Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիր ընթերցողին, մանավանդ՝ հարգիր նրան». Գայանե Պողոսյան

Մայիս 28,2019 10:57

ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող , փոխգնդապետ Գայանե Պողոսյանի ակնարկները Համահայկական գրողների միության և «Սիմոն Դեդեյան» հիմնադրամի կազմակերպած «Նոր Ոսկեդար» վերտառությամբ արդի գրականության և արվեստի մրցույթում ճանաչվեցին լավագույնը:

-Դուք բազմաթիվ գերատեսչական մեդալներ եք ստացել ռազմական լրագրության ոլորտում ներդրած ավանդի համար: Ձեր ակնարկները համահայկական մրցույթում ճանաչվել են լավագույնը: Եվ ահա դրանք հաղթում են նաև գրական ստեղծագործությունների մրցույթում: Սա անհամեմատելի բարձր նվաճում է:

-Ապրիլյան պատերազմի հերոս զինվորների ու սպաների մասին 2016-ին գրված ակնարկաշարս լավագույնը ճանաչվեց Հայաստանի ժուռնալիստների միության և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած համահայկական մրցույթում, որին մասնակցում էին աշխարհի բոլոր հայալեզու լրատվամիջոցները: Համահայկական գրողների միության և «Սիմոն Դեդեյան» հիմնադրամի կազմակերպած «Նոր Ոսկեդար» վերտառությամբ արդի գրականության և արվեստի մրցույթում մրցանակ են շահել 2018-ին գրված ակնարկներս:

Կա թյուր կարծիք, որ պատմվածք գրելը ավելի մեծ տաղանդ ու ջանք է պահանջում, քան ակնարկ կամ էսսե գրելը: Սա բացարձակ անհեթեթություն է: Ակնարկը գրական-գեղարվեստական ժանր է, գնահատվում է պատմվածքի չափանիշներով: Ուստի կարող է ներկայացված լինել ցանկացած գրական մրցույթում: Պատմվածքի և ակնարկի տարբերությունն այն է, որ ակնարկը իրապատում է՝ իրական հերոսներով, և գրողից պահանջվում է հավատարիմ մնալով ճշմարտությանը՝ ստեղծել գեղարվեստական արժեք: Բնականաբար, երբ դու չունես հորինելու, մտացածին կերպարներով նյութը գունազարդելու հնարավորություն, մեծ տաղանդ ու արհեստավարժություն է պետք ակնարկը մոտեցնելու պատմվածքի որակին: Ասվածից հետևում է, որ բարձրարվեստ ակնարկ գրելը շատ ավելի բարդ է:

…«Նոր Ոսկեդար» մրցույթը ընդգրկում էր նաև Սփյուռքի արվեստագետներին: Մրցանակ շահեցին մրցույթին ներկայացված 300 գործերից 25-ը: Մրցանակակիրների մեծ մասը ճանաչված արվեստագետներ էին՝ նկարիչ, քանդակագործ, երգահան, ռեժիսոր, արձակագիր, բանաստեղծ…

– Իսկ լրագրության բնագավառից այլ մրցանակակիր կա՞ր:

– Ոչ, լրագրության բնագավառից ես միակ մրցանակակիրն էի: Ի դեպ, ինձ համար այս մրցանակը անակնկալ էր, որովհետև, ինչպես բոլոր նախորդ մրցույթներում, իմ հոդվածները ես չէի ներկայացրել «Նոր Ոսկեդարի» ժյուրիին, այլ այն մարդիկ, ովքեր հետևում են իմ աշխատանքին և գնահատում են այն:

-Տարիներ շարունակ լինելով ռազմական լրագրության էպիկենտրոնում, Դուք բառացիորեն անդրադարձել եք բանակի հետ առնչվող բոլոր խնդիրներին: Եղել եք կամուրջ բանակ-հասարակություն առնչություններում: Դուք հաջողակ լրագրող եք, հայ երևելի գրողները Ձեզ իրենց գրչակիցն են համարում: Այսքանից հետո՝ ի՞նչ է տալիս մրցանակը լրագրողին:

– Ինձ համար մրցանակը ամփոփում է իմ գործունեության ևս մեկ փուլ և հուշում նոր, ավելի բարձր հարթություն բարձրանալու անհրաժեշտությունը: Մրցանակը վաստակիդ արձանագրումն է, հաջորդ մրցանակի համար դու պիտի նոր որակ ապահովես: Ես չեմ կարող չհիշել, որ այս մրցույթում ներկայացվել եմ այնպիսի արվեստագետների կողքին, որոնց անունները միայն պատկառանք են ներշնչում: Սա շատ պարտավորեցնող է:

Ի դեպ, մրցույթը հրաշալի էր կազմակերպված: Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ու մյուս կազմակերպիչները ջանք չէին խնայել, որ դահլիճում տիրի մշակութային վեհաշունչ մթնոլորտ: Մրցույթը որոնում է հայ արվեստի և գրականության Նոր Ոսկեդարի շեփորահարներին՝ սա մրցանակաբաշխության լեյտմոտիվն էր:

-Ես գիտեմ, որ դուք նույնիսկ քսան տարեկանում գրում էիք նույնքան հմուտ ու վարժ, որքան այսօր: Ձեր հրապարակախոսությունները կարդալիս միայն տարեթվերն են հիշեցնում, որ դրանք տասնամյակներով հեռու են իրարից: Ումի՞ց եք ժառանգել այդ տաղանդը::

-Այո, ես սիրում եմ ազնիվ, բարձր ու ողորկ գիր, և վստահ եմ, որ խոսքի գեղարվեստ ստեղծելու առաջին պայմանը ի վերուստ տրված տաղանդն է: Շատ կարևոր է նաև ներքին խտացումը, հոգուդ տարողությունը, շերտերը: Այս առումով՝ շատ կարևոր է բարեկամությունը գրքի հետ: Եթե դու մինչև վեց տարեկան ամեն օր հեքիաթներ, մանկական պատմվածքներ, բանաստեղծություններ չես լսել, 7-ից 13 տարեկանում քո կարդացած վիպակները ավելի դժվարությամբ կներծծվեն հոգուդ մեջ: Իսկ եթե այդ շրջանն էլ ես բաց թողել, ապա ներքին կարծրությունդ հազիվ թե կոտրվի, եթե անգամ 13-ից 20 տարեկանում ընթերցես համաշխարհային գրականության լավագույն գործերը: 20-ից հետո արդեն գալիս է ինքդ քեզ, քո ներաշխարհը իրացնելու շրջանը:

…Ես 4 տարեկանում լուրջ ընթերցող էի, օգտվում էի մշակույթի տան գրադարանից: Իսկ մամուլում տպագրվել եմ չորրորդ դասարանից: Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրս՝ Սիլվա Ղուշչյանը, որը բարձրագույն երաժշտական կրթություն ունի և մշակույթի տան տնօրեն էր: Ես բառացիորեն կուլիսներում եմ մեծացել՝ գրողների, դերասանների, երգիչների միջավայրում: Մորս շնորհիվ մանկության տարիներին լսել եմ հայկական երգչախմբային արվեստի ամբողջ ռեպերտուարը: Եվ այս ամենը ձևավորել է իմ գեղարվեստական ճաշակը:

…Արվեստը ծնվում է ցավից: Ու ավելի գեղեցիկ և վեհացնող է, եթե այդ ցավը անանձնական է: Անանձնական ցավ է զգում միայն զգայուն ու առաքինի հոգին:

-Դուք հարցազրույցներ եք արել հարյուրավոր արվեստագետների ու մտավորականների հետ: Դրանք 2018-ին արժանացան Գեղարվեստական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի Ոսկե մեդալին: Ինչպե՞ս եղավ, որ հենց Ձեզ վերապահվեց պաշտպանական գերատեսչության պաշտոնական հանդեսի մշակութային հրապարակումները հեղինակելու պատասխանատվությունը:

– «Հայ զինվորի» մշակութային խորագիրը ես վարում եմ ավելի քան 20 տարի, այսինքն՝ Զինված ուժերում ծառայության անցնելու օրվանից: Դա հանդեսի երջանկահիշատակ խմբագիր, մեծ գրող Վրեժ Իսրայելյանի որոշումն էր: Անչափ հպարտ եմ, որ նա հենց ինձ վստահեց այդ պատվելի ու հույժ կարևոր գործը: Ես բախտ եմ ունեցել իրենց կյանքի պատմությունը լսել վերջին քսանամյակի բոլոր մեծ արվեստագետներից: Ես արձանագրել եմ նրանց մտորումները բանակի, հայ արվեստի և հասարակության ամենակենսական խնդիրների մասին: Սա մշակութային մեծ ժառանգություն է, որը ես սերունդների կհանձնեմ մի քանի հատորյակով:

-Փոխգնդապետի ուսադիրներով ռազմական լրագրողը բացի բանակային թեմաներից երբեմն պատմվածքներ է գրում հասարակ մարդկանց մասին: «Սլոն» դրանցից մեկն էր: Պատմվածքը բավականին մեծ արձագանք ստացավ համացանցում: «Նոր Ոսկեդար» մրցանակաբաշխության ժամանակ համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը ասաց, որ ժյուրին ցանկացել է երկու մրցանակ շնորհել Ձեզ, մեկը՝ հերոս զինվորների մասին ակնարկաշարի, մյուսը «Սլոն» պատմվածքի համար: Եվ «Սլոն» անպայման կներկայացվի հաջորդ մրցույթում: Շարունակելո՞ւ եք գրել, այսպես ասած. արտաբանակային թեմաներով:

-Ես պատմվածք չեմ գրում, պարզապես պատմում եմ իմ մանկության մարդկանց մասին: Վերջերս համացանցում նոր պատմություններ եմ հրապարակել Աշիրի, իմ վերջին կաթնատամի, Պստիկ գլուխ Վաչոյի, Սիրիկի ու Հաթուի մասին: Եթե նոր բան հիշեմ, անպայման կպատմեմ: Ուրախ եմ, որ այդ պատմությունները մրցանակ են շահում գրական մրցույթում:

-Դուք չունեք ոչ մի հրատարակված գիրք: Բայց, ի տարբերություն գրքեր ունեցող բազմաթիվ գրողների , ձեր վարկանիշը շատ բարձր է ընթերցող հասարակության շրջանում, Ձեր ստեղծագործությունների պահանջարկը՝ նույնպես: Ի՞նչ է պակասում հայ ժամանակակից գրականությանը և լրագրությանը՝ ըստ Ձեզ:

– Այս պահին առնվածն 5-6 գրքի նյութ կա, որը անհրաժեշտ եռանդի ու դրամական միջոցների առկայության դեպքում՝ կարող է գրքի ձևաչափով հանգրվանել ընթերցողի սեղանին: Բայց ես չեմ շտապում, որովհետև իմ հոդվածները Պն «Հայ զինվոր» հանդեսի միջոցով և համացանցով հասել ու հասնում են լսարանին:

Ի՞նչ է պակասում հայ գրականությանն ու լրագրությա՞նը…Ոչինչ չի պակասում, ընդհակառակը՝ ահագին ավելցուկ կա: Ահագին աղբ կա, որը ապականում է ընդհանուր մթնոլորտը, ապակողմնորոշում է ընթերցողին, ու նա խարխափելով, դժվարությամբ է հասնում լավ գրականությանն ու լավ լրագրությանը: Մենք ունենք հրաշալի արձակ, շատ լավ պոեզիա, տաղանդավոր լրագրողներ…

-Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:

– Ես նախընտրում եմ փոքրածավալ գործերը՝ առանց սուր սյուժեի, առանց պաթոսի, բայց լի ներքին դրամատիզմով՝ մարդկային հոգու անսահմանության չափ խոր ու տարողունակ: Ես սիրում եմ կարդալ «փոքր» մարդու մասին, որն իր հոգում մի ամբողջ տիեզերք է կրում: Ես սիրում եմ այն գրականությունը, որտեղ մարդը արժանի է հիացմունքի, և որը լի է կարեկցանքով մարդու հանդեպ: Վիլյամ Սարոյան, Սելինջեր, Աղասի Այվազյան, Մարկես, Քամյու…կարող եմ երկար թվարկել: Ես սիրում եմ ոճի դասական, նրբաճաշակ պարզությունը, տանել չեմ կարող ռաբիսը գրականության մեջ, կլկլոցն ու գռեհիկ ծեքծեքումները:

-Ո՞րն է ձեր ամենակարևոր ուղերձը ընթերցողին:

– Մենք՝ Աստծո պատկերով ստեղծվածներս, կարող ենք ավելի լավը լինել, քան կանք: Յուրաքանչյուրս արարված ենք սիրով ու սիրուց: Եթե մենք աշխարհ ենք եկել, ուրեմն՝ մեր ներկայությունը հույժ կարևոր է այս մոլորակի վրա ու պարզապես չի կարելի փոքր ու աննշան մնալ: Մեր կյանքի հետագիծը պիտի վառ ու լուսավոր լինի, մեր կյանքով պիտի աշխարհը ավելի լավը դառնա: Սա յուրաքանչյուրիս առաքելությունն է:

-Դուք հասարակական կարծիք եք ձևավորում: Ձեր խոսքը արժանահավատ է ու վստահելի: Ձեր դրական գնահատականը շատ սկսնակների համար կարող է դռներ բացել: Կա՞ մեկը, որի ճանապարհին կանաչ լույս եք վառել:

– Եթե որևէ մեկը տաղանդավոր է, բոլոր դռները կբացի, անկախ նրանից, թե ես ինչ եմ մտածում իր գործունեության մասին: Հեղինակավոր կարծիքն ու կանաչ լույսը միջակներին է պետք: Ես տասնյակ սկսնակների եմ օգնել, խոսքը վերաբերում է մասնագիտական աջակցությանը, նրանցից ոմանք մնացել են կեսճանապարհին, ոմանք շարունակում են իրենց ընթացքը: Ոմանք հմտացել են, ոմանք միջակության շեմից առաջ չեն անցել: Լրագրության ասպարեզում ոչ հեղինակավոր հովանավորդ, ոչ փողդ, ոչ էլ պաշտոնդ չեն կարող ստիպել մարդկանց, որ գրածդ կարդան: Այստեղ դու միայն մի աջակից ունես՝ քո գրի կշիռն ու արժեքը:

-Զինվորականների միջավայրը, համազգեստը, ուսադիրների երկու մեծ աստղերը որքանով են համատեղելի լրագրողի խառնվածքի հետ:

– Ինձ համար բանակի մարտունակությունը գերակա արժեք է, երկրի պաշտպանունակությանը ստորադասված են բոլոր շահերը: Իմ մեջ նստած գրաքննիչը ծանրութեթև է անում յուրաքանչյուր բառս՝ ուժեղ պետականության, հզոր բանակի ու պաշտպանված երկրի շահերի տեսանկյունից; Համազգեստը ստիպում է, որ աստիճանաբար ես-ից անցնես մենք-ի, ուսադիրները բազմապատկում են պատասխանատվությունդ, զինվորական միջավայրը քեզ դարձնում է հավաք ու կանոնիկ: Սա դառնում է կյանքի ոճ, խոսքի ոճ…

-Ի՞նչ կմաղթեք, ի՞նչ խորհուրդ կտաք լրագրողի դժվար ու պատվելին ուղին բռնած սկսնակներին:

-Գրիչ վերցրու միայն այն ժամանակ, երբ ասելիք ունես: Գրիր այնպես, ասես՝ պատմում ես ամենամոտ մարդուն: Պատմիր ազատ, անկեղծորեն, պատմիր այն, ինչը հուզում է քեզ: Խանդավառված պատմիր, հոգով պատմիր, անկաշկանդ, մի կմկմա, մի վախեցիր սխալվելուց: Սիրիր ընթերցողին, մանավանդ՝ հարգիր նրան: Պատմիր այնպես, որ հասկանալի լինես ու հուզես փողոցը մաքրող հավաքարարից մինչև երկրիդ նախագահը:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031