Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն գումար է հավաքագրել «Իմ քայլը» հիմնադրամը

Մայիս 27,2019 15:47

«Հավաքագրել ենք մեկ միլիոն վաթսուն հազար դոլար, որից 500 հազարը կստանանք այն պարագայում, երբ մեր ծրագրերը հավուր պատշաճի իրականացվեն վեց ամսվա ընթացքում. այսպիսի պայման դրվել է Մանուկյան Սիմոն հիմնադրամի կողմից»,-Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված ասուլիսին տեղեկացրեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ ամփոփելով ԱՄՆ այցի արդյունքները: Նա նշեց, որ այցը սկսել են Վաշինգթոնից, հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ, Կարնեգի հիմնադրամում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել, եղել են Բոսթոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում:

Հովհաննես Ղազարյանը նշեց, որ շատերը ցանկություն են հայտնել աջակցել կրթական, սոցիալական ծրագրերի:

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց՝ ԱՄՆ երեք քաղաքներում ունեցել են գալա ընթրիքներ, որոնց ընթացքում էլ եղել է հիմնական դրամահավաքը. հավաքվեց 600 հազար դոլարի կարգի գումար. «Մեր այցի կարևոր կետերից մեկը Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտության կենտրոնի այցն էր, որը կարևոր էր թե՛ հիմնադրամի, թե՛ երկրի համար: Հիվանդանոցն աշխարհում լավագույններից է համարվում, որտեղ ՀՀ-ն առաջին անդամակցող երկիր որպես հանդես եկավ ալյանսի շրջանակներում: Կունենանք համագործակցություն գիտական, պրոցեդուրալ առումով: Նորից հիվանդանոցի հետ համագործակցությամբ՝ նախագծվում է առաջին մանկական պալիատիվ բաժանմունքի ստեղծումը: Հույս ունենք շինարարությունը կսկսենք հուլիսին և կկարողանանք բացել մինչև այս տարվա ավարտ: Դա առաջինն է լինելու Հայաստանում»:

Էսթեր Դեմիրճյանը տեղեկացրեց՝ հիմնադրամն ավելի քան 150 երեխայի է աջակցել, քանի որ ունեն մինչև 25 տարեկան շեմ:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ նշեց, որ իրենց ԱՄՆ-ում շատ ջերմ են ընդունել բոլոր մակարդակներում: Հարցին՝ հայ համայնքի ներկայացուցիչներն ի՞նչ հարցեր են բարձրացրել, Աննա Հակոբյանը պատասխանեց. «Մարդիկ կիսում են իրենց ուրախությունը ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ: Իրենց՝ նախկինում կուտակված զայրույթն էին արտահայտում տեղի ունեցած արատավոր երևույթների մասին: Հատկապես այն շերտը, որը ներդրումներ է արել և կապ ունեցել իշխանությունների հետ, դժգոհում էր, որ չեն իմացել՝ իրենց գումարներն ուր են գնացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031