Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ ասում էին՝ Տարոն Մարգարյանի դիսերտացիայի թեմայով ե՞րբ եք զբաղվելու». Հովհաննիսյանը՝ գրագողության մասին

Մայիս 27,2019 19:10

Գիտության, կրթության մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումների» թեմայով քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ այս քննարկման հիմքում դատավոր Ազարյանի հետ կապված հարցն է: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջը արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել:

Հանձնաժողովի փոխնախագահ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ իրենց էլ անընդհատ ասում էին, թե` «Տարոն Մարգարյանի դիսերտացիայի թեմայով ե՞րբ եք զբաղվելու», բայց երբ աշխատանքի մեջ գրագողության դեպքեր չեն հայտնաբերվում, ուրիշի կողմից գրված լինելու հանգամանքն է միայն, չեն կարող ապացուցել, խոսքը կոնկրետ փաստի՝ գրագողության դեպքերի մասին է:

Նա ասաց, որ նախկին համակարգի արատավոր երեւույթներից էր, երբ հարսին կամ տղային դիսերտացիա էին նվիրում՝ կոչում այսպես ասած: Բայց նոր իշխանությունների պարագայում մարդիկ այդ երեւույթները պետք է չշարունակեն: Խնդիրը հասունացել էր բավականին երկար ժամանակ, միայն Ազարյանի հետ կապված չէ. «ԲՈԿ-ը հետագայում իր աշխատանքներում ամեն ինչ կանի՝ նշանակություն չունի՝ ներկա, թե նախկին իշխանություն է, եթե կա գրագողության դեպք՝ պատժվի: Դրանից տարիներ շարունակ մեր գիտությունը տուժել է մենք այլեւս չենք հանդուրժելու: Հիմա աչք չենք փակելու այդ երեւույթների վրա: Տարբեր էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ դա հնարավոր է վերահսկել»:

Նա կոչ արեց բուհերին հակապլագիատ գործիքներ ներդնել, որոնք ուսանողին զերծ կպահեն նման դեպքերից եւ հիշեցրեց. «Գրագողությունը սկսում է այն ժամանակից, երբ ծնողը սկսում է երեխայի փոխարեն տնային շարադրությունը գրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031