Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով համաժողովին մասնակցում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա ասաց, որ Հայաստանը բավականին հավակնոտ բարեփոխումներ է նախաձեռնել. «Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում միասին աշխատելով կկարողանանք ավելի արդարացի հասարակություն, ազատ եւ առողջ ընտանիքներ կառուցել: Այս արժեքներն իրագործելը չափազանց կարեւոր է նաեւ մեր տեսանկյունից»:
Պարոն Սվիտալսկին նաեւ նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել նշված նպատակների իրագործմանն ուղղված ջանքերին. «Մենք միանում ենք այն պլանին, որն ունի կառավարությունը: Իրականում Հայաստանն ընդունել է օրենք ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց նաեւ հայտարարվել էր, որ պատրաստ են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, ինչը, կարծում եմ, շատ կարեւոր է: Բայց ամենակարեւոր աշխատանքն այն է, որ այս ամենը դառնա մեր առօրյա աշխատանքի գործնական մասը»:
Ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում, ինչպես ասաց Սվիտալսկին, կարեւոր է իրավապահ մարմինների աշխատանքը: Այս առումով, ըստ դեսպանի, բավականին դրական ազդակներ են եղել, մասնավորապես, ոստիկանությունը մեծ առաջընթաց է արձանագրել օրենքում արտացոլված արժեքների իրավակիրարկման ուղղությամբ:
Դեսպանի խոսքերով. «Որոշակի կարեւոր որոշումներ է ընդունել կառավարությունը, բայց դեռեւս շարունակվում են քննարկումները, թե ինչպես օրենսդրությունն արտացոլի այն ձգտումները, որ ունի նոր հասարակությունը Հայաստանում: Եթե ընտանեկան բռնության խնդիրը լուծվում է, եթե բավականաչափ զգայունություն է ձեւավորվում այս խնդիրների հանդեպ, կարելի է հասնել նաեւ հզոր ուժի, կայունության, ամրության եւ ներդաշնակության մակարդակին: ԵՄ-ն միշտ էլ կանգնած է քաղաքացիական հասարակության կողքին, որոնք կարեւորագույն դերակատարում ունեն իրազեկման եւ զգայուն մթնոլորտի ձեւավորման հարցում»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ