Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կոոպերատիվներն առաջնահերթություն է համարում, բայց հարկային օրենսդրության պատճառով դրանք իրար հետեւից փակվում են

Մայիս 27,2019 23:13

Հսկայական ջանք ու միջոցներ են ներդրել կոոպերատիվներ ստեղծել, բայց այսօր դրանք փակվում են

«Անապահով կյանքից՝ ապահով կյանք»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է փոխել կոոպերատիվը ձեր կյանքում, ասում է Շաղատ համայնքի բնակիչ Նարինե Մնացականյանը: Նրա խոսքով, իրենց գյուղում ստեղծված կոոպերատիվի շնորհիվ հոգսերը փոքր-ինչ թեթեւացել են, եւ, եթե առաջ մտածում էին, որտեղի՞ց գումար հայթայթեն, որպեսզի ընտանիքի, երեխաների հոգսերը հոգան, ապա հիմա 30-40 տոկոսով կոոպերատիվը հոգսերը թեթեւացնում է:

Շաղատը Սյունիքի մարզի սահմանամերձ լեռնային գյուղերից է՝ մոտ 1050 բնակչությամբ:
Շաղատցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եւ նաեւ՝ արտագնա աշխատանքը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում համայնքի բնակիչները նշեցին, Շաղատում գյուղատնտեսության հիմնական ուղղությունը անասնապահությունն է ու դաշտավարությունը: Այսինքն՝ թե՜ առաջինի եւ թե՜ երկրորդի պարագայում ներդրումներ են անհրաժեշտ, պետական աջակցություն:

Օգնության ակնկալիքով, գյուղոլորտի պատասխանատուների դռները թակելուց հոգնած շաղատցիները, որոշել են կոոպերատիվ հիմնել, որպեսզի համատեղ ուժերով ավելի հեշտ լինի գյուղատնտեսական հարցերը լուծել: «Շաղատ» սպառողական կոոպերատիվով համագործակցել են տարբեր բարեգործական կազմակերպությունների, նաեւ ծրագրերի հետ, գյուղտեխնիկա եւ այլ գործունեության սարքավորումներ են ձեռք բերել: Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ 20 տոկոս ներդրում էլ ինքն է արել: Այս պահին կոոպերատիվը 60 անդամ ունի, սակայն աշխատանքներում ներգրավված են համայնքի 19 բնակիչ:

Մարզային պատասխանատու Աշոտ Ամիրխանյանի խոսքով, Սիսիանի տարածաշրջանում հացահատիկային մշակաբույսերից հիմնականում հաճար են ցանում, ուստի կոոպերատիվի անդամները նաեւ հաճարի աճեցմամբ ու մշակմամբ են զբաղվում: Կոոպերատիվի իրացման շուկան հիմնականում մայրաքաղաքն է: Կոոպերատիվում նաեւ կտավատի ձեթ են ստանում, որը սակայն իրացնում են բուժական նպատակներով:

«Շաղատ» կոոպերատիվի նախագահ Տիգրան  Խաչատրյանի խոսքով, համայնքի կյանքում կոոպերատիվը փոփոխություն, աշխուժություն է մտցրել, բայց՝ օրենսդրական խնդիրներ կան, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում: Ասում է՝ գործունեությունն ընդլայնելու համար 30 հեկտար հողատարածք են վարձակալել, բայց երբ դիմել են վարկ ստանալու համար՝ բանկերից սկսած, վարկային կազմակերպություններով վերջացրած՝ մերժել են՝ պատճառաբանել են, որ կոոպերատիվը ոչ թե գյուղատնտեսական է, այլ՝ սպառողական:

Խնդիրն ինչումն է՝ պարոն Խաչատրյանը չի հասկանում: Նրա խոսքով, կոոպերատիվը հիմնադրելուց ի վեր հունձը ժամանակին են անում, իսկ նախկինում տեխնիկայի բացակայության պատճառով հաճախ են վար ու ցանքը, հունձը ուշացրել: Եվ,պետությունը փոխանակ առաջացած խնդիրները լուծի, որպեսզի այսպիսի կոոպերատիվներն ավելանան, ընդլայնվեն, մատը մատին չի տալիս: Կոոպերատիվի նախագահի խոսքով, բանկերն ու վարկային կազմակերպությունները ոչ միայն երաշխավորներով վարկ չեն տրամադրում, այլեւ՝ գրավի դիմաց էլ չեն տալիս:

Կոոպերատիվը գյուղի երկու բնակչի էլ՝ մասնագիտությամբ մեխանիզատորների, արտագնա աշխատանքից է հետ պահել, նրանք այսօր գյուղի համար են բարիք ստեղծում:
Շաղատցիներն ասում են, որ գյուղում աշխատատեղ չկա, ուստի

համայնքի բնակիչների համար էլ կոոպերատիվը կայուն աշխատատեղ է ապահովել. ոմանք իրենց հավաքած խոտաբույսերն ու դեղաբույսերն են կոոպերատիվին հանձնում, ոմանք չորանոցի, ջերմոցի ու արտադրամասերի աշխատանքներին են մասնակցում:

Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի ծրագրեի համակարգող Վադիմ  Ուզունյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատում է, որ սպառողական կոոպերատիվները հաճախ են կանգնում վարկ ստանալու խնդրի առաջ, պատճառն այն է, որ սպառողական կոոպերատիվն, ի տարբերություն գյուղատնտեսականի, շահույթ չի հետապնդում:

«Սպառողական կոոպերատիվն ավելի շատ սոցիալական ձեռնարկության մոդել է, որի  հիմնական նպատակը բարիքներ ստեղծելն է իր  անդամների  եւ իր համայնքի համար, բավարարել  անդամների եւ համայնքի կարիքները»,-ասում է պարոն Ուզունյանը: Նրա խոսքով, «սպառողական կոոպերատիվները լավ մոդել են, բայց, երբ ֆերմերները փորձում են  ֆինանսական գործարքներ անել, առնչվում են, աբսուրդ, ոչ բարենպաստ քաղաքականության հետ»:

«Եվ, եթե, այսօր, անհատ գյուղատնտեսն ազատված է եկամտահարկերից, տրամաբանությունն ասում է, որ, մտնելով գյուղատնտեսական կոոպերատիվների մեջ, որը  ռազմավարություններով առաջնահերթություն է եւ պետք է խթանվի, հակառակն է տեղի ունենում՝ ավելի է ծանրանում նրանց հարկային բեռը»,-ասում է պարոն Ուզունյանը: Նրա խոսքով,

Դաշինքի կարեւոր առաջարկներից մեկն այն է, որ տարանջատվեն  առեւտրային կառույցներն ու սպառողական կոոպերատիվները.«Գոնե հարկային օրենսգրքում փոփոխություն բերվի: Հարկային առումով այսօր ամենավատ վիճակում գտնվում է սպառողական կոոպերատիվը: Կան եւս օրենսդրական փոփոխություններ, որը կրկին առաջարկում ենք, տարանջատվի կոոպերատիվներն իրենց գործունեությամբ, բնույթով, դա էլ չի արված: Համենայնդեպս, մենք ուզում ենք, որ այն կոոպերացիաները, որոնք ունեն կարճ պատմություն՝ 5-10 տարվա, նրանք չփակվեն: Այն միջազգային կառույցները, որոնք ջանք են թափել, ռեսուրս են ներդրել, որ այդ մոդելները զարգանան, այսօր փակվում են, ինչը վատ տենդենց է»:

Նշենք,որ լրագրողների մեդիա արշավը Սյունիքի մարզ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի նախաձեռնությամբ էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031