Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գիտության, կրթության մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով: Հարցն արդիական էր դարձել հատկապես Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի՝ եթերում ասված հայտարարությունից հետո, ըստ որի, դատավոր Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջը արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել: Ազարյանի ատենախոսությունից հետո նույն արտագրությունը եղել է այլ դատավորի ատենախոսության մեջ:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հարցրեց՝ ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ գրագողերին պետք է պատժել: Գոգյանն ասաց՝ պատկերացրեք մեկը փորփրի Չարենցի արխիվները եւ իր բանաստեղծությունների հետ Չարենցի բանաստեղծություններից մեկն էլ տպի, ասի՝ մի հատ է, էլի: Դա անընդունելի կլինի. «Հոգեբանությունից մի տղայի ատենախոսության վերաբերյալ Սամվել Խուդոյանն ասաց, որ կա գրագողություն, այդ տղային ծանոթ էի վաղուց, շաբաթը մեկ միասին ֆուտբոլ ենք խաղացել, ես գործերը ուղարկեցի մասնագիտական խորհրդին, ասացի՝ ստուգեք, կա՞, թե՞ չկա: Նրանք հայտնաբերեցին, որ ֆուտբոլի զարգացման պատմության մասին չորս պարբերություն կա, աղբյուրը նշած չի: Դա էլ է գրագողություն»:
Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գոգյանին հարցրեցին՝ փոքր-ինչ կասկածելի է, թե ինչո՞ւ դատավոր Ազարյանի ատենախոսության գրագողության թեման քննարկման առարկա դարձավ հիմա՝ Ռոբերտ Քոչարյանի գործից հետո: Գոգյանը պատասխանեց. «Հիմա հարց է՝ իմ ասածին հավատո՞ւմ եք, թե՞ չեք հավատում, այդ մարդը կա, ինքը գիտությունների թեկնածու է, նա զայրացած էր, ասում էր՝ ինքը չի կարող ատենախոսություն գրել»: Գոգյանն անուններ չտվեց, ասաց, որ Ազարյանի ատենախոսության տեքստը համընկել է Վազգեն Ռշտունու եւ Տիգրան Նահապետյանի ատենախոսությունների հետ:
Կարդացեք նաև
Գոգյանն ասաց, որ ցանկացած մարդու անուն կարող են իրեն տալ, ինքը ստուգի եւ կպատասխանի՝ գրագողություն կա՞, թե՞ չկա, որեւէ քաղաքական հետապնդման մեջ ինքը չի ներքաշվում:
Հարցին՝ հիմա Ազարյանը կզրկվի՞ կոչումից՝ Գոգյանը պատասխանեց. «Ոչ չի զրկվի, մեխանիզմ չկա»:
Հարցին՝ այս ամեն ինչի իմաստը ո՞րն է, եթե կոչումից չի զրկվելու՝ նա պատասխանեց, որ այս ամեն ինչի նախաձեռնողը ինքը չի:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ