Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավոր Ռշտունին՝ իր ընտանիքի ունեցվածքի եւ բիզնեսի մասին. «Իմ ընտանիքը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ունի կարողություններ»

Մայիս 27,2019 18:01

Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավորների ժողովն է ընթանում: Այն դռնփակ է, հետեւաբար լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել:

Մինչ ժողովի մեկնարկը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում հարցին՝ դուք տասը տարին է՝ դատավոր եք, զանգերով որոշումներ չե՞ք կայացրել՝ պատասխանեց. «Մեկին գտեք, որ կասի, թե ես ինչ-որ դատական ակտ կայացրել եմ զանգի միջոցով: Ես ոչ զանգի միջոցով եմ դատական ակտ կայացրել, ոչ կայացնում եմ, ոչ էլ կկայացնեմ: Ոչ նախկինում են զանգել, ոչ էլ հիմա են զանգում»:

Ըստ Ռշտունու, վեթթինգը ավելի լավ է թողնել մամուլի վրա. «Միգուցե նստենք մտածենք նրա մասին՝ ի՞նչ քայլեր անենք, որ ավելի լավ աշխատի դատական համակարգը: Ինչքան հասկանում եմ՝ վեթթինգի իմաստն այն է, որ որոշեն, թե որ դատավորը կարող է աշխատել, որ դատավորը չի կարող աշխատել, տվյալ անձը կարո՞ղ է, թե՞ չէ: Կյանքում բոլորը թաքցնելու բան ունեն, եթե վերաբերում է իրենց անձնական կյանքին: Ինչ վերաբերում է իմ հրապարակային կյանքին, ես թաքցնելու որեւէ բան չունեմ»:

Թե կոնկրետ ի՞նչ չափի ունեցվածք ունի Ռշտունին ու ինչպե՞ս է կուտակել այդ հարստությունը, նա պատասխանեց. «Իմ ընտանիքը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Ունի կարողություններ, բոլորը գիտեն դրա մասին, ոչ թաքցնում ենք, ոչ էլ մեկ այլ անձի անունով գրանցված գույք ունենք, քողարկված գույք ունենք: Ես իմ գործունեությունը չեմ օգտագործել՝ իմ կամ իմ ընտանիքի համար որեւէ նյութական արժեք, օգուտ ձեռք բերելու: Իմ ընտանիքն ունի կարողություն անշարժ գույքի տեսքով, որ 4-5 տարի է, իմ ընտանիքը չի կարողանում վարձակալությամբ հանձնել ինչ-որ մեկին: Իմ ընտանիքը՝ կոնկրետ իմ հայրը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում ունենք գույք: Մինչեւ դատավոր դառնալն էլ ունեինք գույք: Ունեինք գույք, որ իմ դատավոր դառնալուց հետո վաճառվել է»: Նա ասաց, որ եթե որեւէ օգուտ է ստացել դատավոր դառնալուց հետո, թող վեթթինգի ենթարկեն իրեն:

Մեր հարցին՝ դուք պնդում եք, որ ձեր հայրիկի բիզնեսը ձեր՝ դատավոր դառնալուց հետո չի՞ կրել կտրուկ փոփոխություններ, բարգավաճե՞լ է՝ նա պատասխանեց, որ իր հայրը 5 տարուց ավելի է, ձեռնարկատիրական գործունեությամբ արդեն չի զբաղվում. «Այդ մարդը իր համար ապրում է, Աստված տա, երկար ապրի: Ես գնալով կարիերայի աճ եմ, չէ՞, ապրել, դա պետք է նպաստեր, որ իմ հայրը շարունակեր բիզնեսով զբաղվել»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը, պարզվեց՝ առեւտրային խաղերի մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031