Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Տեր-Մաթևոսյան. «Այն, ինչ ստեղծվում է Հայաստանում, շատ մրցունակ է, հատկապես՝ արևելագիտության ոլորտում»

Մայիս 27,2019 17:34

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի «Թուրքիան, քեմալիզմը և Խորհրդային Միությունը» մենագրության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, դասախոսներ, ուսանողներ:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

«Հայկական գիտությունը պետք է ներկայացված լինի միջազգային ասպարեզում, սա ավելի կարևոր է, երբ խոսքը վերաբերում է թյուրքագիտությանը: Վահրամ Տեր-Մաթևոսյանի բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև այս մենագրության շնորհիվ հայ թյուրքագիտությունը մտնում է միջազգային ճանաչման նոր ոլորտներ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց նաև, որ մենագրությունը տպագրվել է «Palgrave Macmillan» հրատարակչատան կողմից:

«Այս գրքի շնորհիվ հայոց պատմության վերաբերյալ մի շարք օբյեկտիվ տեսակետներ հասու են դառնում գիտական լայն շրջանակների համար: Բացի դրանից՝ Թուրքիան հասկանալու համար քեմալիզմի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի: Գրքում տեղ են գտել մի շարք թեմաներ՝ Ստալինի վերաբերմունքը քեմալիզմին, քեմալիզմի առօրյա ընկալումները և այլն»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը՝ շնորհավորելով գործընկերոջը:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատմեց գրքի ստեղծման մասին՝ նշելով, որ այսպիսի մենագրություն ստեղծելու գաղափարը ծնվել է տարիներ առաջ, երբ ինքը սկսեց ուսումնասիրել քեմալիզմը:

«Իմ հիմնական նպատակներից էր ապացուցել, որ ապրելով և արարելով Հայաստանում՝ մենք կարող ենք տպագրվել աշխարհի ամենաառաջադեմ հրատարակչություններում: Այն, ինչ ստեղծվում է Հայաստանում, շատ մրցունակ է, հատկապես՝ արևելագիտության ոլորտում»,- ասաց մենագրության հեղինակը:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատմեց տպագրվելու գործընթացի մասին: Ըստ նրա՝ աշխատության հիմնական նպատակը քեմալիզմի մասին ուսումնասիրությունների բացերին անդրադառնալն է, ինչպես նաև քեմալիզմի զարգացման և ներքին փոփոխությունների դինամիկայի ներկայացումը:

Մենագրությանը հաջորդեց «Թուրքիան, քեմալիզմը և Խորհրդային Միությունը: Արդիականացման, գաղափարախոսության և մեկնության հիմնահարցերը» թեմայով դասախոսությունը, որի ընթացքում բանախոսը ներկայացրեց քեմալիզմի սահմանման վերաբերյալ տեսակետները:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատմեց նաև 1920-30 թվականների քեմալիզմի վերաձևավորման, 1940-50-ականներին՝ քեմալիզմի գերիշխանության կերպափոխման մասին: Նա ներկայացրեց նաև, թե ինչ գործիքակազմով է հանրայնացվել և տարածվել քեմալիզմը:

Մենագրության հեղինակը խոսեց քեմալիզմի 6 սկզբունքներից՝ հանրապետականություն, ազգայնականություն, աշխարհիկություն, հեղափոխականություն, ժողովրդայնություն, էտատիզմ:

Խորհրդային մեկնությունների առանձնահատկությունների շարքում Վահրամ Տեր-Մաթևոսյանն առանձնացրեց ստալինյան մեկնությունը, կասկածամտությունը, անվստահությունը, քննադատությունը, ինչպես նաև քեմալիզմի ազդեցությունը սոցիալական համերաշխության վրա:

Դասախոսությունից հետո ծավալվեց քննարկում:

Նշենք, որ Վահրամ Տեր-Մաթևոսյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հանդես է եկել միջազգային գիտական պարբերականներում տպագրվելու առանձնահատկությունների մասին սեմինար-քննարկմամբ:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031