Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Մեր խնդիրն է ցույց տալ, որ մեր երկրում ապրում են տաղանդավոր մարդիկ»

Մայիս 27,2019 13:22

«Ճանապարհին մի քանի բան մտածել էի, թե ելույթը ոնց սկսեմ, բայց դուք ձեր ելույթում կանխորոշեցիք՝ խոսելով խենթ ու իրատեսական գաղափարներից: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճն է՝ խենթության բառիս լավ իմաստով, որը կարող ենք անվանել ռոմանտիզմի եւ իրատեսության միջեւ»,-այսօր «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին այսպես սկսեց իր ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով.«Մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, որտեղ խենթ գաղափարները … խենթ բառը մեր իրականության մեջ նաեւ մի քանի խորհրդանշանական իմաստ ունի, այդ թվում՝ Րաֆֆու հայտնի վեպում, եւ մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, որոնք հավատում են իրենց, հավատում են, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանում: Այս ամենը ընդամենը հայտարարություն չէ, որովհետեւ այն, ինչ մեկ տարի առաջ տեղի է ունեցել Հայաստանում եւ այն, ինչ շարունակվում է տեղի ունենալ, ըստ էության, այս գաղափարի շարունակությունն է»:

Վարչապետն ասաց, որ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա, եւ կապ չունի, թե ինչ մակարդակի անհատական ջանք է դա.«Որովհետեւ այն, ինչ մենք ունենք իրականում, մենք նախ ունենում ենք որպես գաղափարներ»:

Փաշինյանը օրինակ բերեց Տաթեւեր ճոպանուղին, նշելով՝ այն մի կամ մի խումբ մարդկանց գաղափար էր, որը իրագործվեց. «Եվ դժվար է ասել՝ ի սկզբանե որքան մարդ կար, որ հավատում էր դրան եւ որքան մարդ չէր հավատում: Մեր մեծագույն խնդիրն է հնարավորինս շատ մարդկանց ստեղծագործելու, մտածելու, երազելու եւ այդ երազանքը համարձակությամբ օժտելը: Տնտեսական զարգացումը առաջին հերթին հենվում է անհատների վրա: Իհարկե, շատ կարեւոր է խոշոր ներդրումը, խոշոր կորպորացիաների մուտքը Հայաստանի հանրապետություն, բայց ես ուզում եմ ասել, եւ իմ խորին համոզմամբ այդ խոշոր ներդրումները գնում են առաջին հերթին տաղանդավոր մարդկանց հետեւից: Եվ մեր խնդիրն է ցույց տալ, որ մեր երկրում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնեն, այլեւ միջավայր դառնան ստեղծել ուրիշների երազանքների համար, նույնիսկ գլոբալ երազանքների իրականցման համար: Հայաստանի հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, նրանցից շատերը գուցե այդ մասին չգիտեն, եւ մեր խնդիրն է, որ նրանք տեսնեն ու հավատան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031