Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին (լուսանկարում՝ ձախից) զարմացած է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից: Խոսքը դատարանների ելքերն ու մուտքերը փակելու`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է: Դեսպանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել պետության ղեկավարի եւ հեղափոխության ղեկավարի տարբերությունը: Դեսպանն աբսուրդի ժանրից է համարում այն, ինչ որ կատարվեց, նկատի ունի, որ դատաիրավական բարեփոխումների մասին նախաձեռնությունները արագ առաջ եկան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո: Դեսպանն, իհարկե, դատական համակարգի առողջացմանը կողմ է, բայց այդ ամենին այլ անուն տալ չի կարող, քան գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելը: Յեժի Մարեկ Նովակովսկին առհասարակ չի հասկանում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը դարձավ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին եւ մյուսներին «նստեցնելը», մինչդեռ նրանից սպասվում էին կոռուպցիայի դեմ իրական պայքար եւ համակարգային փոփոխություններ:
Այս մասին դեսպանն ասաց հայաստանցի լրագրողների հետ Լեհաստանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանցի լրագրողները Վարշավայում են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով:
Դեսպանը մտավախություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանին տրված հանրային վստահության պաշարը շատ արագ կարող է մսխվել:
Ի դեպ, ստեղծված իրավիճակում, ըստ Յեժի Մարեկ Նովակովսկու, Հայաստանը հայտնվել է ավելի ծանր վիճակում, քան կար, մանավանդ, ներդրումների մասով: Դեսպանի տեղեկություններով, Հայաստանում 2014 թվականից գործող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, որ լքի Հայաստանը: Այդ մասին դեսպանն իմացել է մասնավոր զրույցում եւ շատ փակագծեր չի բացում:
Կարդացեք նաև
Ընկերությունը զբաղվում է զբաղվում է բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության արտադրատեսակներ`կեղծ թիրախներ, տեխնիկական եւ այլ վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր եւ այլն: 2017-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկությունը 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում է արտադրում ՀՀ զինուժի համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Յեժի Մարեկ Նովակովսկու հետ «Առավոտի» զրույցը կներկայացնենք «Առավոտ» թերթի առաջիկա համարներից մեկում