Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ բանակցային գործընթացը զինադադարից 25 տարի անց. «Կոմերսանտի» անդրադարձը

Մայիս 27,2019 17:54

Մայիսին լրանում է Լեռնային Ղարաբաղում կրակի անժամկետ դադարեցման մասին համաձայնագրի 25 տարին: Ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակիցներ Կիրիլ Կրիվոշեևը և Հայկ Խալաթյանը եղել են Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում և եկել անմխիթար եզրակացության. Երևանի և Բաքվի՝ տարեսկզբին արված հայտարարությունը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին, տեղապտույտի մեջ է: Իսկ դրված առաջադրանքները, մասնավորապես, մարդկանց միջև շփումների ձևավորումը, ենթադրում է ընդամենը վերադարձ 2000-ականների վիճակին: Եվ դեռ հայտնի չէ՝ արդյոք կհաջողվի այդ նպատակներին հասնել, նախքան կողմերից մեկը կփորձի սառեցված հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:

Հին նոր հաջողություններ

Ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ հասան թեկուզ և ոչ մեծ, բայց որոշակի պայմանավորվածության: Նախարարները պայմանավորվեցին «փոխադարձ հիմունքներով միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու հարազատներին այցելել գերեվարության մեջ գտնվող անձանց», ինչպես նաև կազմակերպել հայ լրագրողների այցեր Ադրբեջան, և ադրբեջանցիներինը՝ Հայաստան: Այդ ամենը վերագրվում է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» արշավին, որը հայտարարվել էր հունվարին նախարարների՝ Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը:

Իհարկե, մինչ այժմ այդ արշավի շրջանակում լուրջ ձեռքբերումներ չկան: Թերևս հենց այդ պատճառով էլ անգլիական «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում: Չմեկնելու որոշում նա ինքն էր ընդունել, չնայած Ադրբեջանի ԱԳՆ-ն երաշխավորել էր նրա անվտանգությունը:

«Մխիթարյանի հարցը փոխադարձ վստահության ամրապնդման լավագույն օրինակը չէ»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ լրագրողների և գերեվարվածների փոխադարձ այցերը «այժմ քննարկման առարկա են» Բաքվի հետ: Հայ դիվանագետն ակնկալում է «մշակել այնպիսի բանաձևեր, որոնք դրական արդյունքների կհանգեցնեն»: Ընդ որում, նա ընդգծել է, որ «ես արեցի, դու էլ արա» քարոզչական մրցակցությունն ամենաճիշտ բանաձևը չէ, որն իրապես կաշխատի անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման համար»:

Թերթի հետ զրույցում նմանատիպ միտք է արտահայտել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ինչ վերաբերում է իրական այցերի կազմակերպմանը, ապա այստեղ առաջին հերթին անհրաժեշտ է աշխատել որոշակի, կարելի է ասել ստուգված առաջարկների վրա՝ հաշվի առնելով, թե որքան զգայուն թեմա է դա երկու հասարակությունների համար»,- ասել է նա: Մամեդյարովը նաև հիշեցրել է, որ Բաքուն պատրաստակամ է «իրականացնել կողմերի մոտ պահվող անձանց փոխանակությունը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի լրագրողների՝ 15 տարվա ընթացքում առաջին այցը Հայաստան տեղի է ունեցել դեռ փետրվարին, և ոչ թե դիվանագետների նախաձեռնությամբ, այլ ադրբեջանական «Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևի անձնական համառության շնորհիվ: «Ես այդ այցը 7 ամիս համաձայնեցնում էի Ադրբեջանի, և 5 ամիս՝ Հայաստանի իշխանությունների հետ,- «Կոմերսանտին» ասել է Հաջիևը:- Ինձ համար դժվար էր համոզել սեփական կառավարությանը, որ Հայաստանը մեզ համար ամենահետաքրքիր երկիրն է: Ինձ կասկածով էին վերաբերվում, հարցնում էին՝ իսկ ով է հրավիրել, ով է ֆինանսավորում: Բայց երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, հետաքրքրությունն այնուամենայնիվ, գերիշխող դարձավ մտավախությունների նկատմամբ»: Շահին Հաջիևի խոսքով՝ Երևանի փողոցներով ինքը շրջել է առանց անվտանգության աշխատակիցների, սակայն բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկն այդպես էլ իր հետ չի հանդիպել: Չի հաջողվել նաև այցը Լեռնային Ղարաբաղ. լրագրողից պահանջել են դիմում գրել Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի անունով, ինչը Հաջիևի կողմից կնշանակեր նրան ճանաչել որպես քաղաքական սուբյեկտ:

Շահին Հաջիևը հնարավոր է համարել, որ Երևանի փողոցներում ադրբեջանցիները ագրեսիայի հանդիպելու ավելի քիչ շանսեր ունեն, քան հայերը՝ Բաքվի փողոցներում: Բայց նման վերաբերմունքը նա կապում է ոչ թե փոխզիջման հասնելու ձգտման, այլ ընդհակառակը, ստատուս քվոն ամրապնդելու ցանկության հետ: «Հայերն իրենց հաղթող են զգում և ցանկանում են ադրբեջանցիների այցերը ներկայացնել որպես մեր պարտության ճանաչում»,- ասել է թերթի զրուցակիցը:

Մյուս կողմից, հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որը 2000թ. այցելել էր Բաքու, նշում է, որ իր այցից հետո իրավիճակը զգալիորեն վատթարացել է «և մոտ 5 տարի առաջ ցանկացած համագործակցություն դարձավ գրեթե անհնար»: «Ադրբեջանցիները քիչ թե շատ պարբերաբար այցելում էին Հայաստան: Ես նրանց ընդունում էի իմ ինստիտուտում, նրանք կարդում էին զեկույցներ, հոդվածներ էին տալիս ժողովածուների համար: Իսկ հետո կտրուկ վերացավ»: Ըստ Իսկանդարյանի՝ դրա մեղավորությունն Ադրբեջանինն է: «Հայերը կարիք չունեն իշխանություններից թույլտվություն հարցնել Բաքու մեկնելուց առաջ,- պարզաբանել է նա:- Իսկ հակառակ կողմում իրավիճակը բոլորովին այլ է: Ես ինձ մոտ հրավիրել եմ Եվրոպայում ապրող ադրբեջանցիների: Եվ նրանք հրաժարվել են գալ՝ պատճառաբանելով, որ խնդիրներ կարող են առաջանալ իրենց ազգականների հետ»:

Նոր պայմաններ

Այն փաստը, որ դիվանագետները ստիպված էին քաղաքական կարգավորման բանաձևի քննարկումից անցնել մարդասիրական հարցերի, ցույց է տալիս, որ կա համակարգային խնդիրը. վերջին տասնամյակում Երևանի և Բաքվի միջև վստահությունը նվազել է: Այդ մասին ռուս լրագրողների հետ հանդիպմանն ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ իրավիճակի մեջ մեղադրվելով Բաքվին:

«Ադրբեջանում շարունակվող հակահայկական տրամադրությունների սերմանումը, Ռամիլ Սաֆարովի օրինակը և այդ ամենի գագաթնակետը՝ 2016թ. ապրիլը, միայն հաստատում են այն, որ մենք անվանում ենք էքզիստենցիալ ռիսկերի նկատմամբ բարձր զգայունություն»,- ասել է նախարարը ռուս լրագրողների հետ հանդիպմանը:

Ուշագրավ է, որ Բաքվում «Կոմերսանտի» գրեթե բոլոր զրուցակիցները Ռամիլ Սաֆարովի և՛ արարքի, և նրա հերոսացման մասին խոսում են դատապարտումով: «Նա պարզապես փաստի առաջ է կանգնեցրել մեզ,- «Կոմերսանտին» ասել է Ադրբեջանի պետական կառույցների աղբյուրը:- Իսկ հիմա հայերն ամեն առիթով օգտվում են այդ միջադեպից՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, այդ թվում՝ բանակցային գործընթացում»:

Մինչդեռ Էլմար Մամեդյարովը հերքել է այն ենթադրությունը, որ Սաֆարովի միջադեպը լրջորեն ազդել է բանակցային գործընթացի վրա: «Բոլոր խնդիրների պատճառը Հայաստանի օկուպացիոն ուժերի անօրինական ներկայությունն է իրենց կողմից զավթված և պահվող ադրբեջանական տարածքներում, որտեղ դրա պատճառով չեն կարող վերադառնալ հարյուր հազարավոր ադրբեջանցի հարկադիր տեղահանվածներ, այդ թվում Ռամիլ Սաֆարովի ընտանիքը, որն արտաքսվել է Ջեբրայիլի շրջանից»,- ասել է արտգործնախարարը:

Հաշվի առնելով փոխադարձ վստահության պակասը՝ Հայաստանում չեն թաքցնում բանակցային դիրքերը բարելավելու իրենց մտադրությունը: 2018թ. վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կհասնի նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվի բանակցային գործընթացում: «Եթե ղարաբաղցիները չներգրավվեն գործընթացում, նրանք չեն ունենա դրան մասնակցելու զգացողություն: Եվ մենք չենք կարող նրանց թելադրել այս կամ այն որոշումը»,- պարզաբանել է Զոհրաբ Մնացականյանը:

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ից ակնարկում են, որ երբեք չեն ընդունի այդ տրամաբանությունը: Էլմար Մամեդյարովը «Կոմերսանտին» ասել է. «Հայաստանի Հանրապետության դեմ՝ որպես հակամարտության կողմ. հանդես է գալիս Ադրբեջանի Հանրապետությունը: Այս ձևաչափը հաստատվել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշմամբ 1992թ. մարտի 24-ին: Այդպիսին է իրողությունը: Մնացած ամեն ինչը կամ ավելորդ մտքեր են, կամ մտացածին պատրվակներով կարգավորման գործընթացը ձգձգելու փորձեր»:

«Նոր պատերազմ, նոր տարածքներ»

Վստահություն հաստատելու կոչերին զուգահեռ կողմերը ցույց են տալիս իրենց ներուժը պատերազմի դեպքում: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկ ամիս առաջ անգամ արտահայտեց երկրի քաղաքականությունը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևը: Դա նշանակում է, որ հակամարտության վերսկսման պարագայում Հայաստանն ակնկալում է ոչ միայն պաշտպանվել, այլև ընդլայնել իր ազդեցության գոտին: Իհարկե, 2016թ. հակամարտության արդյունքները ցույց են տալիս, որ ուժերի դասավորությունն այլ է, և նոր տարածքներ կարող է ձեռք բերել հենց Ադրբեջանը, կարծում են հոդվածի հեղինակները:

Ջոջուգ-Մարջանլի գյուղը նշված չէ ոչ «Գուգլի» և ոչ էլ «Յանդեքսի» քարտեզների վրա: Արբանյակային հին լուսանկարներում կարելի է նշմարել միայն անկանոն դասավորությամբ տներ՝ առանց տանիքների: Սակայն վերջին երեք տարիներին իրավիճակը զգալիորեն բարելավվել է: 2016թ. ապրիլյան մարտերի ընթացքում ադրբեջանցիները գրավեցին գյուղից ոչ հեռու գտնվող Լելեթեփե բարձունքը, որից հետո սկսեցին վերաբնակեցնել գյուղը և բարեկարգել: Ջոջուգ-Մարջանլին այժմ Ադրբեջանի համար պաշտամունքային վայր է: Այն ներկայացնում են որպես խորհրդանիշ առ այն, որ հանրապետությունը ռեսուրսներ ունի կորցրած տարածքները հետ բերելու համար: Երևանում էլ պատասխանում են, թե այդ գյուղը 1994թ-ից ճակատի ադրբեջանական հատվածում է, և այնտեղ ապրել են մարդիկ, այդ թվում ֆերմեր Օքթայ Գազիևը, և նրա մեծ ընտանիքը, որոնք Աշխատանքի շքանշան ստացան նախագահ Իլհամ Ալիևից:

Ընդ որում, եթե մինչև 2016թ-ը Ղազիևի երեխաները դպրոց էին գնում հարևան գյուղում, իսկ մոտակա հիվանդանոցը Հորադիզ գյուղում էր, ապա հիմա Ջոջուգ-Մարջանլիում կա և՛ բուժկետ, և՛ դպրոց: Այժմ գյուղում հաշվվում է 503 մարդ, իսկ մինչև պատերազմը բնակչությունը կրկնակի ավելին էր: Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմիններ ստեղծված են բոլոր շրջաններում, անգամ այնտեղ, որոնք ամբողջությամբ գտնվում են հայերի վերահսկողության տակ: Այդ դեպքերում ղեկավարին հանձնարարվում է պաշտպանել վերաբնակեցվածների շահերը: «Պետությունն օգնում է Ջոջուգ-Մարջանլիի բոլոր վերաբնակներին, անգամ նրանց տնային կենդանիներ է տալիս»,- ասել է Ջաբրայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Թոփթիգ Նասիրովը:

2016թ. ապրիլյան պատերազմի ևս մեկ վառ օրինակ կարելի է անվանել ադրբեջանական զորքերի ներխուժումը Թալիշ գյուղ: Ընդ որում, հայկական զորքերին արդյունքում հաջողվեց վերադարձնել դիրքերը: «Ապրիլյան պատերազմի պահին Թալիշի բնակչությունը կազմում էր մոտ 600 մարդ,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:- Հերթական հարձակումից և կարճաժամկետ օկուպացիայից հետո Թալիշի բնակչությունը լքեց այդ տարածքը, բայց հետո սկսեց վերադառնալ: Այժմ գյուղից դուրս դեռ շարունակում են մնալ մոտ 300 թալիշցի: Ընթանում են խոշոր վերականգնողական աշխատանքներ, և բնակչությունը, կարծում եմ, կշարունակի վերադառնալ 2019թ. վերջին-2020թ. սկզբին»:

Նոր մարդիկ

Երևանի և Բաքվի միջև համաձայնություն չկա անգամ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են բնակչության թիվը և կենսամակարդակը Լեռնային Ղարաբաղում, ասվում է հոդվածում: Արցախի կառավարության ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ հանրապետությունում ապրում է մոտ 150 հազար մարդ, մինչդեռ Բաքվում պնդում են, որ իրական թիվը մոտ երեք անգամ ավելի քիչ է: Նա նշել է, որ Ղարաբաղում գործում է վերաբնակեցվածների աջակցության պետական ծրագիր, որը ներառում է կացարանի տրամադրում և սոցիալական վճարներ: «Հանրապետության բնակչությունը տարեկան աճում է միջինը 1000-1500-ով»,- ասել է Մարտիրոսյանը: Ընդ որում, նա հերքել է այն տեղեկությունները, որ Ստեփանակերտի իշխանությունները զգալիորեն ավելացնում են այդ թիվը սիրիացի փախստականների հաշվին: Ըստ Մարտիրոսյանի՝ նրանց թիվը հանրապետությունում չի գերազանցում 100-ը:

Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղն անջատված չէ բանկային համակարգից: Վճարում կատարելու վայրը նշվում է որպես Ստեփանակերտ, Հայաստան: «Այստեղ ներկայացված են մի քանի հայկական բանկերի մասնաճյուղեր, որոնք կարող են քարտերով գործարքներ իրականացնել»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը: Իսկ բջջային կապի օպերատորը Լեռնային Ղարաբաղում առանձին է, ուստի Հայաստանի բաժնետերը ստիպված են վճարել ռոումինգի համար:

Ինչպես թերթի հետ զրույցում ասել է հայ սոցիոլոգ, «Բրևիս» ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը, Լեռնային Ղարաբաղի երիտասարդությունը, որը ծնվել է արդեն զինադադարից հետո, աստիճանաբար իրեն սկսում է ընկալել որպես առանձին երկրի քաղաքացի:

Երևանում թերթի մեկ այլ զրուցակից՝ խորհրդարանի պատգամավոր Միքայել Զոլյանը, ենթադրել է, որ ապագայում երկու երկրները կարող են նմանվել Սերբիային և Մոնտենեգրոյին. նույն էթնոկոնֆեսիոնալ կազմով առանձին պետություններ: Իսկ ազգայնականներն այլ կերպ են մտածում: Օրինակ, ծայրահեղական «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն այս հանգստյան օրերին կազմակերպել էին ավտոերթ՝ «Մեկ Հայաստան, մեկ պետություն» կարգախոսով: Հասնելով Լեռնային Ղարաբաղի սահմանին՝ նրանք ցուցանակի «Արցախի Հանրապետություն» գրությունը փոխարինել են «Արցախի մարզ» գրությամբ:

Հնարավոր զիջումների նկատմամբ վերաբերմունքը ճակատի երկու կողմերում էլ միանշանակ չէ: «Մարդիկ գրեթե լիարժեք կորցրել են վստահությունը կարգավորման գործընթացի նկատմամբ: Այդ համատեքստում կարելի է անել հետևյալ եզրակացությունը. Ղարաբաղի բնակչությանը դժվար է վախեցնել և ուժով ազդել նրանց դիրքորոշման վրա,- պնդում է Հովհաննես Գրիգորյանը:- Ինչքան կոշտ է նրանց հետ խոսում ադրբեջանական կողմը, այնքան կոշտ նրանք պատրաստ են արձագանքել: Մյուս կողմից հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ միակ ուղին հակամարտության խաղաղ կարգավորումն է»:

Սակայն Հովհաննես Գրիգորյանի ադրբեջանցի գործընկերոջ՝ կոնֆլիկտաբան Ավազ Հասանովի կարծիքով՝ խնդրին այն է, որ երիտասարդությունը տեսականորեն կողմ է հաշտությանը, բայց հենց հերթը հասնում է նրբերանգներին, առաջ են գալիս դժվարություններ: «Ես դասախոսություններ եմ կարդում տարբեր համալսարաններում, և իմ ուսանողները պնդում են, որ իրենք քաղաքական լուծման կողմնակից են: Բայց երբ ես հստակեցնում եմ՝ արդյոք նրանք պատրաստ են, որպեսզի իրենց հետ լսարանում լինեն հայեր, նրանց մոտ կասկածներ են առաջ գալիս»,- ասել է Հասանովը «Կոմերսանտին»:

«Կողմերը պետք է որոշ ժամանակով մի կողմ դնեն կարգավորման քաղաքական բանաձևի քննարկումները,- նույն միտքը զարգացրել է Միքայել Զոլյանը:- Ցանկացած դետալիզացում հիմա միայն կվնասի, ուստի թող նպատակը առայժմ լինի վերացական՝ խաղաղություն: Իսկ հետո, երբ երկու-երեք տարի անց սահմանին ոչ մի միջադեպ չի լինի, կարելի է անել հաջորդ քայլը»: Ադրբեջանի արտգործնախարարը նման մոտեցման հետ համաձայն չէ: «Հակառակը: Ինչպե՞ս մենք կարող ենք վերականգնել փոխադարձ վստահությունը, երբ ունենք հայրենի գյուղերից ու քաղաքներից արտաքսված այդքան մեծ թվով մարդիկ: Վստահությունը վերականգնելու ցանկացած փորձ, որը ամրապնդված չէ բանակցային գործընթացում իրական քայլերով, նախապես դատապարտված է պարտության»,- ասել է նա:

Կողմերի՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու մտադրությանն առավել կասկածամտությամբ է վերաբերվում ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: «Ես կարծում եմ, որ դա շեղում է իրական և բարդ փոխզիջումային որոշումներից,- ասել է նա «Կոմերսանտին»:- Եթե դու չես ցանկանում ինչ-որ բան անել, դու սկսում ես խոսել այդ բաների մասին: Խաղաղության հասել են միայն այնտեղ, որտեղ եղել է կամ պատերազմ, կամ երկարատև առճակատում: Եթե Մոսկվայի դիրքորոշման պատճառով մենք չենք կարող պատերազմ սկսել ընդհուպ մինչև խաղաղություն, ապա կշարունակենք ուժասպառ անել Հայաստանին: Բայց միանշանակ է, որ չենք զիջի»:

2018թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը խոստացավ իրականացնել տնտեսական հեղափոխություն, այդ թվում՝ թշնամու այդպիսի ճնշմանը դիմակայելու համար: Սակայն այդ պահից հետո տնտեսական հեղափոխությանը գործը չի հասել. Փոխարենը Հայաստանում շարունակվում է վերնախավերի ակտիվ պայքարը, եզրափակում են հոդվածի հեղինակները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031