Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անցումային արդարադատությունը բացատրված չլինի, որևէ մեկը չի ստիպի ժողովրդին, որ դա ընդունեն. Սոֆյա Հովսեփյան

Մայիս 27,2019 20:03

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ձևակերպմամբ, անցումային արդարադատության համար պետք էր իրապես հիմք, որպեսզի գնային այդ քայլին: «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ասաց, թե չէր ցանկանա, որ դա լիներ այն գնով, ինչով եղավ ու հիշեցրեց. «Ցավոք, տարիներ շարունակ մենք այդ մարմինը չենք ունեցել, որից առավելագույն տուժողը եղել է ժողովուրդը: Եթե խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, դատական համակարգը պետք է գլխիվայր փոխվի: Չմոռանանք այն որակյալ մասնագետներին, որոնք իրապես իրենց գործի գիտակն են: Ոչ թե գերշտապողականություն է պետք, այլ պետք է խիստ ուշադիր լինել և թացն ու չորն իրար հետ չխառնել»:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ ինչ-որ բան քանդելուց առաջ պետք է ունենալ երաշխավորված այլընտրանք. «Այնպես չէ, որ ես, որևէ մեկը մեր կուսակցությունից այն կարծիքին ենք, որ ՀՀ-ում արդարադատության համակարգը փայլուն է գործում, վստահ ենք, որ արմատական փոփոխությունների խնդիր կա, բայց նաև չենք կարող ներկայացնել այն տեսակետը՝ համաձայն որի այսօր ՀՀ-ում դատական համակարգը լրիվ պարալիզացված է, հրատապ վիրահատական միջոցառումներ են պետք: Կան շատ դատավորներ, որոնցից ժամ առաջ պետք է ազատվել, բայց նրանց հիմքով հայտարարել, որ ՀՀ-ում ոչ մի դատավոր արդարացի հիմնավոր որոշում չի արձակում, կնշանակի շեղվել ճանապարհից: Բայց ավելորդ շտապողականությունը երբեք օգտակար չի կարող լինել»:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ հանրությունը այդպես էլ չստացավ այն հարցի պատասխանը, թե ինչ է այդ անցումային արդարադատությունը. «Այդպես էլ հանրամատչելի լեզվով չհաջողվեց բացատրել, թե ինչ է այդ անցումային արդարադատությունը: Մենք կողմ ենք արդարադատության համակարգի բարեփոխումներին, բայց որոշակի պայմաններ կան: Պետք է այն ունենա համարժեք այլընտրանքը, մեզ պետք է բացատրել ինչ գործիքներով, գործիքակազմով է դա իրականացվելու: Չկարողացան նաև համոզել այն՝ ողջամտորեն ակնկալվող արդյունքի մեջ»:

Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ իշխանությունը դրան արագ չէր արձագանքում, քանի որ յուրաքանչյուր անձ պետք է հասկանա. «Խնդիրը դրված չէ, որ փոխենք դատական համակարգը, քանի որ այդպես է հարմար իշխանություններին, այլ նրան համար, որ դա անհրաժեշտություն է: Իրականում լյուստրացիա երևույթը կոլեկտիվ քանդելն էր մի համակարգի, որն իրապես կբերի խնդրի: Այսօր այն քաղաքականությունը, որը վերցրել է իշխանությունն իր վրա, ոչ թե լյուստրացիայի, այլ զտման երևույթ է, որտեղ իրապես որակյալ մասնագետները կմնան ու կպաշտպանեն մարդու իրավունքները»:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ զտման գործընթացի իրավաբանական հնարավորություն կա նաև այսօր. «Այնպես չէ, որ դատավորը՝ նշանակված իր պաշտոնում, որևէ առումով որևէ մեկին հաշվետու չէ: Կա Արդարադատության ակադեմիա, որ վերապատրաստումներ է անում, եթե դատավորը թերանում է, կարող են պատասխանատվության ենթարկել և ընդհուպ մինչև պաշտոնից ազատում: ԲԴԽ-ն կոչված է ապահովել երկրում դատական համակարգի անկախությունը, որոշակի գործառույթներ ունի վարքի նկատմամբ, հսկողության սահմանման: Մենք կողմ չենք, որ մի քանի բախտախնդիր դատավարի պատճառով վերցնեն ամբողջ համակարգը կազմալուծեն հետո չգիտեմ՝ ովքեր են գալու նրանց փոխարեն»:

Սոֆյա Հովսեփյանն էլ վստահեցրեց՝  երբ ժողովուրդը կհասկանա, թե ինչ է անցումային արդարադատության համակարգը և ինչու է պետք, այն կիրականացվի, եթե բացատրված չլինի, որևէ մեկը չի ստիպի ժողովրդին, որ դա ընդունեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031