Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արան պապդ է… դավաճան». Օպերային թատրոնում դեմ են Նազենի Ղարիբյանին ու նրան ընտրողներին

Մայիս 27,2019 15:28

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին հրավիրվել է աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին մասնակցում են թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Կոլեկտիվի անդամներին հետաքրքրում էր, թե ինչպես է կառավարման խորհրդի նախագահ ընտրվել նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը, երբ կոլեկտիվը դեմ է նրան: Կառավարման խորհրդի անդամներից 2-ը օպերային թատրոնից են` Պերճ Քարազյանն ու Սերգեյ Սաֆարյանը: Նրանք վստահեցնում էին, որ օբյեկտիվ քվեարկության արդյունքում է տիկին Ղարիբյանն ընտրվել:

«Կառավարման խորհրդի անդամներից 4-ը նախարարությունից են, մեր ներկայացուցիչները ինչպես էլ քվեարկեին, արդյունքը չէր փոխվելու»,-ասաց Հարություն Արզումանյանը: «Թատրոնի խորհուրդը պետք է թատրոնի շահը դարձնի գերակա, ոչ թե փորձության ենթարկի թատրոնը»,-ասաց Սաֆարյանը:

Պերճ Քարազյանը նշեց, որ իրենք քաջատեղյակ են թատրոնի խնդիրներից, հավատացրեց, որ միաձայն է անցել Նազենի Ղարիբյանը. «Նազենի Ղարիբյանը խորհրդի ամենաազդեցիկ մարդն է, որն ամենօրյա շփում ունի կառավարության հետ, ինքն է ներկայացնում մշակույթը կառավարությունում: Նախագահ ընտրվելը շատ պարտավորեցնող է, ամենաշուտ կերպով մեր թատրոնի խնդիրները կհասցնի կառավարություն»:

Ի պատասխան դահլիճում աղմուկ բարձրացավ, դահլիճից բացականչեցին. «Դուք Օրբելյանին ծախել եք»:

Դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ ասաց, որ հենց Նազենի Ղարիբյանի շնորհիվ են իրենց 7 պրեմիերաները բեմադրվել առանց պետական աջակցության: «Նազենի Ղարիբյանը պարոն Օրբելյանին կանչել եւ ասել է` դիմում գրեք, դուք մեզ պետք չեք»,-ասաց դիրիժորը:

«Մարդը եկել եւ քանդում է մեր թատրոնը, դու հիմա ինչ ես մեզ համոզում, Պերճ»,-զայրացավ կոլեկտիվի մեկ ուրիշ անդամ:

Նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանին մտահոգում էր, թե ինչու են օպերայի կառավարման խորհրդում ընդամենը 2-ը ներկայացնում օպերային թատրոնը: Նա առաջարկում էր փոխել կանոնադրությունը, ասում էր, որ երգչախմբից ու նվագախմբից էլ պետք է ներկայացուցիչներ լինեն խորհրդում: «Օպերայի աշխատողների թիվը պետք է մեծ լինի օպերայի կառավարման խորհրդում, ոչ թե 2 հոգի»,-ասաց նա:

Հարություն Արզումանյանն էլ հարց հնչեցրեց. «Արդյոք կարեւոր որոշումներից առաջ, ինչպիսին խորհրդի նախագահի ընտրությունն է, չպե՞տք է կոլեկտիվի հետ խորհրդակցել»:

Խորհրդի անդամներից Սերգեյ Սաֆարյանն ասաց, որ օրակարգի ընթացիկ հարցերում ընդգրկված է եղել կանոնադրության փոփոխությունը, քանի որ ըստ թատրոնի գործող կանոնադրության, խորհրդի կազմում պետք է 8 հոգի լինի: «Պարոն Դավիթ Ղազարյանի կողմից բարձրացվել է այդ հարցը, որ օպերային թատրոնից էլի մարդիկ ներգրաված լինեն, դիրիժորներ, այլ արվեստագետներ»,-ասաց նա:

Պերճ Քարազյանը հավաստիացրեց. «Չենք կարող ամեն ինչի համար ժամանակ խնդրել ու գալ այստեղ քննարկել, այդ ժամանակ չպետք է ներկայացուցիչ ընտրեիք»:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանն ասաց, որ իրենք ընտրել են Նազենի Ղարիբյանին խորհրդի նախագահ, բայց օրենսդրությունը չի պարտադրում, որ նա անպայման լինի նախարար: Նա առաջարկեց քվեարկել` ով է կողմ եւ դեմ, որ Նազենի Ղարիբյանը լինի օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, գերակշիռ մեծամասնությունը դեմ քվեարկեց:

Լեւոն Ջավադյանն առաջարկեց հետ կանչել իրենց ներկայացուցիչներին` խորհրդի կազմից եւ նոր ընտրություն իրականացնել, նաեւ առաջարկեց անվստահություն հայտնել խորհրդին:

Հարություն Արզումանյանն էլ տարակուսանք հայտնեց, թե ինչու խորհուրդը չէր տեղեկացրել տնօրենին նիստի մասին: Աշխատակիցներից մեկն էլ զարմացավ, որ նախկինում խորհուրդը նիստերը գումարում էր թատրոնի շենքում, իսկ այս անգամ դա այդպես չի եղել:

Պերճ Քարազյանը պատասխանում էր իրեն ուղղված հարցերին, երբեմն կոպիտ արձագանքում դահլիճին. «Արայով չխոսեք, արան պապդ է»:

«Եթե գնաք մեր բոլոր բուհերը, ըստ օրենքի, միշտ էլ խորհրդի նախագահ ընտրվում է ոլորտի պրոֆեսիոնալը, տասնամյակներով, կյանքի բովով փորձառություն անցած մարդիկ, նման մարդ պետք է ընտրվի օպերային թատրոնի խորհրդի նախագահ»,-ասաց դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Կոնցերտմայստեր Աշոտ Խոյեցյանն էլ խոսեց. «Անթույլատրելի է, որ Նազենի Ղարիբյանը լինի խորհրդի նախագահ, նա չգիտի օպերայի եւ բալետի տարբերությունը, դա անհնար է եւ անթույլատրելի…Պահանջում ենք, որ ընդհանրապես ոլորտի հետ էդ կինը կապ չունենա»:

Պերճ Քարազյանին ու Սերգեյ Սաֆարյանին օպերային թատրոնի կոլեկտիվի մյուս անդամները դավաճանության մեջ մեղադրեցին, քանի որ քվեարկել են հօգուտ Նազենի Ղարիբյանի, որովհետեւ մտավախություն ունեին, որ Նազենի Ղարիբյանը` լինելով խորհրդի նախագահ, գեղարվեստական ղեկավարի պաշտոնից էլ կհեռացնի Կոնստանտին Օրբելյանին:

«Տիկին Նազենի Ղարիբյանի խոսելուն ծանոթ ենք, նա խախտումների ցանկ էր գրել, որոնցից ամենաակնառուն 92 մլն-ի խախտումն էր, որը Օրբելյանի հետ կապ չուներ»,-ասաց Հարություն Արզումանյանը:

Ի դեպ, Նազենի Ղարիբյանին նույնպես հրավեր էր ուղարկված, սակայն նա չէր եկել քննարկմանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Ինչպիսի գավառական խոսակցություններ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031