Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի՝ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվությունների մասին

Մայիս 27,2019 13:04

«Բոլորիս ուզում եմ ուղղակի խորհուրդ տալ. ամուսինս էլ է խոսել այդ մասին՝ ի վերջո ազատվենք համեմատականից և զերծ մնանք նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և հարաբերությունների վրա պրոյեկտելու ցանկությունից կամ սովորությունից»,- հիշեցմանը՝ նախկինում, երբ Արտակ Սարգսյանը կամ Սամվել Ալեքսանյանը նվիրատվություններ էին կատարում երկրի ղեկավարի կնոջ ղեկավարած հիմնադրամին, դա քննադատվում էր նախկինում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ նշելով, որ այդ կերպ նրանք փորձում են հաճոյանալ իշխանություններին, և հարցին՝ հիմա այդ նույն մարդիկ, որ «Իմ քայլը» հիմնադրամին են նվիրատվություն կատարում, դա ինչպե՞ս կմեկնաբանի. արդյոք նրանք հիմա էլ նույն նպատակը չե՞ն հետապնդում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված ասուլիսին այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Նա նշեց, որ նման հարցերի անդրադառնալը ժամանակի և ռեսուրսի անիմաստ վատնում է ու հավելեց. «Ես հիմա գուցե մի հինգ րոպե խոսեմ այդ մասին, Դուք էլ ձեր լրատվամիջոցում հոդված գրեք, բայց դա ռեսուրսի ու ժամանակի վատնում է: Չկա նման բան ու չի կարող լինել: Երկու հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը: Հիմնադրամներին նվիրատվություն անելը նախկինում եղել է մոնոպոլիա. ոչ բոլորն են իրավունք ունեցել երկրի ղեկավարի տիկնոջ հիմնադրամին նվիրատվություն անել: Երբեմն մեր հանդիպումներին մարդիկ միջնորդներով են գուցե ուզում ճշտել՝ կարո՞ղ են, թե՞ դա կրկին ինչ-որ բան է նշանակում: Մենք առաջին իսկ օրվանից ասել ենք՝ չունենք նման բարդույթ, ոչ նախկին, ներկա, ոչ ապագա մարդկանց հետ կապված: Մենք մեր անելիք աշխատանքը, նպատակները ներկայացնում ենք բոլորին և բոլորի նվիրատվության համար շնորհակալ ենք, քանի որ դրանք ծառայելու են մեր նպատակների իրականացմանը: Դա կլինի թոշակառուի 2000 դրամ, քանի որ հազար դրամով անգամ նվիրատվություն ունենք մեր հաշվեհամարներին, թե Ձեր նշած մարդկանց նվիրատվություն, կամ այլ համագործակցություն: Մենք մեր հիմնադրամով նոր մշակույթ ենք ուզում բերել, որ ՀՀ-ում դեռ չի եղել: Քաղաքականացնում են հիմնադրամը… դա մենք չենք, մեզ հետ կապ չունի: Եկեք հետագայում խնայենք ժամանակը և այլ հարցեր քննարկենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031