Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պրոռուսական քաղաքականությունն ու ԵՄ-ի հետ հեռանկարները

Մայիս 28,2019 11:37

Որքանո՞վ է Հայաստանի պրոռուսական քաղաքականությունը խանգարում Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների զարգացմանը, արդյոք ԵԱՏՄ-ն ԵՄ-ին մրցակից է. հայաստանցի լրագրողներին այս եւ համանման հարցերի պատասխաններն էին հետաքրքրում Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆատ Պոբորսկու հետ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Լեհաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ուղիղ տրված հարցերին դիվանագիտորեն պատասխանեց, որոշներն էլ դիվանագիտորեն շրջանցեց: «Այդ հարցը ձեզ պետք է տաք»,- պատասխանեց Ռաֆատ Պոբորսկին`ԵԱՏՄ-ն ԵՄ-ին մրցակից համարո՞ւմ է հարցին: Նաեւ հումորով նկատեց, թե հայերը պետք է կողմնորոշվեն`հայրիկի՞ն են շատ սիրում, թե՞ մայրիկին: Ամեն դեպքում, դիվանագետը ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն նույն հարթության վրա չի դնում, թեկուզ այն պարզ պատճառով, որ ԵԱՏՄ-ում ինքը կոլեգիալ կառավարման սկզբունք չի տեսնում:

Դիվանագետը լեհերին համարում է եվրոէնտուզիաստներ` նկատի ունենալով նաեւ եվրոպական խորհրդարանի ընտրությունը: Նրա գնահատմամբ, լեհերի 85 տոկոսը կողմ է ԵՄ-ին եւ իր բնորոշմամբ, միայն մարգինալ ուժերն են դեմ:

Հայաստանցի լրագրողները Վարշավայում են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով:

Լեհ դիվանագետն, ընդհանուր առմամբ, գոհ է Արեւելյան գործընկերության տասնամյա արդյունքներից: Ասում է`տասը տարում բավական ծանրակշիռ հիմք դրվեց հետագա համագործակցության եւ դրա զարգացման համար: Հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն էլ ավելի նպաստավոր իրավիճակ կստեղծի Հայաստանի եվրոպական հեռանկարի համար: Համենայնդեպս, հայ հասարակությունը նման հույսեր ներշնչել է:

Դիվանագետը նշեց, որ Արցախի հարցում իրենք սատարում են Մինսկի խմբի համանախագահներին եւ Արեւելյան գործընկերությունը որեւէ կերպ չեն կապում առկա հակամարտության հետ: Լրագրողները խոսել էին այն մասին, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ԱլԳ համաժողովում տապալվեց այն պատճառով, ինչպես հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը` տարածքային ամբողջականության դրույթ նրանում ներառված չէր: Ռաֆատ Պոբորսկին նկատում է`տարածքային ամբողջականության խնդիր ունեն Արեւելյան գործընկերության բոլոր երկրները, սակայն այդ հարցերը գործընկերության շրջանակում չեն, դրա համար գոյություն ունի միջազգային իրավունք:

Միջին Ասիայի եւ Կովկասի դեպարտամենտի տնտեսական հարաբերությունների պատասխանատու դեսպան Անժե Չիկովսկիի հետ զրույցը ծավալվեց Հայաստան-Լեհաստան տնտեսական համագործակցության շուրջ: Նրա պնդմամբ, Լեհաստանի համար առավել հեշտ է Վրաստանի հետ աշխատել, քանի որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրն է գործում: Լեհաստանի ապրանքաշրջանառությունը Վրաստանի հետ չորս անգամ ավելի է, քան Հայաստանի: Լեհաստան- Վրաստան ապրանքաշրջանառությունը չորս անգամ գերազանցում է Լեհաստան-ՀՀ ապրանքաշրջանառությունը: Տեղյակ են, որ հայկական կողմը ԵՄ-ին փոխանցել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, հույս ունեն, որ համաձայնագրի ամբողջական գործարկումից հետո հարաբերությունները այլ հարթություն տեղափոխվեն: Կանխատեսումներ չունեն, թե ի՞նչ անդրադարձեր կլինեն, ի՞նչ արդյունքներ պետք է սպասել, բայց շահագրգիռ են փոխհարաբերությունների զարգացմամբ եւ ոչ միայն ապրանքաշրջանառության ոլորտում: Նաեւ հույս ունեն, որ հայաստանյան ներքին փոփոխություններն ավելի դրական իրավիճակ կստեղծեն`թե տեղում, թե ԵՄ-ի հետ հեռանկարներում: Հիմա սպասում են հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որը պետք է տեղի ունենա Հայաստանում: Նիստի ժամկետները դեռ հայտնի չեն:

Մանրամասները`տեսանյութում

Բանախոսների կարծիքով, ՀՀ-ն եւ Լեհաստանը կարող են ակտիվ համագործակցել գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տեղական ինքնակառավարման եւ այլ ոլորտներում:

Մանրամասները` տեսանյութում

Լեհաստանն, ի դեպ, համարվում է վերջին 30 տարիներին ԵՄ-ին անդամագրված պետությունների մեջ չեմպիոն`տնտեսությունում արագ աճի իր տեմպերի համար: ԵՄ-ին անդամակցության 27 տարիների ընթացքում Լեհաստանի տնտեսական աճը 330 տոկոս է կազմել: 2017-ին ՀՆԱ-ի աճը եղել է 5, 5 տոկոս, 2018-ին`4, 5, 2019-ի առաջին եռամսյակում`կրկին 4, 5 տոկոս: Արտահանման ծավալում 52 տոկոս են կազմում արդյունաբերական ապրանքները: 2017 թվականին արտահանումը 200 մլրդ ԱՄՆ դոլար է կազմել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031