Aravot.am-ի հետ զրույցում Գյումրի բժշկական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Մինասյանը տեղեկացրեց, որ սրտային հիվանդությունների թիվն ավելացել է։ Նրա տվյալներով, տարեկան միջամտությունների քանակը Գյումրու բժշկական կենտրոնում կազմել է 450-ից ավելի։ Նախորդ տարի մոտ 250 ստենտավորում են արել՝ 300-ից ավելի ստենտներ օգտագործելով, այսինքն՝ մի հիվանդին կատարել են 2-3 և ավելի ստենտավորում։ Իսկ մահացության դեպքերը, ըստ մեր զրուցակցի, անխուսափելի են․ վիճակագրական տվյալներով թե՛ մայրաքաղաքում, թե՛ Գյումրիում մոտ են եվրոպական չափանիշներին, կազմում են մոտ 6-7 տոկոս։
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր մոտ սրտային հիվանդությունները մեծ տոկոս են կազմում, այսինքն՝ ամբողջ հիվանդությունների մոտ կեսն են կազմում։ Եթե մահացության տեսանկյունից վերցնենք, առաջին տեղը զբաղեցնում են սրտային հիվանդությունները, մենք՝ հայերս էլ բացառություն չենք։ Վերջին տարիներին նկատվում է հիվանդության երիտասարդացում, ավելի երիտասարդ՝ 26 տարեկան, 29 տարեկան սուր ինֆարկտով հիվանդներ ենք ունեցել։ Գյումրի բժշկական կենտրոնում քանակի ավելացումը միջամտությունների մասով նաև պայմանավորված է պետպատվերում բնակչության ավելի լայն քանակի ընդգրկմամբ․ 36 բալից նվազում կատարվեց 30 բալ, այսինքն՝ նախկինում 36 և ավելի բալերի դեպքում էինք կատարում միջամտություններ, հիմա սանդղակը նվազել է, 30 և ավելի բալերի դեպքում կարող ենք կատարել կորոնարոգրաֆիա և ստենտավորում, շատ մեծ սոցիալական խնդիր է լուծվել։ Հույս ունենանք՝ հետագայում ֆինանսական հարցերի չենք առնչվի, այսինքն` կներդրվի ապահովագրություն, ովքեր չեն ունենա ապահովագրություն, պետությունը կհոգա նրանց ծախսերը»,- ասաց Դավիթ Մինասյանը։
Ըստ մեր զրուցակցի, նվազել է նաև «նիսյայով» վիրահատվողների թիվը։ Նախկինում վիրահատության արժեքը բարձր էր, այդ պատճառով էլ մարդիկ դիմում էին նաև այդ միջոցին, այժմ՝ նվազագույն արժեքի պայմաններում հազվադեպ մարդիկ են «նիսյայով» վիրահատվում։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե տարածաշրջանում սրտի ստենտավորման ամենացածր գինը հայտարարելով՝ կարողացա՞ն արդյոք հարևան Վրաստանից ևս հիվանդների բերել Գյումրու բժշկական կենտրոն։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին Գյումրի բժշկական կենտրոնում սահմանվեց սրտի դեղապատ ստենտավորման ռեկորդային ցածր գին՝ նախկին 1 միլիոն 100 հազար դրամի փոխարեն դառնալով 850 հազար դրամ։
Կարդացեք նաև
«Նախորդ տարվա հետ համեմատ այս տարի հիվանդների քանակն ավելացել է, նախանցած տարվա հետ համեմատ էլ ունենք հիվանդների հոսքի ավելացում։ Իսկ Վրաստանում, եթե չեմ սխալվում, մեկ կամ երկու կենտրոն կան, որոնք մնացածի հետ համեմատ, ավելի մատչելի գին են առաջարկում։ Տարբերությունը մեր հետ համեմատած շատ մեծ չէ, բայց դիմելուց երևի թե ճիշտ կլինի համեմատել Հայաստանում և Վրաստանում կատարվող միջամտությունների որակները։ Հայաստանում հաստատ ավելի որակյալ է, միգուցե պարզ, հասարակ դեպքերի համար շատ մեծ տարբերություններ չլինեն, բայց սովորաբար դիսկերը բերում են, նայում ենք և ցանկացած մասնագետ՝ կապ չունի Հայաստանից, թե այլ երկրից, կարող է փաստել, որ որակների տարբերություն կա։ Իսկ ինչ մնում է այն հարցին, թե ջավախքահայությունը գալի՞ս է մեր մոտ, թե՞ ոչ, ասեմ, որ մի քիչ տեղեկացվածության պակասի խնդիր կա։ Հիվանդներ ունեցել ենք նաև մայրաքաղաքից, Վանաձորից, բայց մեծ քանակ չեն կազմում, արդեն ասացի, որ տեղեկացվածության խնդիր կա, բացի դրանից, կարծես թե թերվստահություն կա մարզերի բուժծառայության որակի հանդեպ։ Եղել են դեպքեր, երբ սուր ինֆարկտով հիվանդին բերել են, առանց իմանալու, առանց ճանաչելու, առանց տեղեկացվելու, հիվանդատերն ասել է՝ ես իմ հիվանդին տեղափոխում եմ Երևան։ Հետո մտափոխվել են, ու մեծ մասը հենց Գյումրիում են վիրահատվել։ Այս 2-3 տարվա մեջ հատուկենտ դեպքեր կան, որ տեղափոխել են Երևան, այն էլ հարազատներ ունեն այնտեղ ու նրանց հորդորով են տարել»,-ասում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, Դավիթ Մինասյանը Գյումրի բժշկական կենտրոնի միակ ինտերվենցիոն սրտաբանն է, նա 3 տարի է՝ ընտանիքի հետ մայրաքաղաքից տեղափոխվել է Գյումրի բնակության։ Նա մյուս բժիշկներին, որոնք խուսափում են մարզերում աշխատել, ևս խորհուրդ է տալիս տեղափոխվել հանրապետության երկրորդ քաղաք, քանի որ, ըստ նրա, աշխատանքային պայմանները շատ ավելի լավ են, ընդ որում ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ աշխատանքային մթնոլորտն է ավելի առողջ։
«Վարչական ճնշումներ չկան, ավելի հանգիստ ես զգում ու կոնկրետ իմ պարագայում վայելում ես աշխատանքը, խանգարողներ չկան, քեզ ավելի լավ ես զգում, քան երևի թե կզգայի Երևանում»,-ասում է Դավիթ Մինասյանը։
Լինելով միակ մասնագետը՝ սրտաբանն ասում է, որ թեև ժամանակ միշտ տրամադրում է ընտանիքին և ընկերներին, սակայն ցանկալի է, որ իրեն փոխարինող մասնագետ լինի, որ կարողանա լիարժեք օգտվել արձակուրդից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ