«Երկու հայկական պետությունների ժողովուրդների միջև լարվածություն չկա ու չի կարող լինել, և դա այն չէ, ինչի մասին խոսում եք: Այդպիսի երևույթների մենք առաջին անգամ ականատես չենք լինում և պետք է հաղթահարենք»,- դիտարկմանը՝ մի կողմից Աննա Հակոբյանն իրականացնում է կանայք հանուն խաղաղության արշավ, մյուս կողմից տեսնում ենք, որ Հայաստանի, Արցախի ժողովուրդների միջև ներքին տարաձայնություն կա, Ազատության հրապարակում էլ Արցախի իշխանությունների հանդեպ բռնության կոչեր հնչեցին, ասուլիսին այսպես արձագանքեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ դա քաղաքական ինչ-որ ենթատեքստ ունեցող և շատ փոքր շերտ ներառող երևույթ է: ՀՀ վարչապետի տիկինն ասաց, որ այդ պատմությանը ծանոթ է վերնագրերի մակարդակով, բայց այդ անձը պատասխանատվության է կանչվել, ու ինքը նույնիսկ դրա մեջ վտանգ էլ չի տեսնում:
Աննա Հակոբյանի գնահատմամբ՝ վերջին քսան տարվա ընթացքում պարբերաբար ինչ-որ մի անհատի նկատմամբ վերաբերմունքի պատճառով փորձ է արվել ընդհանրացնել այդ վերաբերմունքը, հայտնի սեպ խրելու գործընթաց սկսել, բայց դա հաջողություն չի ունեցել, չի էլ ունենա, չկա հայաստանցի, արցախցի. «Նման բան գոյություն չունի: Նման մտահոգություն չունեմ: Ուղղակի նման բան լինել չի կարող երբևէ: Ինչ-որ երևույթների պատճառով նեղ շրջանակի մարդկանց կրքեր են բորբոքվել. դա կապ չունի ժողովրդի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ