«Աշոտն իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է Երևան` համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների: Ժամանակավոր է և վերադառնալու է»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված ասուլիսին պատասխանելով որդու՝ Աշոտ Փաշինյանի Երևան վերադարձի մասին հարցին, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Հարցին՝ լուրեր կան, որ դա կապված է Արցախում իրավիճակի վատթարացման հետ, Աննա Հակոբյանն արձագանքեց՝ նման բան չկա, ինքը նման որևէ տեղեկություն չունի ու մանրամասնեց. «Աշոտի՝ Երևան գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի: Ինչպես ծառայում է Արցախում, շարունակում է ծառայել: Սա միակ դեպքը չէ: Առաջիկա դեռ մեկ տարի Աշոտը պետք է ծառայի, գուցե նորից լինեն նման բաներ տարբեր զորամասերում: Դա ընդունված է. բոլոր զինվորները մասնակցում են՝ չգիտեմ՝ ինչի հիման վրա, ոնց. դա սովորական երևույթ է: Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր: Որևէ կերպ նրա ծառայությունը որևէ հարցում չի տարբերվում՝ նույնիսկ Երևան վերադառնալու հարցում չի տարբերվում մյուս զինվորներից»:
Հարցին՝ Աշոտը տուն գնացե՞լ է, Աննա Հակոբյանը պատասխանեց. «Աշոտն ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ, և մեկ օր եղել է տանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ