Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Արզումանյան. «Նազենի Ղարիբյանի շնորհքն է, որ մեզ թշնամի է սարքում»

Մայիս 27,2019 16:12

Օպերային թատրոնում հրավիրված կոլեկտիվի ժողովի ժամանակ բարիտոն Դավիթ Բաբայանցը զարմացած էր, թե ինչու օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրված Նազենի Ղարիբյանը ներկա չէ քննարկմանը. «Եթե հրավիրել ենք մեր ժողովը, եւ այդ մարդն այստեղ չէ, չի ուզում գա մեզ ճանաչել, ստացվում է, որ իմ ընկերոջ (Պերճ Քարազյանի – Գ.Հ.) հետ է հարց առաջանում, մարդու, որի հետ հյուրանոցի մի սենյակում ապրել ենք…Ախր դուք ի՞նչ իրավունք ունեք այսօր չլինենք ձեր կոլեկտիվի կողքին, որի կառավարման խորհուրդն եք ներկայացնում, բացի այդ մենք դատական պրոցեսի մեջ ենք այդ մարդու հետ եք, որի լեգիտիմությունը դեռ կասկածի տակ է»:

Նրա խոսքով. «Գուցե Նազենի Ղարիբյանը ներկա լիներ եւ այնպես համոզիչ պատասխաներ մեր հարցերին, ասեինք` տրամաբանություն կա, որ այդ մարդը լինի նախագահ, բայց այսօր հրավիրել ենք համաթատրոնային ժողովը, ինքն այստեղ չէ»:

Թատրոնի արտիստներից Գրիգոր Աբրահամյանն ասաց, որ կողմնակից է Նազենի Ղարիբյանի դեմ արտահայտված բոլոր կարծիքներին, սակայն կոչ արեց, որ որեւէ վիրավորանք չհնչի իրենց գործընկերների հասցեին, լրագրողներին էլ խնդրեց սեւ լույսի ներքո չներկայացնել հավաքը. «Սա ներքին հարց է, կքննարկենք, կգանք ընդհանուր հայտարարի»:

Բալետի արտիստ Արթուր Գասոյանը եւս խնդրեց, որ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ չանեն:

Թատրոնի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Պերճ Քարազյանն ասաց, որ տեսախցիկների եւ սադրիչների առջեւ անհնար է կառուցողական քննարկում անել: Նրա հայտարարությունից հետո դահլիճում իրարանցում սկսվեց:

«Այդ Նազենի Ղարիբյանի շնորհքն է, որ մեզ թշնամի է սարքում, բայց դա չի հաջողվի»,-ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը: Պերճ Քարազյանն ասաց, որ որեւէ մեկին չի հաջողվի իրենց թշնամացնել:

Նա ասաց, որ 2 օր հետ միայն կոլեկտիվի հավաք կանեն եւ կոլեկտիվի ընտրություններ կկազմակերպվեն:

Խորհրդի անդամներից Սերգեյ Սաֆարյանը նեղսրտեց, որ ժողովում նախապես պլանավորված է եղել իրենց հրաժարականները պահանջելը, ինչին ի պատասխան Հարություն Արզումանյանն ասաց, որ նման բան չկա:

«Նկատի չունեմ, որ միտումնավոր մեդիան խանգարում է, պարզապես, եթե կողքից աչքեր կան, մարդիկ կաշկանդվում են…»,-ավելի ուշ իր արտահայտության մասին ասաց Պերճ Քարազյանը: Հարություն Արզումանյանն էլ մանրամասնեց, որ երկու օր անց կհավաքվեն եւ կորոշեն անելիքները` Նազենի Ղարիբյանի հրաժարականը եւ արդյոք խորհրդի երկու անդամները կմնան, թե՞ նրանց հետ կկանչեն:

Դավիթ Բաբայանցը արձագանքելով հավաքի վերաբերյալ գործընկերոջ հայտարարությանը` ասաց. «Այստեղ ստիպողական մարդ չի բերվել, այստեղ բոլորն եկել են իրենց հոժար կամքով: Անգամ եթե ես դեմ եմ Պերճի ու Սերգեյի քայլին, դա գալիս է նրանից, ինչ-որ տեղ «նագլիաբար» են վարվել կողմ քվեարկելով Նազենի Ղարիբյանին , չէ՞ որ իրենք գիտեին, որ նման բան լինելու է»:

Պերճ Քարազյանը կարծում է, որ Նազենի Ղարիբյանն ընդամենը մեկ միավոր է կառավարման խորհրդում եւ նրա ձայնը որոշիչ չի կարող լինել: Նաեւ ասաց, որ ինքն իր կոլեկտիվի հետ է, քանի որ նրա մի բջիջն է:

«Ես բախտավոր եմ, որ իմ կոլեկտիվի կողմից սիրված եւ հարգված եմ,եթե ինձ կհավատա, ես կմնամ, բայց ոգեւորված է; չեմ, որ շարունակեմ…Իսկ հնչած որակումներից չեմ նեղացել, այսպիսի մթնոլորտում լինում են նման բաներ»,-ասաց Պերճ Քարազյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031