Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Դուրյան. «110 կին բռնություն է գործադրել ընտանիքում. 4 ամսում 404 անձ է հաշվառվել ընտանեկան բռնության դեպքերով»

Մայիս 27,2019 17:47

«Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտարարեց՝ ընտանեկան բռնությունների դեպքերով հաշվառվել է 404 անձ:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն ասաց, որ այսօր շատ բան է փոխվել, եւ ոստիկանությունը երբեւիցե չի թաքցրել, երբեւիցե չի ասել, որ չկա բռնություն, հակառակը, այն, որ 2013-ին ստեղծվեց այս վարչությունը, նշանակում է՝ այո, կա բռնություն եւ մենք չպետք է ամաչենք այդ մասին խոսելուց, բարձրաձայնելուց. «Մենք պետք է հակառակն անենք, որպեսզի ընտանեկան բռնության դեպքերը նվազեցնենք, կանխարգելենք կնասպանության դեպքերը»:

Այսօր վիճակագրությունը փոխվել է, թե՝ ոչ, Դուրյանը դժվարացավ ասել, պարզապես օրենքն այսօր թույլ է տալիս հաշվառել այն ընտանիքները, որտեղ գրանցվել են բռնության դեպքեր. «Եթե նախկինում կինը գալիս էր բողոքը հետ էր վերցնում՝ տարբեր պատճառներով՝ հարեւանները, բարեկամներն էին ամոթանք տալիս, ամուսինն էր խնդրում, վախեցնում, նաեւ տնտեսական կախվածություն կար, հիմա նման բան չկա, թեեւ կարող է բողոքը հետ վերցնել, բայց առաջին իսկ օրվանից հաշվառվում է տվյալ ընտանիքը»:

Շատ երկար տարիներ ուղղակի անհաշտ ընտանիքներ մոտ 200 ընտանիք էր հաշվառված լինում, հիմա վիճակագրությունը փոխվել է: Դուրյանի ներկայացմամբ՝այն օրվանից, երբ ոստիկանությունը սկսեց աշխատել օրենքի շրջանակներում՝ հաշվառել են 972 անձ՝ ընտանեկան բռնության դեպքերով, միայն վերջին 4 ամիսների ընթացքում արձանագրվել է 695 ամփոփագիր, միայն այս տարի հաշվառվել է 404 անձ. «Մեզ մոտ օրական միջինը լինում է 5 ամփոփագիր, բայց օր է եղել՝ 10։ Ամփոփագիրն այն է, որ անձը ոստիկանություն հաղորդում է տալիս ընտանեկան բռնության մասին: 110 կանայք ենք, որոնք բռնություն են գործադրել ընտանիքում: Երեխաներն ընտանիքում հիմնականում ֆիզիկական բռնության են ենթարկվում: Երեխաների բռնությունը լատենտային է»:

Ըստ Դուրյանի, հունիսի 30-ից առ այսօր շուրջ 1600 ամփոփագիր կա, այս ընտանիքներից շատ քչերում չկան երեխաներ, մնացածում երեխաները ենթարկվում են հոգեբանական բռնության. «Ուստի ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կանխարգելենք ընտանեկան բռնությունը: Ոստիկաններն ունեն հանձնարարական, որպեսզի դեպքերի արձանագրումից հետո տեղյակ պահեն սոցիալական աշխատողներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031