ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի։ Այդ մասին մայիսի 22–ին ՀՀ փոխվարչապետ, համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը նշել էր Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել։ Նախ՝ մինչեւ 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանության ստեղծում, փոփոխություններ պարեկային ծառայությունում։
Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչեւ այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների եւ դատաիրավական բարեփոխումների հետ։ Շատ այլ պարտավորությունների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ, չնայած քայլերը կարող են ավարտին հասցնել ավելի շուտ եւս։ Օրինակ՝ դատավորների թվի ավելացում է նախատեսված 2022 թվականի համար, 2020 թվականին նախատեսվում է փոփոխություն քրեակատարողական հիմնարկների բնագավառում։ Ըստ այդմ, նախատեսվում է դադարեցնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գործունեությունը եւ դրա փոխարեն այլ ՔԿՀ ստեղծել։
Ճանապարհային քարտեզում ամրագրված է կետ նաեւ ԶԼՄ-ևերի գործունեության մասով։ Ըստ այդմ, մինչեւ 2020 թվականը պետք է փոփոխություններ կատարվեն, եւ ապահովվի ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը։
Կարդացեք նաև
Եվ ինչպես կարելի է եզրակացնել, կառավարությանն առաջիկայում լուրջ աշխատանք է սպասվում՝ ժամկետների մեջ տեղավորվելու մասով։ Ընդ որում, նախորդ տարվանից մինչեւ այժմ շատ նախագծեր չեն արվել, սակայն Եվրոպական կողմն, ամեն դեպքում, ընդունել է, որ Հայաստանի ներսում տեղի ունեցած փոփոխություններն են պատճառը։ Եվ կարծես թե, հունվարից հետո նոր փուլ է սկսվել, եւ հիմա իշխանությունները պետք է անեն առավելագույնը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում