Այսօր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ այս քննարկման հիմքում դատավոր Ազարյանի հետ կապված աղմուկ բարձրացրած հարցն է: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջը արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել:
Հանձնաժողովում Գոգյանն ասաց, որ գիտությունն ու քաղաքականությունն իրարից պետք է տարանջատել, նախկինում դրանք ասոցացվել են, դրանից սկսվել են մեղադրանքներ հնչեցնել. «Կոնկրետ անցյալ շաբաթ երկու մեղադրանք եղավ, ինձ մեղադրում էին, որ նախկին համակարգի ներկայացուցչի դեմ հետապնդում եմ սկսում եւ եղավ հրապարակում, թե ինքնահաստատվում եմ՝ ատենախոսությունը մերժելով»: Նա ասաց, որ մանկավարժություն, տնտեսագիտություն հոգեբանություն, ռոմանագերմանական ուղղություններով ատենախոսության գրագողության դեպքեր էլի հայտնաբերել են:
Թե որտեղի՞ց են իմացել Ազարյանի գրագողության մասին՝ Գոգյանն այսպես պատմեց, որ մի գիտնական է եկել ԲՈԿ ու վրդովվել. «Մեկը անցյալ տարվա օգոստոսին եկավ ԲՈԿ եւ ասաց, որ նա գիտի, որ այդ ատենախոսությունն արտագրված է, տեղում նայեց, տեսավ, որ արտագրություններ կան, տեղեկանք ուզեց մեզնից, մենք չտվեցինք, ասեցինք՝ ոչ օֆիցիալ հարաբերություններ են: Դրանից մի քանի օր անց 1in.am-ից հարցում եկավ, խնդրեցինք համեմատել ատենախոսությունները: Մենք պատասխանեցիք, որ համընկնումներ կան»:
Կարդացեք նաև
Գոգյանը նշեց, որ գիտնականների մեջ բոլորը գիտեն ով ով է, բոլորը գիտեն թե ով ում ատենախոսությունն է գրել, ինչ է գրել, ուղղակի այդ ամեն ինչը ապացուցելի չի. «Նույնիսկ ես գիտեմ ատենախոսությունը նախկինում ով է գրել, ինչի դիմաց, ինչի թույլտվության դիմաց, բայց այդ ամեն ինչը երբեք չեմ բարձրաձայնել: Միշտ մամուլի ասուլիսները սկսել են՝ բա ի՞նչ եք անելու Տարոն Մարգարյանի ատենախոսության հետ, եթե ես հարցը քաղաքականացնել ցանկանայի, դրանից ավելի լավ առիթ չկար»:
Գոգյանի խոսքով՝ «Գիտնականը չի կարող լինել անազնիվ, սա պետք է մենք հասկանանք: Հասարակության, գիտության մեջ կան էթիկայի նորմեր, որ պետք է պահպանվեն: Դրանցից մեկը ազնիվ լինելն է: Եթե ազնիվ չես, չես կարող լինել լավ գիտական: Դրանք գրագողերն են, որոնք ուրիշ աշխատանքն են վերցնում: Ես մարդ գիտեմ, որ 15 հոդված արտագրել է ուրիշից, մեկը ՌԴ-ում հոդված էր գրում, ինքը թարգմանում էր հայերեն ու տպագրում»:
Թե տարբեր երկրներում ինչպես են խնդիրը լուծում, Գոգյանն ասաց, որ, օրինակ, ՌԴ-ում մի քանի կամավորներ ստեղծեցին հատուկ համակարգ, որտեղ ցանկացած մարդու ատենախոսությունը գտնում են. «Նրանց հետ մենք բանակցությունների մեջ ենք եղել, իրենք պատրաստ են իրենց կայքը, գործիքները անվճար տրամադրել: ԲՈԿ-ը պետք է երկու տարի այդ համակարգը կայացնի, հետո փոխանցի ՀԿ-ներին, որոնք կկարողանան պետական համակարգից անկախ դա վերահսկել»:
Գոգյանը նաեւ ընդգծեց, որ հասարակարգի բարոյական նորմերն են թելադրում մարդու պահվածքը, ու թե նախկինում գայթակղվել են իշխանավորները, չի բացառվում, որ տարիներ անց ոչ ոք այդ գայթակղությունը չունենա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ