Այսօր «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովում համագործակցության հուշագրեր ստորագրվեցին:
Իրանական «Էլավիա» եւ Կապանի «Դասուգ» ընկերությունների միջեւ ստորագրվեց 2 մլն դոլարի ներդրումային ծրագրի հուշագիրը: Սրանով նախատեսվում է Կապանում հիմնել հեռուստացույցների արտադրություն: Իրանական ընկերության ներկայացուցիչն ասաց, որ վերջերս սկսել են LCD սմարթ հեռուստացույցների արտադրությունը. «Եվ հաշվի առնելով մեր փորձն ու գիտելիքները՝ մենք արդեն զբաղվում ենք իսկապես խելացի եւ բարձր որակի հեռուստացույցների արտադրությամբ: Մենք որոշում ենք կայացրել հեռուստացույցների արտադրության նոր հոսքագիծ բացել Կապանում՝ մեր հայաստանյան գործընկերների հետ համագործակցելով: Հաշվի առնելով Կապանի մարդկային ռեսուրսներն ու գիտելիքները, ինչպես նաեւ տարածաշրջանի հնարավորությունները, մենք ներդրումներ կկատարենք, որպեսզի քաղաքում բարձր հավելյալ արժեք ձեւավորող մի ձեռնարկություն ստեղծենք: Մենք ակնկալում ենք, որ շատ լավ գործարար հարաբերություններ կձեւավորենք»:
«Հայհիդրո նախագծի» եւ ուկրաինական «Կլուբ տրուպա» ընկերությունների միջեւ եւ ստորագրվեց հուշագիր, այն նախատեսում է 700 հազար դոլարի ներդրում՝ Սյունիքում 4 վայրում՝ էկոհամակարգերում «զիփ լայների» կառուցում:
Մեկ այլ հուշագրի միջոցով էլ, որը կնքվեց «Սիսեկո» ընկերության եւ Սիսիանի համայնքապետարանի միջեւ, ներդրվելու է 4.1 մլն դրամ՝ օրգանական սառը թեյերի արտադրություն, համայնքը այդ արտադրության համար տարածք կհատկացնի, նախատեսվում է մի քանի տասնյակ աշխատատեղերի բացում:
Ռուսաստանաբնակ գործարար Միշա Մարտիրոսյանի եւ Կապանի, Գորիսի համանքապետարանների միջեւ էլ հուշագիր ստորագրվեց, ըստ այդմ, հայազգի գործարարը Գորիսում ձկնաբուծարան, իսկ Կապանում էլ խոզաբուծարան կհիմնի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ