջանում մայիսի 20-24-ը զորավարժություն անցկացվեց: Այս պահին կա՞ն կուտակումներ կամ շարժեր:

– Այս պահին շարժերն ու կուտակումներն այն ծավալի չեն, ինչ մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դրանք մշտապես կան: Առաջնագծի ադրբեջանական հատվածում ռազմական տեխնիկայի առումով բավականին հագեցած են, ժամանակային առումով ճիշտ է դանդաղ, սակայն առաջնագծի մերձակա հատվածներում տեղակայված ռազմական բազաները համալրվում են:

– «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է Արցախը Հայաստանին միացնելու գործընթաց սկսելու մասին: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Արցախում:

– Այս հարցը մի քանի աստիճանի խորություն է պարունակում: Ինչպե՞ս է վերաբերվում Արցախը, արցախցին Հայաստանի միացմանը: Բնակչության ճնշող մեծամասնության համար դա երազանք է, ինչի համար կռվել, պայքարել է: Ինչպե՞ս հասնել դրան: Շատ բարդ, դիվանագիտական, քաղաքական մեծ ջանքեր ենթադրող գործընթաց է: Այս առումով Հայաստանի ու Արցախի իշխանությունների մոտեցումը ներդաշնակ է: Գործընթացը ենթադրում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվ ընթացք, ինչը դրա հաջորդ փուլում բերելու է միացման պրոցեսի մեկնարկին: Ի՞նչ խնդիր ենք լուծում, եթե Արցախն ու Հայաստանը հենց այս պահին են սկսում միացման գործընթաց: Այն ուժերը, որոնք կարծում են, որ այս քայլին պետք է գնանք այսօր, հաշվարկե՞լ են դրա ռիսկերը, դրա ազդեցությունը բանակցությունների հնարավոր վերսկսման, Հայաստանի եւ Արցախի քայլերի՝ միջազգային հանրության համար ընկալելի լինելու առումով: Ի վերջո, հաշվարկե՞լ են դրա ազդեցությունը ռազմական գործողությունների վերսկսման առումով: Միգուցե հաշվարկել են ու համարում են, որ ուշ թե շուտ պատերազմ լինելու է, եթե դա է իրենց հաշվարկը, ապա լավ կլիներ այդ մասին էլ խոսեին, որպեսզի հանրությունը հստակ իմանա, թե ինչ ենք շահելու եւ ինչ ենք կորցնելու:

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունները, վերջին շրջանում շատ է խոսվում դրանց սառեցման կամ ոչ հարթ լինելու մասին:

– Եթե հասնենք ձեր նկարագրած փուլին, դա արդեն ամեն ինչի վերջը կլինի: Չեմ կարծում, թե այդ կետին ենք հասել: Կարող են լինել հարցեր, որոնց շուրջ տարբեր տեսակետներ լինեն, սակայն աշխատանքային հարաբերությունները տարբեր մակարդակներում իրենց ընթացքի մեջ են:

– «Դավադիր, հակահեղափոխական ուժերը» հայտնաբերվեցի՞ն:

– Խնդրում եմ՝ Արցախը «դավադրությունների, հակահեղափոխության օջախ» մի դիտարկեք, թեմայի տիրաժավորումը, շահարկումը մեզ բավականին վտանգավոր մակարդակ է տեղափոխում: Առհասարակ Արցախում պետք չէ նման օջախներ փնտրել, իսկ արտաքին ներգործության, արտաքին ուժերի սադրանքների, ահաբեկչությունների, ռազմական գործողությունների ռիսկեր միշտ էլ եղել են. նաեւ համակարգի իմունիտետից է կախված, թե դրանց աստիճանը բա՞րձր է, թե՞ ցածր:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

28.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031