Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները հայտարարությամբ հանդես եկան՝ «ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը»

Մայիս 27,2019 23:23

Ինչպես հայտնել ենք Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աջափնյակի նստավայրում այսօր ժամը 16-ից դատավորների ընդհանուր ժողովն է, այն տեւեց մոտ 6 ժամ:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ժողովից հետո լրագրողներին ներս հրավիրեց եւ հայտարարություն արեց: Նա տեղեկացրեց, որ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեին 229 դատավոր, այսօր ներկա է եղել 165-ը:

Ժողովի ժամանակ դատավորները հայտարարություն են մշակել, որտեղ մասնավորապես ասվում է, որ իրենք էլ են կարեւորում ոլորտի բարեփոխումը. «Սակայն այն պետք է ունենա հիմնավոր եւ հստակ հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով: Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի բացառապես կառուցողական երկխոսության արդյունքում: Դատավորների ընդհանուր ժողովը, որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության եւ դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում: Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որեւէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ:

Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով եւ կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ, ուստի դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին դատաիրավական բարեփոխումներին ուղղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներից եւ ՀՀ միջազգային պարտավորություններից՝ վերեւ կանգնել նեղ շահերից: Դատավորների ընդհանուր ժողովը կարեւորում է յուրաքանչյուրի կարծիքն ազատ  արտահայտելու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, ցանկացած ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց ընդունելին է նաեւ դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա սխալները: Այդուհանդերձ, դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանությունների հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը: Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների նկատմամբ ցանկացած անհարգալից գործողություն եւ կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից»: Վերջում Խունդկարյանն անդրադարձավ վերջին կետին, որն արձանագրված էր հայտարարության մեջ՝ ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031