Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանի օդանավակայանը կվերագործարկվի. աշխատանքների 60%-ն իրականացվել է

Մայիս 27,2019 14:40

Այսօր «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովին, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը ներկայացրեց Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագիրը:

Թադեւոսյանը հիշեցրեց, որ դեռեւս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանից դեպի Երեւան օրական 10-12 կանոնավոր չվերթ էր իրականացվում, իսկ երբ Երեւանում ֆուտբոլային օրեր էին, չվերթները հասնում էին 16-ի:

2017 թվականին Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը Կապանի օդանավակայանի վերագործարկման համար, ըստ Թադեւոսյանի, հիմնել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն, որի մասնակիցներն են «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն ու Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը: Ապա Կապանի համայնքապետարանի ու Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի միջեւ կնքվել է կոնցեսիոն կառավարման պայմանագիր, որով նախատեսվում էր վերանորոգել եւ վերագործարկել օդանավակայանը։

Այս օդանավակայանի ուղեւորային համալիրի մակերեսը նախկին 160 քմ-ի փոխարեն, ինչպես Թադեւոսյանը վստահեցրեց, նախատեսվում է, որ կլինի 900 քմ, սպասարկման հնարավորությունը 1 ժամում՝ 100 մարդ: Օդանավակայանի շինարարական աշխատանքների 60%-ն իրականացվել են: «Մենք ունենալու ենք միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան՝ հիմնանորոգված թռիչքուղիով, այն կարող է ավելի ծանր օդանավեր ընդունել: Թռիչքուղու ծածկն ամբողջությամբ փոխվում է: Խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանը համարվում էր ԽՍՀՄ-ում վայրէջքներն ու թռիչքներ իրականացնելու համար ամենաբարդ օդանավակայաններից մեկը»,-վստահեցրեց Թադեւոսյանը:

Տեղադրվելու են թռիչքատեղեկատվական նոր համակարգեր, որոնք եղանակային ոչ բարենպաստ պայմաններում էլ հնարավորություն են տալու իրականացնել թռիչքներ եւ վայրէջքներ, եւ ինչպես ասաց Թադեւոսյանը, նախատեսվում է 2.3 միլիարդ դրամի ներդրում, որից 800 միլիոնն արդեն իրականացվել է:

19 տեղանոց L-410 օդանավն արդեն Հայաստանում է՝ «Զվարթնոց» օդանավակայանում է, անձնակազմը վերապատրաստվել է Չեխիայում, այս օդանավով նախատեսվում է կատարել Երեւան-Կապան-Երեւան չվերթներ: Թե երբ վերջապես կշահագործվի օդանավակայանը, Թադեւոսյանը ժամկետներ չնշեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031