Պատմությունը, ինչպես հայտնի է, պարուրաձեւ է՝ իրադարձությունները ժամանակ առ ժամանակ կրկնվում են՝ իհարկե, ոչ ճշգրտորեն, այլ փոփոխված տարբերակներով: Առաջին նախագահի օրոք Դաշնակցությունն արմատական ընդդիմություն էր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, այնուհետեւ կուսակցությունը սկսեց համագործակցել Երկրորդ եւ Երրորդ նախագահների հետ՝ ժամանակ առ ժամանակ հակադրվելով նրանց: Հիմա պատմության անիվը եւս մի շրջապտույտ է կատարել, եւ ՀՅԴ-ն կրկին հայտնվեց ընդգծված ընդդիմության շարքերում: Թեեւ իշխանությունն այդ հարցում «պաշտոնապես» ոչինչ չի հայտարարում, Դաշնակցության վերջերս կազմակերպած հանրահավաքը իշխանական շրջանակների կողմից նյարդային է ընդունվել: Եթե տեսնում եք Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի նկարը՝ «թռչնի բարձրությունից», որը կոչված է ապացուցելու հանրահավաքի սակավությունը (առաջ նման նկարներ էր հրապարակում ՀՀԿ-ն), ուրեմն իմացեք՝ իշխանությունը դժգոհ է:
Դաշնակցության գաղափարախոսությունն ինձ համար խորապես խորթ է: Բայց երբ որեւէ դաշնակցական գործիչ որեւէ հարցով կարծիք է արտահայտում, իսկ իշխանության ֆանատները դրան հակադարձում են, թե «դու ընդհանրապես իրավունք չունես խոսելու, որովհետեւ ձեր կուսակցությունը ծախվել էր Քոչարյանին ու Սերժին», դա ինձ համար փաստարկ չէ: Կարծիքների երփներանգը պետք է լինի հնարավորինս բազմազան՝ որքան հարուստ, այնքան լավ պետության համար: Ոչ ոք ոչ մեկի բերանը չպիտի փորձի փակել: Մանավանդ Դաշնակցության պարագայում՝ անկախ մեր անձնական վերաբերմունքից, դա մեր համազգային կառույցներից մեկն է:
Այսօր մայիսի 28-ն է։ Խորհրդային Հայաստանում չէին ընդունում այս տոնը, որովհետեւ կոմունիստները կարծում էին, որ մենք` հայերս, չենք կարող անկախ պետություն ունենալ, եւ նման ձգտումները մեզ միայն վնաս կբերեն: Այդ տարիներին քարոզչությունն ուղղվում էր Առաջին հանրապետության դեմ, իսկ պատմությունն ակնհայտորեն խեղված էր ներկայացվում։ Երրորդ հանրապետության հիմնադիրները վերականգնեցին 1918-20 թվականների պետական զինանշանը եւ օրհներգը, եւ դա գեղեցիկ քայլ էր, «կամար էր գցում» 1918 եւ 1991 թվականների միջեւ: Բայց 1990-ականների առաջին կեսին իշխանություն-ՀՅԴ, մեղմ ասած, լարված հարաբերությունները ստվեր էին գցում մայիսի 28-ի եւ հետագա իրադարձությունների վրա: Պարզ է, որ Առաջին հանրապետությունում էլ ամեն ինչ չէ, որ պայծառ էր՝ մասնավորապես, եղել է ե՛ւ կոռուպցիա, ե՛ւ կամայականություններ, ե՛ւ անարդար ընտրություններ: Բայց Առաջին հանրապետությունը, իր պայծառ եւ ստվերոտ կողմերով, միայն ՀՅԴ-ինը չէր, մեր ամբողջ ժողովրդինն է: Ինչպեսեւ Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունները: Ինչպեսեւ Դաշնակցությունը: Ինչպեսեւ բոլոր մնացած կուսակցությունները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ