ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին եւ «վեթթինգի» իրականացմանը:
Ես գրում եմ Ձեզ ի շարունակումն ս.թ. ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած մեր հանդիպման, որի ընթացքում մենք վերահաստատեցին Հայաստանի եւ Վենետիկի Հանձնաժողովի միջեւ սերտ համագործակցություն ծավալելու մեր շահագրգռվածությունը:
Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումների եւ անգամ «վեթթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին:
Կարդացեք նաև
Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համակարգը չի վայելում բնակչության վստահությունը եւ համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:
Արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունն, անշուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարեւոր հատկանիշներից է, եւ ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարարում Հայաստանում:
Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ ընդունել եւ աջակցել է բովանդակային բարեփոխումների ու անգամ «վեթթինգի» ընթացակարգի իրականացումը նման իրավիճակում գտնվող եվրոպական այլ երկրներում:
Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի Հանձնաժողովը նաեւ հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, եւ հաշվի առնելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին եւ կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն, եթե այդ չափանիշները հարգված են:
Վենետիկի Հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»,–նշված է նամակում: