«Եկեք սպասենք իրադարձությունների զարգացմանը, կտեսնենք: Չեմ ուզում համոզել որևէ մեկին, ուղղակի ասում եմ, եթե խոսքը արժեք ունի, վստահության որևէ նշույլ կա, Ձեր ասածն իրականության հետ կապ ունենալ չի կարող: Երբևէ չի եղել ու չի կարող լինել նման բան: Չեմ ուզում նման կարգի խոսակցության մեջ մտնել»,- ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին, թե Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի՝ «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություն անելն ինդուլգենցիայի նման մի բան է. մեղքերի թողություն են անում, այսպես արձագանքեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Նա վստահեցրեց՝ բոլորի առաջ բաց են, չեն ուզում մտածել, թե այդ մարդը որևէ մեկի քիմքին հաճո չէ, նա չանի նվիրատվություն:
Հարցին՝ իսկ գումարի ծագումն իր համար կարևո՞ր չէ, չի բացառվում, որ այդ նվիրատվություններն, օրինակ, պետբյուջեից գողացված միջոցներ են, Աննա Հակոբյանն արձագանքեց. «Անձամբ ինձ համար գումարի ծագումը կապ չունի: Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցում են, մենք ծառայեցնում ենք պետության և պետության քաղաքացիներին: Մենք այդ գումարները ծառայեցնելու ենք ամենաբարի, ճիշտ ու օգտակար նպատակների համար, հաստատ եթե այդ գումարը մնա փոխանցողի մոտ ավելի օգտակար չի լինի, քան մեզ մոտ գա: Կան բանկային հարաբերություններ, երբ բանկերը ստուգում են, թե այդ գումարերն ինչ ծագում ունեն, ինչին մենք ենթարկվում ենք: Եթե կասկածելի գումար է, այդ դեպքում մենք անելիք չունենք»:
Լրագրողները Աննա Հակոբյանին խնդրեցին պարզաբանել այն, որ մի քաղաքացի ֆեյսբուքում տարածել էր, որ իրեն «Իմ քայլը» հիմնադրամում մերժել են և հորդորել դիմել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ: Աննա Հակոբյանն ասաց, որ իրենց հիմնադրամն անհատական խնդիրներով չի զբաղվում, դրա համար էլ, որպեսզի չմերժեն, հորդորել են դիմել այլ հիմնադրամի: Նաև տեղեկացրեց՝ առաջիկայում իրենց կայքում կլինի նաև հիմնադրամների քարտեզ, որ շահառուներն իմանան ում, ինչի համար դիմել, և հիմնադրամներն է իմանան՝ ով, ինչ է անում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ